Մատչելիության հղումներ

Բարձրագույն կրթության ֆինանսավորման ուղղությամբ ինչ խնդիրներ կան Հայաստանում, ինչպես են բուհերն այդ խնդիրները լուծում եւ ինչպիսին է այդ ուղղությամբ միջազգային փորձը:

Բարձրագույն կրթության ֆինանսավորման մեխանիզմների, կրթության որակի, հավասարության, արդյունավետության եւ մի շարք այլ հարցերի շուրջ տեսակետների ու կարծիքների փոխանակման նպատակով Երեւանում կազմակերպված երկօրյա միջազգային խորհրդաժողովին հրավիրված են Հայաստանի բոլոր եւ արտասահմանյան մի շարք բուհերի ներկայացուցիչներն ու ոլորտի մասնագետներ:

Հայաստանում 90-ականների սկզբին պետությունը դադարեց լինել կրթության ոլորտի միակ հովանավորը: Ֆինանսավորման խոշոր եւ գրեթե հիմնական աղբյուրը դարձան ուսանողներից գանձված վարձավճարները: Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը չհերքեց, որ այսօր Հայաստանում որակյալ կրթություն ստանալը բավականին թանկ հաճույք է դարձել:

«Բարձրագույն կրթությունը դարձել է ոչ միայն մասսայական, այլեւ բավականին թանկ: Որակյալ կրթությունը ե'ւ հասարակական բարիք է, ե'ւ կրթական ծառայություն, ե'ւ բիզնես», - ասաց Աշոտյանը:

Երկօրյա հանձնաժողովը կազմակերպվել է Հայաստանում, որովհետեւ Հայաստանն ու Լեհաստանն այս տարվա հուլիսի 1-ից հանդիսանում են Բոլոնիայի գործընթացի համանախագահող երկրները:

Երկօրյա համաժողովի ընթացքում մասնակիցներին կներկայացվեն Բոլոնիայի գործընթացի շրջանակում Հայաստանի բարձրագույն կրթության ոլորտի զարգացումներն ու ռազմավարական ծրագրերը: Նախարար Աշոտյանի խոսքով` բարձրագույն կրթության ֆինանսավորմանը որոշ առումներով պետք է մասնակցի նաեւ մասնավոր հատվածը: Այսօր բարձրագույն կրթության ֆինանսավորման շուրջ 30 տոկոսն ապահովում է պետական բյուջեն, 70 տոկոսը` ուսանողական վարձավճարները:

ԵՊԲՀ-ի նորընտիր ռեկտոր Դերենիկ Դումանյանը «Մաքս լիբերթի»-ի հետ զրույցում ասաց, որ իրենց պարագայում Առողջապահության նախարարությունն է շուկան ուսումնասիրում եւ մասնագետների պատվեր իջեցնում, որպեսզի մասնագետների թվի լճացում չլինի եւ յուրաքանչյուր քայլափոխին ատամնաբուժարաններ ու դեղատներ չկառուցվեն:

Խորհրդաժողովի բացմանը ներկա վարչապետ Տիգրան Սարգսյանն անդրադառնալով բարձրագույն կրթության խնդիրներին` ասաց, որ Հայաստանում հիմնական խնդիրը ոչ թե կրթության մատչելիության, այլ բարձրորակ կրթության ապահովումն է:

«Մենք պարտավոր ենք կրթության ոլորտում ապահովել արդար մրցակցությունը եւ դա նշանակում է, որ մենք չպետք է խտրական մոտեցում դրսեւորենք պետական եւ մասնավոր բուհերի միջեւ» - ասաց վարչապետը:

Եվրահանձնաժողովի կրթության եւ մշակույթի գլխավոր վարչության պետ Ադամ Թայսոնի խոսքով, այսօրվա փորձի փոխանակումից բացի, հանձնաժողովի նպատակներից է նաեւ երիտասարդներին առավելագույն հնարավորություններն ընձեռել Եվրոպական միության 47 պետություններում սովորելու համար: Թայսոնը խոսեց նաեւ Եվրոպայի առջեւ ծառացած կրթական խնդիրներից գլխավորի մասին. - «Եվրոպան դեռեւս շրջանավարտների ցուցանիշի առումով ետ է մնում հիմնական մրցակիցներից` ԱՄՆ-ից, Կորեայից, Ճապոնիայից եւ Ավստրալիայից, այս երկրներում բուհական շրջանավարտների թիվը շատ բարձր է: Մենք Եվրոպայում դեռեւս բավականաչափ շրջանավարտներ չենք տալիս, որպեսզի բավարարենք տնտեսության եւ հասարակության պահանջը, եւ չենք կարողանում մատակարարել անհրաժեշտ թվով հմուտ եւ նորարար մասնագետների»:

Երկօրյա խորհրդաժողովը կավարտվի վաղը:
XS
SM
MD
LG