Մատչելիության հղումներ

Հայաստանն առաջընթաց է արձանագրել Ազգային մրցունակության զեկույցի մի շարք ցուցանիշներով


Համաշխարհային տնտեսական ֆորումի Ազգային մրցունակության զեկույցի համաձայն, նախորդ տարվա համեմատ, այս տարի Հայաստանն առաջընթաց է արձանագրել 6 կետով:

Կառավարության այսօրվա նիստին անցնելուց առաջ, վարչապետ Տիգրան Սարգսյանն անդրադարձավ զեկույցում Հայաստանի արձանագրած ցուցանիշներին` ասելով. - «Ուրախալի է, որ գրեթե բոլոր ցուցանիշներով լուրջ առաջընթաց ունենք։ Առաջընթացը կլիներ շատ ավելի բարձր, եթե չլիներ մեկ գործակից, որը 15 կետով մեզ հետ է մղել. դա բարձր գնաճն է, որ արձանագրվել է 2010 թվականի, եւ այդ ցուցանիշով 15 քայլ նահանջել ենք»։

Տիգրան Սարգսյանը թվարկեց զեկույցում արձանագրված առաջընթացը. - «Մեր ուժեղ կողմերը, որտեղ մենք մրցունակ ենք, պետական քաղաքականության թափանցիկության աստիճանն է. 142 երկրների շարքում թափանցիկության աստիճանով մենք զբաղեցնում ենք 35-րդ տեղը։ Մենք նաեւ ենթակառուցվածքների տեսակետից 48 քայլ առաջ ենք շարժվել հենց տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում։ Առաջին հերթին դա վերաբերում է բջջային հեռախոսների հասանելիությանը, ինտերնետի բնագավառում կատարված փոփոխություններին. ինտերնետի հասանելիությունը Հայաստանում նույնպես էապես բարելավվել է»:

Վարչապետը նաեւ հետեւյալ համոզմունքը հայտնեց. - «2011 թվականի տվյալների հիման վրա ազգային մրցունակության զեկույցը կլինի ավելի լավը, քան սա, որը հիմնականում ներառում է 2010 թվականի եւ 2011 թվականի առաջին եռամսյակի ցուցանիշները։ Մասնավորապես, բարելավումը պայմանավորված է լինելու այն հանգամանքով, որ գնաճը կտրուկ նվազում է 2010 թվականի համեմատ, եւ 2011 թվական մենք արդեն մտել ենք գնաճային նոր փուլ, որն արդեն ոչ թե 10 տոկոսային, այլ 5 տոկոսային շրջանակի մեջ է, այսինքն` շուրջ երկու անգամ գնաճային ճնշումները Հայաստանում նվազել են, եւ դա իր դրական ազդեցությունն է թողնելու։ Երկրորդ կարեւոր հանգամանքն այն բարեփոխումներն են, որ իրականացրել ենք բիզնես միջավայրը բարելավելու ուղղությամբ։ Հինգ ցուցանիշներով մենք այստեղ լուրջ առաջընթաց ենք արձանագրելու 2011 թվականի արդյունքներով»։

«168 ժամ» թերթի տնտեսական մեկնաբան Բաբկեն Թունյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում իր տեսակետը հայտնեց նշված զեկույցի վերաբերյալ. - «Բնական է, որ եթե իշխանության ներկայացուցիչն է այս տվյալների մասին խոսում, պետք է առաջին հերթին դա ներկայացնի որպես ձեռքբերում: Բայց մյուս կողմից, եթե նայում ենք համեմատության մեջ, ապա տարածաշրջանի բոլոր երկրների համեմատ Հայաստանը ավելի պակաս մրցունակ է: Օրինակ, մենք այս տարի գրավում ենք 92-րդ տեղը, Ադրբեջանը 55-րդ տեղում է, Վրաստանը 88-րդ տեղում է, Իրանը եւ Թուրքիան Հայաստանից ավելի լավ ցուցանիշներ ունեն»:

Թունյանի խոսքով, զեկույցում կան «շատ ավելի ահավոր ցուցանիշներ». - «Օրինակ, մրցակցության ուժգնություն կամ մենաշնորհների դեմ պայքար. այդ ցուցանիշներով մենք 142 երկրների շարքում գրավում ենք վերջից 3-րդ, վերջից 4-րդ տեղերը: Եվ դա այն դեպքում, երբ, մանավանդ ճգնաժամից հետո, մեր կառավարությունը ամեն առիթով խոսում է, որ պետք է այդ երեւույթների դեմ պայքարել: Բացի դրանից, հայաստանցի բիզնեսմենների համար ամենամեծ խնդիրը շարունակելու է մնալ կոռուպցիան, բյուրոկրատիան, հարկային վարչարարությունը` այն խնդիրները, որ միշտ եղել են: Այսինքն, ըստ էության, մեծ առաջընթաց չի կարելի ասել, որ կա»:

Իննովացիոն տեխնոլոգիաները Հայաստանի տնտեսական քաղաքականության առաջնահերթություններից են, սակայն այս ոլորտում եւս զեկույցում հետընթաց է արձանագրվել:

«Եթե պետությունը, առաջնահերթություն հայտարարելով հանդերձ, այսպիսի ցուցանիշներ ունի ու շատ զիջում է անգամ Ադրբեջանին ու Վրաստանին, նշանակում է, որ ինչ-որ բան այնպես չէ», - ասաց տնտեսական մեկնաբանը` վերջում հավելելով, որ նման զեկույցները նշանակությունը պետք չէ գերագնահատել կամ թերագնահատել:

«Կառավարությունը ոչ թե ձգտում է վիճակը շտկել, այլ ձգտում է զեկույցներում առաջ գնալ», - եզրափակեց Բաբկեն Թունյանը:
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG