Մատչելիության հղումներ

Հայաստանի հավաքականի հաղթանակը գնահատվում է որպես «շոկային»


Հայաստանի հավաքականը Սլովակիայի հետ խաղը սկսելուց առաջ, 06 սեպտեմբերի, 2011
Հայաստանի հավաքականը Սլովակիայի հետ խաղը սկսելուց առաջ, 06 սեպտեմբերի, 2011
«Հաղթանակի խոշոր հաշիվը անակնկալ էր, բայց հաղթանակը` ոչ», - չորեքշաբթի «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում անկեղծացավ Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը։

Մարզիչն ասում է, թե մինչեւ երեկվա խաղը, երբ Հայաստանը 4:0 խոշոր հաշվով հաղթեց Սլովակիայի հավաքականին, Հայաստանի հավաքականը արդեն մեկ անգամ ապացուցել էր, որ կարող է հաղթել սլովակներին։

«Մենք իրենց Երեւանում արդեն հաղթել էինք ու խաղով էինք հաղթել», - ասաց Մինասյանը:

«Հայաստանի շոկային հաղթանակը Ժիլինայում», «Արդյունավետ խաղ ու սենսացիոն հաղթանակ» ... Հայաստանի ֆուտբոլային ընտրանու խաղին նմանատիպ վերնագրերով են անդրադարձել միջազգային լրատվամիջոցները։ Ռուսական լրատվամիջոցները անգամ համեմատել են իրենց եւ Հայաստանի ընտրանիների երեկվա խաղը:

«Այն, ինչ Լուժնիկիում չհաջողվեց անել Դիկ Ադվոկատի թիմին, Սլովակիայում կարողացան իրականացնել Հայաստանի հավաքականի խաղացողները` գրանցելով թերեւս գլխավոր սենսացիան մեր ընտրական խմբում։ Սլովակների խաղը փլվեց բոլորի աչքերի առջեւ», - հայտարարել է ռուս սպորտային մեկնաբանը:

«Երբեմն վիճակագրությունը ֆուտբոլում նույնքան կործանիչ կարող է լինել, որքան արդյունքը», - նկատել են միջազգային լրատվամիջոցները` այդպիսով արձանագրելով, որ Եվրո-2012-ի եզրափակիչ փուլում հանդես գալու համար պայքարող Բ ընտրական խմբում մինչեւ հայերի հետ երեկվա հանդիպումը առաջատարներից մեկը համարվող սլովակները այժմ Հայաստանի թիմի հետ հավասար միավորներով կիսում են 3-րդ եւ 4-րդ տեղերը։

Սլովակիային չհաջողվեց խմբում գրավել առաջին տեղը: Հավաքած 17 միավորներով այժմ առաջատարը Ռուսաստանի հավաքականն է։ Իռլանդիայի հավաքականը 15 միավոր է վաստակել՝ դառնալով երկրորդը, Հայաստանն ու Սլովակիան, երրորդ եւ չորրորդ տեղերում են, վեցնյակը եզրափակում են Մակեդոնիայի եւ Անդորրայի հավաքականները։

Սպորտային մեկնաբանները նկատել են` Հայաստանի թիմի հաղթանակը վերջնականապես խառնեց հավաքականների դիրքը այս ընտրական խմբում. հանդիպման երկրորդ խաղակեսում Հայաստանի հավաքականի կրակոտ խաղը սլովակների դարպասապահ Յան Մուխայի համար իրական դժոխքի վերածվեց։ Այն բանից հետո, երբ Յուրա Մովսիսյանը 57-րդ րոպեին բացեց խաղի հաշիվը, դաշտի տերերի պաշտպանությունը սկսեց ճաքեր տալ եւ հայերը չհապաղեցին օգտվել այդ առիթից եւս 3 անգամ` գրանցելով անսպասելի 4:0 հաշիվը։

Լրատվամիջոցների հաղորդմամբ` Սլովակիայի հավաքականի մարզիչ Վլադիմիր Վայսը ստանձնել է իր թիմի անհաջողության պատասխանատվությունը: Նա ասել է, թե իրեն փաստորեն չի հաջողվել Իռլանդիայի հետ խաղից հետո թիմին համապատասխան մարզավիճակի բերել։

«Իմ սաները վատ չխաղացին, բայց ֆուտբոլում, ինչպես հայտնի է, հաղթում է այն թիմը, ում հաջողվում է գոլեր խփել։ Շնորհավորում ենք նրանց», - ասել է Վայսը:

Խաղի ավարտին Սլովակիայի հավաքականի պաշտպան Յան Դյուրիցան հայտարարել է, թե հայերը խաղացին իրենց ուժերի գերլարումով, եւ երեկ [Հայաստանի հավաքականի դարպասապահ] Բերեզովսկու օրն էր:

Սլովակիայի ազգային հավաքականի մեկ այլ պաշտպան` Մարեկ Չեխը Հայաստանի հավաքականից կրած պարտությունն այսպես է պատճառաբանել. - «Պատասխանատվության բեռը, որ հարկավոր է հաղթել այդ խաղը, մեզ վրա ավելի ծանր էր ընկած, քան հայերի»։

Սլովակիայի հավաքականի եւ «Լիվերպուլ» ակումբի առանցքային խաղացող Մարտին Շկրտելն էլ ասել է. - «Դժբախտաբար սա ֆուտբոլ է, հանդիպումներն այսպես էլ են ավարտվում։ Մենք հարված ստացանք, ծանր հարված էր»:

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Լեւոն Հայրապետյանը հայտարարել է, թե խաղի առաջին իսկ րոպեներից իրենք հավատում էին, որ Հայաստանը կարող է հաղթել, բայց որ կհաղթեին 4:0 հաշվով, չէին էլ կարող մտածել:

Հայաստանին առաջիկայում սպասում է Իռլանդիայի եւ Մակեդոնիայի ընտրանիների հետ հանդիպումներ։ Հաջողության հասնելու դեպքում Հայաստանը դեռ կարող է մրցել մայրցամաքի գլխավոր ֆուտբոլային մրցաշարում հայտնվելու համար։ Հավաքականի մարզիչ Վարդան Մինասյանը, սակայն, հրաժարվում է կանխատեսումներ անել:

«Ես միշտ մտածում եմ միայն հաջորդ խաղի մասին, ես հիմա ընդհանրապես Իռլանդիայի հետ խաղի մասին չեմ էլ մտածում, ինձ համար կարեւորն այն է, որ մենք լավագույնս ներկայանանք Մակեդոնիայի հետ խաղին, այսինքն տղաները լինեն ֆունկցիոնալ լավ վիճակում, վնասվածքներ չունենան», - ասում է Մինասյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG