Մատչելիության հղումներ

«Վերջին տարիներին Ռուսաստանում աճել է ազգայնականների թիվը»


Ռուսաստան - Ռուս ազգայնականների ցույց Մոսկվայում, 1-ը մայիսի, 2011թ.

Ռուսաստան - Ռուս ազգայնականների ցույց Մոսկվայում, 1-ը մայիսի, 2011թ.

Ռուսաստանցիների 44 տոկոսը համոզված է, որ երկրում ազգայնական տրամադրությունների աճը փոքրամասնությունների «հրահրիչ պահվածքի» արդյունք է: Սա են վկայում մոսկովյան ամենահեղինակավոր սոցիոլոգիական ծառայություններից մեկի` Լեւադայի կենտրոնի անցկացրած վերջին հետազոտության արդյունքները:

Ռուսաստանցի սոցիոլոգների կողմից երեքշաբթի օրը հրապարակված այս տվյալները վկայում են, որ վերջին վեց տարիներին աճել է այն ռուսաստանցիների թիվը, ովքեր համոզված են, որ այլատյացության պատճառը հենց ազգային փոքրամասնություններն են: 2005-ի նոյեմբերին այս տեսակետին հակված ռուսաստանցիների թիվը կրկնապատիկ պակաս էր, քան այսօր` մոտ 22 տոկոս էր:

Ռուսաստանցիների 21 տոկոսը համոզված է, որ ազգայնականություն ծնող պատճառներից գլխավորը սոցիալական վատ պայմաններն են: Հարցվածների եւս 15 տոկոսի կարծիքով` ոչ ռուսական ծագում ունեցող անձանց նկատմամբ վատ վերաբերմունքի պատճառը վերջին տարիներին տեղի ունեցած ահաբեկչական հարձակումներն են: Ռուսաստանցիների 5 տոկոսն էլ համոզված է, որ այլատյացության իրական պատճառը ռուս ժողովրդին բնորոշ կարծրատիպերն ու նախապաշարումներն են:

Լեւադայի կենտրոնի մասնագետները նաեւ փորձել են պարզել, թե արդյո՞ք իրենք` հարցման մասնակիցները, երբեւիցե բացասական զգացողություն են ունեցել օտարազգիների նկատմամբ: Այս հարցին միանշանակորեն դրական է պատասխանել ռուսաստանցիների 20 տոկոսը: Եվս 26 տոկոսը նշել է, որ երբեմն բացասական զգացողություններ ունենում է ազգային փոքրամասնությունների նկատմամբ: Հարցվածների գրեթե կեսը` 49 տոկոսը, սակայն, նշել է, որ երբեք ազգայնական տրամադրություններ չի ունեցել:

Հարցման մասնակիցների 22 տոկոսը համոզված է, որ Ռուսաստանի իշխանությունները խրախուսում են ռուսական ազգայնականության աճը` նպաստելով նաեւ դրա տարածմանը:

«Ընդհանուր առմամբ, Ռուսաստանի բնակիչների 52 տոկոսը համոզված է, որ վերջին տարիներին ազգայնականների թիվը երկրում աճել է», - պնդում են Լեւադայի կենտրոնի սոցիոլոգները:

Ուղիղ հեռարձակում

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG