Մատչելիության հղումներ

Ազգային ժողովի Պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Հրայր Կարապետյանի (ՀՅԴ) համոզմամբ, այսօր Հայաստանի զինված ուժերում գործում են ոչ թե օրենքները, այլ «թաղային, գաղութային մոտեցումները»:

«Ես կարծում եմ, որ օրենքներին պետք է նաեւ տեղյակ լինեն բանակում սպաները եւ զինվորները, եւ այդ օրենքները պետք է իրականացվեն, ինչպես բոլոր ոլորտներում: Օրենքները ընդունում ենք, դրանք մնում են թղթի վրա եւ չեն իրականացվում», - լրագրողների հետ հանդիպմանը հինգշաբթի օրը հայտարարեց Կարապետյանը:

Հիշեցնենք, որ հայաստանյան իրավապաշտպանների ներկայացմամբ, այս տարի Զինված ուժերում խաղաղ պայմաններում զոհվել է արդեն 23 զինծառայող:

Զինդատախազությունից խոստացան «Ազատություն» ռադիոկայանի հարցմանը, թե այս տարի մահվան ելքով քանի միջադեպ է գրանցվել Զինված ուժերում, պատասխանել ավելի ուշ:

Նման միջադեպերի թվի հետ կապված Հրայր Կարապետյանն այսօր ասաց, թե կարծում է, որ մինչեւ տարեվերջ Պաշտպանության նախարարությունն այն, ի վերջո, կհրապարակի:

Անդրադառնալով Հայաստանի զինված ուժերում ստեղծված այսօրվա իրավիճակին, երբ ցավալիորեն շարունակվում են մահերն ու սպանությունները` Դաշնակցության ղեկավար անդամը նշեց. - «Այնուամենայնիվ բարեփոխումները դանդաղ են ընթանում, այնուամենայնիվ պիտի գնալ արմատական քայլերի»:

Նա ընդգծեց, որ հարեւան երկրների համեմատությամբ, մեր բանակը շատ ավելի մարտունակ է, ինչը, սակայն, մեզ չպիտի բավարարի. - «Սպայական մեթոդական ինչ-որ ուղեցույցներ են տպագրվում, կրթական ինչ-որ բրոշյուրներ: Բայց այդ ամեն ինչը քիչ է, այդ ամեն ինչը պետք է հասցնել մարդկանց, պետք է լուրջ կրթական, դաստիարակչական պրոցես ընթանա»:

Հայաստանի զինված ուժերում ստեղծված իրավիճակի պատճառներից մեկն էլ, Կարապետյանի խոսքով, խորհրդային բանակից մնացած բացասական երեւույթներն են. - «Օրինակ, ես ասեմ, որ ամենաշատ հանցագործությունները լինում են Ռուսաստանի բանակում, որտեղ ամենաշատն է խորհրդային բանակի կնիքը: Մեզ մոտ էլ կա, ինչպես բոլոր հետխորհրդային տարածքի երկրներում»:

Հրայր Կարապետյանը նաեւ նշեց, թե լինում են դեպքեր, երբ բանակում տեղ գտնող միջադեպերի վերաբերյալ լրատվամիջոցները հանդես են գալիս հրապարակումներով, որոնք մնում են անարձագանք:

«Ցավոք սրտի, այդ լուրերը երբեմն սոցիալական ցանցերն են վերցնում, եւ դրանից հետո նոր պաշտոնյաները սկսում են ուշադրություն դարձնել: Ես նկատել եմ, եւ սա շատ վատ է: Յուրաքանչյուր պաշտոնյա պարտավոր է լրագրողի հրապարակմանը առաջին հերթին ինքը արձագանքի», - ասաց Կարապետյանը:

«Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե, իր կարծիքով, ինչու չեն պատասխանում, պատգամավորը արձագանքեց. - «Հավանաբար հոգեբանական պահեր կան այստեղ: Կամ չեն արձագանքում, որովհետեւ չեն կարող, այնուամենայնիվ, պատասխանե՞լ սպառիչ: Կամ էլ չեն վստահում լրատվությանը»:

«Ազատություն» ռադիոկայանի խնդրանքով Հրայր Կարապետյանի հայտարարություններին անդրադարձավ Պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Դավիթ Կարապետյանը. - «Ազգային ժողովի Պաշտպանության, ներքին գործերի եւ ազգային անվտանգության մշտական հանձնաժողովի նախագահ Հրայր Կարապետյանի նախաձեռնությամբ երեկ Ազգային ժողովում տեղի է ունեցել քաղաքացիական հասարակության կառույցների ներկայացուցիչների եւ Պաշտպանության նախարարության տարբեր ստորաբաժանումների ղեկավարների հանդիպում, որի ընթացքում քննարկվել են բանակին առնչվող տարաբնույթ հարցեր: Այդ քննարկման ժամանակ տարբեր հարցերի շուրջ իր մոտեցումներն է արտահայտել նաեւ Հրայր Կարապետյանը, ու այն ձեւակերպումները, որոնք այսօր հայտնվել են հայկական մամուլում, այդպիսի ձեւակերպումներով որեւէ հայտարարություն չի հնչել Հրայր Կարապետյանի կողմից: Եվ այդպիսի ձեւակերպումները մեզ համար անակնկալ են: Իսկ ինչ վերաբերում է այն հայտարարությանը, թե բանակում գաղութային կարգեր են տիրում, դա Հրայր Կարապետյանի անձնական կարծիքն է»:

Ուղիղ հեռարձակում

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG