Մատչելիության հղումներ

Յակ-42-ի վթարից երկու ուղեւոր կենդանի է մնացել


Վթարի ենթարկված Յակ-42 ինքնաթիռը, 07 սեպտեմբեր, 2011
Վթարի ենթարկված Յակ-42 ինքնաթիռը, 07 սեպտեմբեր, 2011
Ռուսաստանի Յարոսլավլ քաղաքում վթարի ենթարկված Յակ-42 ինքնաթիռի կենդանի մնացած երկու ուղեւորները հինգշաբթի օրը տեղափոխվել են Մոսկվա։ Նրանց վիճակը բժիշկները ծայրահեղ ծանր են գնահատում։

Դեպի Մինսկ ուղեւորվող Յակ-42 չարթերային թռիչք իրականացնող ինքնաթիռը տեղափոխում էր տեղական հոկեյի թիմին։ Յարոսլավլի «Լոկոմոտիվ»-ն ուղեւորվում էր Բելառուսի մայրաքաղաք` հոկեյի մայրցամաքային լիգայի 2011-2012 թվականների մրցաշրջանի առաջին փուլում Մինսկի «Դինամո»-ի հետ հանդիպելու նպատակով։ Ինքնաթիռը, սակայն, չի կարողացել բարձրություն հավաքել, բախվել է թռիչքուղուց այն կողմ գտնվող կապի ալեհավաքին, ընկել է ու սկսել վառվել։

«Լոկոմոտիվ»-ի մամուլի խոսնակ Վլադիմիր Մալկովը ռուսական «Վեստի» հեռուստատեսության եթերում ասել է, որ ինքնաթիռում հավաքականի ողջ կազմն է եղել` 37 հոգի։ Նրանցից 36-ը զոհվել են: Թիմի մարզիչը կանադացի Բրադ ՄըքՔրիմոնն էր, «Լոկոմոտիվ»-ում ընդգրկված էին նաեւ մի շարք արտասահմանցի խաղացողներ` ուկրաինացիներ, բելառուսներ ու չեխեր։ «Ինտերֆաքս»-ի հաղորդմամբ` ինքնաթիռում 11 արտասահմանցի է եղել։

Ռուսաստանի հոկեյի ֆեդերացիայի ղեկավար Վլադիսլավ Տրետյակը լրագրողներին փոխանցել է - «Ռուսական հոկեյի աշխարհում կորուստը մեծ էր, քանի որ շատ լավ հոկեյիստներ էին ընդգրկված թիմում»։

Այսօր Յարոսլավլից Մինսկ ավտոբուսներով պետք է ուղեւորվեին նաեւ թիմի երկրպագուները: Երեկ նրանք հավաքվել են սգալու սիրելի խաղացողների մահը։

«Լոկոմոտիվ»-ը Ռուսաստանի առաջատար հոկեյի ակումբներից է, հիմնադրվել է 1959 թվականին։ Թիմը 1997-ին, 2002-ին եւ 2003-ին դարձել է Ռուսաստանի չեմպիոն։

Դեռեւս չեն հայտնաբերվել ինքնաթռի երկու սեւ արկղերը, որոնք կարող են փորձագետներին օգնել ինքնաթիռի կործանման պատճառների մասին ավելի շատ տեղեկություններ ստանալ:

Այս տարի նախորդի համեմատությամբ 2 անգամ ավելի շատ ավիավթար է տեղի ունեցել Ռուսաստանում։ Ռուսաստանի իշխանություններն այս ավիավթարից հետո սկսել են հայտարարություններ անել, որոնցով սպառնում են ռուսական ավիափոխադրողների համար խստացնել աշխատանքային պայմանները։ Նախագահ Մեդվեդեւը նաեւ պահանջել է կարճ ժամանակահատվածում կրճատել գործող ավիաընկերությունների թիվը եւ թարմացնել երկրի ավիապարկը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG