Մատչելիության հղումներ

Բնակիչները ընդդիմանում են իրենց շենքերի բակում կատարվող շինարարությանը


Նորակառույցի շինարարությանը ընդդիմացող Երեւանի կենտրոնի բնակիչների հանդիպումը քաղաքապետարանի պաշտոնյայի հետ, 08 սեպտեմբեր, 2011

Նորակառույցի շինարարությանը ընդդիմացող Երեւանի կենտրոնի բնակիչների հանդիպումը քաղաքապետարանի պաշտոնյայի հետ, 08 սեպտեմբեր, 2011

Երեւանի Թումանյան, Նալբանդյան, Ավագ Պետրոսյան փողոցներով եւ Սայաթ-Նովայի պողոտայով պարփակված տարածքի շենքերի բնակիչները դեմ են իրենց բակում կատարվող շինարարությանը:

Հինգշաբթի օրը Երեւանի քաղաքապետարանի աշխատակցի հետ հանդիպման ժամանակ նրանք կրկին հայտարարեցին, որ դեմ են 4 շենքերի բակում նախատեսվող 7 հարկանի 4 շենքերի կառուցմանը:

Բնակիչները ցույց են տալիս այն տարածքը, որտեղ կառուցապատողը քանդել է ժամանակին այդ տարածքում գործող մանկապարտեզի շենքն ու փոս փորել: Տարածքի կառուցապատող «Ավագ Շին» ՍՊԸ-ն այժմ դադարեցրել է շինարարությունը եւ, բնակիչների խոսքերով, սպասում է բողոքների մարմանը:

«Երբ քաղաքապետարանից Երեւանի գլխավոր ճարտարապետը մեզ հրավիրել էր, հրավիրել էր նաեւ Մոսկվայից ոմն գործարարի, որը ներկայացավ որպես Գեւորգ Մարդանյան: Նա ասաց, որ այս տարածքը ինքն է սեփականաշնորհել, իրեն է պատկանում,եւ ինքը պատրասվում է այստեղ բազմահարկ շինություն կառուցել: Նա նույնիսկ մեզ ասաց` տարածքը իմն է, ինչ ուզենամ` կանեմ», - ասաց այդ տարածքի բնակչուհիներից մեկը:

Երեւանի քաղաքապետարանի Ճարտարապետության եւ քաղաքաշինության վարչության բաժիններից մեկի պետ Աշոտ Հակոբյանը բնակիչներին բացատրում էր, թե տարածքը որոշել են կառուցապատել` այն ճանաչելով իրացման գոտի այն պատճառով, որ շենքերի բակում անօրինական տներ ու ավտոտնակներ կան:

«Չեք գտնու՞մ, որ սա կարող է դառնալ քաղաքաշինական ծրագրի հիմք: Ասեք` այո կամ ոչ», - հարցրեց Հակոբյանը, ում հարցին բոլորը ոչ պատասխանեցին:

Բնակիչների այն հարցին, թե իրացման գոտի ճանաչելու փոխարեն ինչո՞ւ քաղաքապետարանը չի քանդում անօրինական կառույցները եւ դրանց փոխարեն հանգստի գոտի կառուցում, Հակոբյանը հարցին հարցով պատասխանեց. - «Ո՞վ է քանդելու»:

Ըստ պաշտոնյայի` տարածքի ազատման միակ հնարավորությունը այդտեղ էլիտար շինություն կառուցելն է: Հակոբյանն ասաց, թե այս կերպ կբարեկարգվի բակը: Նրա տվյալներով` կառուցապատողն ունի բոլոր թույլտվություններն ու մոտակա շրջանում կսկսի շինարարությունը:

«Ազատություն» ռադիոկայանի այն հարցին, թե արդյո՞ք Երեւանի քաղաքապետարանը մրցութային կարգով է տարածքը տրամադրել ռուսաստանաբնակ Գեւորգ Մարդանյանին, Հակոբյանն ասաց, թե դա պարտադիր չէր: Հակոբյանը չգիտեր նաեւ, թե բնակիչների մասնակցությամբ հասարական լսումներ անցկացվել են, թե ոչ: Բնակիչներն ասացին, որ իրենք լսումների չեն մասնակցել:

Տարածքը կառավարության կողմից իրացման գոտի է ճանաչվել 2010 թվականին: Քաղաքապետարանն այն կառուցապատողին է տրամադրել մեկ տարի առաջ` Երեւանի նախկին իշխանությունների օրոք:

«Մինչեւ [Երեւանի գլխավոր ճարտարապետ] Նարեկ Սարգսյանն է եղել այդ որոշումը, ինչո՞ւ եք այսօր այդ հարցերը բարձրացնում», - բնակիչներին ասաց Հակոբյանը:

Երեւանի քաղաքապետարանի պաշտոնյայի հետ հանդիպումն արդյունք չտվեց: Բնակիչները հայտարարեցին, թե պայքարելու են մինչեւ վերջ:

Ուղիղ հեռարձակում

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG