Մատչելիության հղումներ

Ադրբեջանահայ փախստականների երեխաները չեն ուզում Հայաստանի քաղաքացիություն ստանալ


Բաքվեցի համերկրացիների «Միասնություն» հասարակական կազմակերպության նախագահ Ռոբերտ Խաչատուրյան
Բաքվեցի համերկրացիների «Միասնություն» հասարակական կազմակերպության նախագահ Ռոբերտ Խաչատուրյան
Ադրբեջանից Հայաստան բռնագաղթածներից շատերը հայտարարում են, թե Հայաստանի իշխանությունները հրաժարվում են իրենց երեխաներին փախստականի անձնագրեր հատկացնել, որպեսզի ստիպեն նրանց ծառայել հայկական բանակում:

«Ազատություն» ռադիոկայանին ահազանգած բաքվեցի համերկրացիների «Միասնություն» հասարակական կազմակերպության նախագահ Ռոբերտ Խաչատուրյանն ասում է, թե անցած 20 տարիների ընթացքում Հայաստանի կառավարությունն իրենց համար գրեթե ոչինչ չի արել: Հիմա էլ` հրաժարվելով իրենց երեխաներին հատկացնել փախստականի կարգավիճակ, փորձում է նրանց Հայաստանի քաղաքացի դարձնելով լուծելով իր խնդիրները` միաժամանակ իրենից հեռացնելով փախստականների խնդիրների լուծումը:

Խաչատուրյանը պնդում է, թե փախստականներից շատերը դեռեւս անտուն են, աղքատ եւ շարունակում են արտագաղթել Հայաստանից, որովհետեւ իրենց ապագան Հայաստանի հետ չեն կապում:

«Փախստականի անձնագրով մենք կարող ենք գոնե ասել` գիտեք ինչ, մենք այստեղ մեռնում ենք, այս կարգավիճակով վերջ ի վերջո կարող ենք ինչ-որ տեղ հեռանալ», - ասում է զայրացած Խաչատուրյանը:

Խաչատուրյանը, ինչպես նաեւ նրա երկու որդիները Հայաստանի քաղաքացի չեն դարձել: Մեծ որդին 19 տարեկան է, բայց հրաժարվում է դառնալ Հայաստանի քաղաքացի եւ պահանջում է իրեն փախստականի կարգավիճակ տալ, որպեսզի այդ կարգավիճակով ավելի դյուրին լինի այլ երկիր տեղափոխվել: Նրանք ասում են` ոչ թե հրաժարվում են ծառայել հայկական բանակում կամ դեմ են դառնալ Հայաստանի քաղաքացի, այլ որոշակի մտավախություններ ունեն, որ Հայաստանի քաղաքացի դառնալով` կմոռացվեն ինչպես տեղի իշխանությունների, այնպես էլ միջազգային հանրության կողմից:

Հայաստանի Միգրացիոն պետական ծառայության պետ Գագիկ Եգանյանն «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, թե Հայաստանում ծնված փախստականների երեխաները փախստական չեն համարվում: Եգանյանը վկայակոչում է «Փախստականների ապաստանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը:

«Այն օտարերկրյա քաղաքացին է փախստական ճանաչվում, որը ռասայական, կրոնական, ազգային, սոցիալական խմբի պատկանելություն կամ քաղաքական հայացքների համար հետապնդման ենթարկվելու հիմնավոր երկյուղների պատճառով գտնվում է իր քաղաքացիության երկրից դուրս եւ չի կարող կամ չի ցանկանում օգտվել իր քաղաքացիության երկրի պաշտպանությունից: Այսինքն, անձը պետք է այն երկրում, որտեղ բնակվում էր կամ քաղաքացին էր, հալածանքի այդ հիմնավոր երկյուղը ունենար», - նշեց Միգրացիոն ծառայության պետը:

Եգանյանն ասում է` Հայաստանում ծնվածները չեն կարող նման երկյուղ ունենալ կամ էլ հալածվել մեկ այլ երկրի կողմից` շեշտելով, որ պատճառը բանակում ծառայելուց խուսափելն է:

«Փորձում են այդ ճանապարհով լուծել իրենց զինապարտության հարցը, այսինքն` չծառայել», - ասաց Եգանյանը:

Մինչ Եգանյանն ասում է, թե օրենքը չի հակասում միջազգային փաստաթղթերին, Խաչատուրյանը, ինչպես նաեւ փախստականների հարցերով զբաղվող «Փախստականները եւ միջազգային իրավունքը» քաղաքացիական հասարակության ցանցի համակարգող Էլեոնորա Ասատրյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում, վկայակոչելով փախստականների վերաբերյալ միջազգային փաստաթղթերը, հակառակն են պնդում:

Համաձայն ՄԱԿ-ի «Փախստականների կարգավիճակի մասին» կոնվենցիայի` կա ընտանիքի միասնականության սկզբունք, որն ամրագրում է, որ փախստականի կինը կամ ամուսինը կամ էլ խնամքի տակ գտնվող անձը եւս համարվում է փախստական:

«Միջազգային իրավունքում փախստական ծնողների երեխաները համարվում են փախստական», - պնդում է Ասատրյանը:

Ասատրյանն ասում է, թե մինչ Եգանյանի վկայակոչած օրենքի ընդունումը, այս սկզբունքը գործում էր: Նրա խոսքով` 2008-ին օրենքի ընդունումից հետո փախստականի կարգավիճակ ստանալու հնարավորությունները նվազեցին, եւ պատճառը փախստականների խնդիրների լուծումից աստիճանաբար հրաժարվելն է: Այսպես են մտածում նաեւ Երեւանի հանրակացարաններից մեկում բնակվող փախստականները, ովքեր ապրում են նեղ, անհարմար ու քանդված սենյակներում:
Ադրբեջանահայ փախստական կինը հանրակացարանի դիմաց, որտեղ ապրում է

«Մենք չգիտենք, թե վաղը մեզ ինչ է սպասում: Եթե քաղաքացիություն ընդունենք, կասեն` քաղաքացիություն եք ընդունել, մյուս քաղաքացիների նման ինքներդ լուծեք ձեր խնդիրները», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց հանրակացարանի բնակչուհիներից մեկը:

Անցած տարիներին բնակարանով է ապահովվել 5 հազար փախստական ընտանիք, 4 հազարը դեռեւս անտուն է: Պաշտոնական տվյալներով` Ադրբեջանից Հայաստան է գաղթել 360 հազար փախստական: Նրանցից 85 հազարը դարձել է Հայաստանի քաղաքացի: Մնացածը տարբեր պատճառներով շարունակում են կրել փախստականի կարգավիճակը նաեւ արտերկրում: Պաշտոնական վիճակագրություն չկա այն մասին, թե որքան փախստական է լքել Հայաստանը:

please wait

No media source currently available

0:00 0:05:37 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG