Մատչելիության հղումներ

Մարտական դիրքում Ղարաբաղի բանակի զինվոր է զոհվել


Այսօր վաղ առավոտյան` ժամը 06:00-ի սահմաններում, արեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական դիրքում հերթապահություն իրականացնելու ժամանակ հրազենային գնդակային վիրավորում ստանալու հետեւանքով զոհվել է Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի ժամկետային զինծառայող, 19-ամյա շարքային Հայկ Վասիլի Մկրտչյանը:

Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեցին Ղարաբաղի Պաշտպանության բանակի լրատվության եւ քարոզչության բաժնից, միջադեպի հետ կապված մանրամասները ճշտվում են, տարվում է քննություն:

Հայաստանի պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը այսօր ավելի ուշ լրացուցիչ հայտնեց, որ Հայկ Մկրտչյանը մահացել է համածառայակից, ժամկետային զինծառայող Լենդրուշ Սամվելի Նազլուխանյանի կողմից զենքի հետ վարվելու կանոնների խախտման հետեւանքով արձակված կրակոցներից:

Փաստի առթիվ Հայաստանի պաշտպանության նախարարության քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ` Հայաստանի քրեական օրենսգրքի 373 հոդվածի 3-րդ մասով` «զենքի, ռազմամթերքի եւ շրջապատի համար առավել վտանգ ներկայացնող առարկաների, նյութերի հետ վարվելու կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ», կատարվում է նախաքննություն:

Քրեական օրենսգրքի հիշալ հոդվածի տվյալ մասով սահմանված պատիժը 3-ից 7 տարվա ազատազրկումն է:


Լուսինե Մուսայելյան, Ստեփանակերտ

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG