Մատչելիության հղումներ

Wikileaks. Ռուսաստանցի դիվանագետները` 2008-ի հայաստանյան ընտրությունների մասին


Ռուսաստանի արտգործնախարարության շենքը Մոսկվայում
Ռուսաստանի արտգործնախարարության շենքը Մոսկվայում
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության բարձրաստիճան ներկայացուցիչները 2008 թվականի գարնանը համոզված էին, որ Հայաստանում դրանից մի քանի շաբաթ առաջ տեղի ունեցած նախագահական ընտրությունները անցել են առանց լուրջ խախտումների: Այս մասին 2008-ի մարտին Վաշինգտոն ուղարկված հաղորդագրությունում գրել են Մոսկվայում Միացյալ Նահանգների դեսպանատան աշխատակիցները:

Ամերիկացի դիվանագետները նշել են, որ մարտի 1-ի իրադարձություններին հաջորդած օրերին մի շարք հանդիպումներ են կազմակերպել Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչների հետ` Հայաստանում ստեղծված իրադրությունը քննարկելու համար:

«Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության ԱՊՀ-ի չորրորդ դեպարտամենտի ղեկավար Իգոր Գրոմիկոն մեզ փոխանցեց, թե Ռուսաստանի կառավարությունը շարունակում է մնալ այն համոզմանը, որ փետրվարի 19-ի հայաստանյան ընտրություններն անցել են առանց լուրջ խնդիրների: Գրոմիկոն, վերահաստատելով Ռուսաստանի աջակցությունը Սարգսյանի հաղթանակին, միաժամանակ նշեց, որ Մոսկվան չի պատրաստվում միջամտել Հաաստանում ծավալվող իրադարձություններին` գերադասելով պարզապես ուշադրությամբ հետեւել դրանց», - ասված է Wikileaks-ի կողմից գաղտնազերծված հաղորդագրությունում:

Ռուսաստանի արտգործնախարարության Հայաստանի բաժնի ղեկավար Սերգեյ Վինոգրադովն էլ ամերիկացի դիվանագետներին փոխանցել է, թե «Տեր-Պետրոսյանի կազմակերպած բողոքի ակցիաները հիմնազուրկ էին»: «Փետրվարի 19-ի ընտրություններին հետեւել է ռուսաստանցի 160 դիտորդ, որոնցից 23-ը մաս են կազմել ԵԱՀԿ-ի առաքելությանը` գոհունակություն հայտնելով ընտրությունների ընթացքից», - նշել է ռուս դիվանագետը` հավելելով, թե ինքը եւս դիտորդների թվում էր եւ այցելելով 16 տեղամասեր` որեւէ լայնածավալ կեղծիքի ականատես չի դարձել:

Վինոգրադովը նաեւ տեղեկացրել է ամերիկացի դիվանագետներին, որ ընտրություններից երեք օր առաջ Լեւոն Տեր-Պետրոսյանը այցելել է Մոսկվա, սակայն այդ այցը կրել է անձնական բնույթ, եւ «արտգործնախարարությունն ու Մոսկվայում Հայաստանի դեսպանությունը որեւէ կապ չեն ունեցել նախկին նախագահի մոսկովյան հանդիպումների հետ»:

Խոսելով հետընտրական զարգացումների մասին` Վինոգրադովը, ըստ Մոսկվայում հավատարմագրված ամերիկացի դիվանագետների, նշել է. - «Քոչարյանի ռուսամետ քաղաքականությունը, որն ուղեկցվում էր Պուտինի հետ հաճախակի խորհրդակցություններով, կշարունակվի նաեւ Սարգսյանի օրոք»:

Wikileaks-ի կողմից գաղտնազերծված փաստաթղթից, սակայն, պարզ է դառնում, որ ԱՊՀ-ի խնդիրներով զբաղվող ռուսաստանցի փորձագետների կարծիքները Մոսկվայի դիվանագիտական շրջանակներում առկա այս մոտեցումներից տարբերվում էին:

Փաստաթղթում մեջբերված են ռուսաստանցի հայտնի վերլուծաբան Ֆյոդոր Լուկյանովի խոսքերը. - «Ռուսաստանը Սարգսյանին Քոչարյանի հաջորդի դերում ընդունել է այլ ընտրություն չունենալու պատճառով: Ի տարբերություն Քոչարյանի` առավել հավանական է, որ Սարգսյանը փորձի պահել աշխարհքաղաքական հավասարակշռությունը` պակաս ռուսամետ մոտեցումներ ցուցաբերելով»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG