Մատչելիության հղումներ

Լոռու մարզում ՀԱԿ-ի անդամների եւ համակիրների հետ հանդիպմանը Շահնազարյանը հայտարարեց, որ ընդդիմություն - իշխանություն երկխոսության առկախումից հետո Կոնգրեսը գնում է արտահերթ ընտրությունների:

«Այլ ուղի գոյություն չունի, որով հնարավոր է Հայաստանը դուրս բերել այս ծանրագույն իրավիճակից եւ կանգնեցնել օրեցօր ավելի խորացող քաղաքական, տնտեսական, սոցիալական խորացող ճգնաժամը», - փաստարկեց նա:

Շահնազարյանի խոսքով, այսօր «երկրում դեռ կա քաղբանտարկյալ` Տիգրան Առաքելյանը, քանի որ նրան ձերբակալել են միայն Կոնգրեսի անդամ լինելու համար»:

«Իսկապես մենք շատ էինք ուզում, որպեսզի այդ երկխոսությունը շարունակվեր: Կարեւորագույն պատճառը, որ մեզ պետք էր եւ մինչեւ հիմա էլ շատ պետք է` այնուամենայնիվ, իշխանություններից ստանալ պաշտոնական պատասխան մինչեւ սեպտեմբերին նշած մեր ժամկետը լրանալը. պատրա՞ստ են արդյոք նրանք գնալու արտահերթ նախագահական եւ խորհրդարանական ընտրությունների, թե՞ ոչ: Ցավոք սրտի, պաշտոնական պատասխան մենք չունենք, որովհետեւ մենք առկախեցինք երկխոսությունը», - նշեց Կոնգրեսի ղեկավար անդամը:

Սեպտեմբերի 9-ին Ազատության հրապարակվում անցկացվելիք հանրահավաքին կհետեւեն այլ հանրահավաքներ եւս:

«Լայն զանգվածները արդեն հստակ հասկանում են, որ օր ավելի այս իշխանությանը հանդուրժելը մեծագույն վտանգ է մեր հանրապետության եւ մեր պետականության համար», - հայտարարեց Շահնազարյանը:

Անդրադառնալով Զինված ուժերում օրեցօր ավելացող մահվան դեպքերին` նա ասաց, թե բանակում տիրող իրավիճակը արտագաղթի հիմնական պատճառներից է. - «Բանակը արտացոլում է, արտահայտում է այն, ինչ կա իշխանության ներսում: Չեն աշխատում ո'չ օրենքները, ո'չ մնացած բոլոր իրավական ակտերը, որոնք գործում են աշխարհում: Բանակը աշխատում է քրեական կանոններով, այսօր սա է իրականությունը: Այսօր կան սպաներ ու հրամանատարներ, որոնք շատ ավելի վատ են վերաբերվում, քան կվերաբերվեր հակառակորդը զինվորներին եւ իրենց ենթականերին»:

«Ազատություն» ռադիոկայանի դիտարկմանը, թե նախորդ ընտրություններին ՀԱԿ-ը հիմնական ձայները հավաքել էր մայրաքաղաքում, իսկ մարզերում իշխանական կուսակցությունների առավելությունը մեծ էր, եւ հարցին, թե արդյոք դա նշանակում է, որ ՀԱԿ-ը մարզերում ավելի թույլ է, Շահնազարյանը արձագանքեց. - «Իշխանության այդ կեղծիքի մեխանիզմը մարզերում ավելի արդյունավետ է աշխատում, քան մայրաքաղաքում… Արտահերթ ընտրություններում, որոնք անխուսափելի են, վստահ եմ, որ այդպես չի լինելու»:

Նա հավելեց, որ եթե իշխանությունը չգնա արտահերթ ընտրությունների, Կոնգրեսը պահանջելու է նախագահ Սերժ Սարգսյանի հրաժարականը:

Ուղիղ հեռարձակում

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG