Մատչելիության հղումներ

logo-print

Սեպտեմբերի 7-ի մամուլ


«Առավոտ»-ի խմբագիրը հռետորական հարց է տալիս. - «Ինչո՞ւ խուլիգանություն, ծեծ, բռնաբարություն իրականացնող պատանիները մեծ մասամբ հենց պաշտոնյաների, գործարարների ու իրավապահների եւ ոչ թե, ասենք, գիտաշխատողների, երաժիշտների կամ ուսուցիչների զավակներ են: Պատասխանը պարզ է. որովհետեւ իշխանավորների «բալաները» դաստիարակվում են որոշակի արժեհամակարգում: «Ես եմ այս մարզի տերը, թագավորը, բոլորը իմ հպատակներն են, ես կարող եմ անպատիժ անել այն, ինչ իմ մտքով անցնի, հենց դրա համար էլ ես ձեռք եմ բերել փող եւ պաշտոն: Մի խոսքով, Հայաստանը ես եմ»: Ծնողների նման կեցվածքը եւ վարքագիծը չեն կարող չազդել պատանեկան փխրուն հոգեբանության վրա, եւ զավակները այդ «գաղափարախոսությունն» իրագործում են ավելի ցինիկ եւ ավելի լկտի ձեւերով, քան ավագ սերունդը, որը ինչ-որ բաներից գոնե վախենում կամ զգուշանում է»:

«ժամանակ»-ը գրում է. - «Թվում էր, որ նախագահության երեք տարիների ընթացքում Սերժ Սարգսյանը պետք է որ արդեն այդ թեման հանած լիներ օրակարգից, առավել եւս, որ այդ հարցում նրան օգնելու պատրաստակամությամբ է հանդես գալիս Հայ ազգային կոնգրեսը: Բայց Սարգսյանը չգնաց այդ քայլին: Երկրում բազմաթիվ չլուծված խնդիրների պարագայում Քոչարյանի գործոնի թարմությունը Սերժ Սարգսյանի համար ապահովում է արդարացման ֆոն, երբ այս կամ այն հարցում, այս կամ այն ոլորտում բարեփոխումների դանդաղ ընթացքը, կամ ընդհանրապես բարեփոխումների բացակայությունը, նաեւ ակնհայտ տապալումները, վերագրվում են կա՛մ Քոչարյանի թողած ժառանգությանը, կա՛մ էլ Քոչարյանի քաղաքական հավակնություններին: Երբ ինչ-որ բան չի ստացվում, ապա Սերժ Սարգսյանը հիշում է Քոչարյանի կառավարումը՝ իհարկե անուղղակիորեն, քողարկված, միջնորդավորված հիշատակումներով` արդարանալով, որ չստացվելը նախորդի կառավարման տարիներին թույլ տված բացթողումների հետեւանք է»:

«Չորրորդ ինքնիշխանություն»-ը գրում է. - «Ուշադրություն դարձրեք` «Վիկիլիքս»-ի հրապարակումներից որեւէ մեկը մեր հասարակության համար նորություն չէ: Հայաստանի ժողովուրդը լավ էլ գիտեր, որ ընտրությունները կեղծվել են, որ Ռոբերտ Քոչարյանը պատրաստ էր անգամ բանակը ամբողջ հզորությամբ օգտագործել ժողովրդի դեմ, որ Սահմանադրական դատարանի որոշումը կայացվել է նախագահականում եւ այդպես շարունակ: Այնպես որ, «Վիկիլիքս»-ի հրապարակումները մեծ հաշվով միայն մի ինֆորմացիա են պարունակում: Այն է` ամերիկացիները, պարզվում է, նույնպես գիտեն ճշմարտությունը: Կարող եք չկասկածել. Հայաստանում Ռուսաստանի դեսպանությունը նույնպես շատ ակտիվորեն է աշխատում եւ շատ ավելի լավ է ինֆորմացված Հայաստանի ներքաղաքական կյանքի մասին: Հայաստանում, ի դեպ, դեսպանություններ ունեն նաեւ Չինաստանը, Իրանը, Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան եւ այլն: Մի խոսքով` Հայաստանի իրավիճակի մասին բոլորն ամեն ինչ գիտեն: Հարց է ծագում. այդ դեպքում ինչո՞ւ է միջազգային հանրությունը Սերժ Սարգսյանին ընդունում որպես Հայաստանի նախագահ եւ համագործակցում նրա հետ: Պատասխանը միանշանակ է. որովհետեւ աշխարհի ցանկացած երկիր առաջնորդվում է սեփական շահերով եւ ընդհանրապես թքած ունի` Հայաստանի նախագահն արդա՞ր է ընտրվել, թե՞ սեփական ժողովրդին գնդակահարելու ճանապարհով: Ավելին` նրանց ձեռնտու է, որ Հայաստանի նախագահը խոցելի լինի, որովհետեւ այդ դեպքում նրանք ավելի հեշտությամբ ճնշումներ կգործադրեն եւ կհասնեն իրենց նպատակներին»:

Հայաստանի սոցիոլոգիական ասոցիացիայի նախագահ Գեւորգ Պողոսյանը «Հայոց Աշխարհ»-ի հետ զրույցում ասում է. - «Ճիշտ է, հիմա որոշակի դադար է` ՀԱԿ ակտիվիստին ազատ արձակելու առնչությամբ, բայց ինձ թվում է, որ երկխոսությունը շարունակվելու է: Սակայն նաեւ մի շատ կարեւոր խնդիր կա, որ տեսանելի էր հենց սկզբում: Շատ լավ է, որ հակասություններ ունեցող քաղաքական ուժերը բանակցում են, բայց մեզ հայտնի չէ, թե որն է այս բանակցությունների առարկան: Եթե քաղաքական ուժերի բանավեճի, բանակցությունների առարկան այն խնդիրներն են, որոնք հուզում են մեր պետության քաղաքացիներին, բնակչությանը, ապա ինչո՞ւ է այս ամենը տեղի ունենում փակ դռների հետեւում: Երբ ՀԱԿ-ն իր հանրահավաքների ժամանակ ամեն ինչի մասին բարձրաձայն խոսում է, իսկ բանակցությունները իշխանության հետ նույն հրապարակայնությամբ չեն վարվում, ապա կարելի է եզրակացնել, որ երկխոսության ժամանակ բոլորովին այլ բաների մասին են բանավիճում»:

«Հայկական ժամանակ»-ը տեղեկացնում է. - «Հանրապետության ավելի քան 30 գյուղերի դպրոցներում, որոնցից շատերը սահմանամերձ են, արդեն սկսված նոր ուսումնական տարում առաջին դասարանցի չի լինի: Ընդ որում, այսպիսի պատկեր է ստացվել ընդամենը հինգ մարզերի տվյալներն ամփոփելով: Խոսքը վերաբերում է Սյունիքի, Շիրակի, Գեղարքունիքի, Լոռու եւ Արագածոտնի մարզերին: Այս մարզերում կան նաեւ գյուղեր, որտեղ սովորում է ընդամենը մեկ առաջին դասարանցի: Այդպիսիների թիվը 10-ն է: Իսկ 2-5 աշակերտներով դասարանների թիվը հանրապետության գյուղերում բավականին մեծ է, եւ նման պատկերը մարզպետարանները շատ հաճախ արդեն իսկ լուրջ հաջողություն են համարում: Նշենք նաեւ, որ օրերս ինտերնետում լուր հայտնվեց, որ Ուկրաինայի ծայրամասային Դնեպրոպետրովշչինա շրջանի Պոպերեչնոյե մոռացված գյուղի դպրոցի առաջին դասարանում ընդամենը մեկ աշակերտ կա, եւ նա ազգությամբ հայ է. Արթուր անունով»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG