Մատչելիության հղումներ

Սլովակիա - Հայաստան՝ 0:4


Սլովակիա - Հայաստանցի ֆուտբոլիստները տոնում են իրենց հերթական գոլը, Ժիլինա, 6-ը սեպտեմբերի, 2011թ.

Սլովակիա - Հայաստանցի ֆուտբոլիստները տոնում են իրենց հերթական գոլը, Ժիլինա, 6-ը սեպտեմբերի, 2011թ.

Ֆուտբոլի Եվրոպայի 2012 թվականի առաջնության ընտրական մրցաշարի 8-րդ փուլում երեքշաբթի ուշ երեկոյան Հայաստանի հավաքականը մրցակցի դաշտում խոշոր՝ 4:0 հաշվով հաղթանակ տարավ B խմբում ֆավորիտներից մեկը համարվող Սլովակիայի թիմի նկատմամբ։

Սլովակիայի Ժիլինա քաղաքում կայացած հանդիպման առաջին խաղակեսը անցավ սլովակ ֆուտբոլիստների տարածքային առավելությամբ, սակայն երկրորդ խաղակեսում հայաստանցի ֆուտբոլիստները ոչ միայն հավասարեցրին խաղը, այլեւ բացահայտ առավելություն ստացան ուժեղ մրցակցի նկատմամբ։ Գոլերի հեղինակներ դարձան Յուրա Մովսիսյանը՝ 57-րդ, Հենրիխ Մխիթարյանը՝ 70-րդ, եւ Գեւորգ Ղազարյանը՝ 80-րդ րոպեներին, իսկ խաղի հիմնական ժամանակի ավարտից հետո՝ մրցավարի ավելացրած 3 րոպեների ընթացքում, Արթուր Սարկիսովը եւս մեկ գնդակ ուղարկեց մրցակցի դարպասը։

Սա ընտրական մրցաշարում Հայաստանի հավաքականի երկրորդ հաղթանակն է Սլովակիայի հավաքականի նկատմամբ։ Անցյալ տարվա հոկտեմբերի 8-ին Երեւանում կայացած առաջին հանդիպումը թիմերի միջեւ ավարտվել էր 3:1 հաշվով։

Ընտրական մրցաշարի 8-րդ փուլից հետո Հայաստանը 14 միավորով 3-րդ տեղում է, նույնքան միավորով նրան հաջորդում է Սլովակիան։ Առաջին երկու տեղերը զբաղեցնում են, համապատասխանաբար, Ռուսաստանը՝ 17 միավորով, եւ Իռլանդիան՝ 15 միավորով։

Հայաստանը շարունակում է մնալ B խմբում ամենաշատ գոլերը խփած թիմը՝ 16: 7-ական գնդակ հայաստանցի ֆուտբոլիստները խփել են Անդորրային եւ Սլովակիային` երկուական խաղերի ընթացքում։

Հոկտեմբերի 7-ին Հայաստանը ընտրական մրցաշարի նախավերջին հանդիպումը կանցկացնի՝ սեփական հարկի տակ ընդունելով Մակեդոնիային, իսկ հոկտեմբերի 11-ին կհյուրընկալվի Իռլանդիային, ինչով էլ կավարտի խմբային ընտրական մրցաշարը։

Սլովակիայի նկատմամբ տարած սենսացիոն այս հաղթանակը մեծացրեց ընտրական խմբում առաջին երկու տեղերից մեկը գրավելու եւ Եվրո-2012-ի եզրափակիչ փուլում հանդես գալու համար պայքարը շարունակելու՝ հայաստանցի ֆուտբոլիստների շանսերը։

Թեեւ ֆուտբոլային հանդիպումը ավարտվեց ուշ գիշերին, բայց հայ ֆուտբոլասերների ոգեւորությունն այնքան մեծ էր, որ գիշերը ժամը 3-ի սահմաններում Երեւանի Հանրապետության հրապարակում իսկական տոն էր:

Մարզական մեկնաբան Կարեն Գիլոյանը չորեքշաբթի վաղ առավոտյան «Ազատություն» ռադիոկայանի հետ հեռախոսազրույցում, մասնավորապես, ասաց. - «Ես բոլորիս եմ շնորհավորում, փառահեղ խաղ էր, ֆանտաստիկ ֆուտբոլ, եւ իսկական բարի, հաղթական ավարտով հեքիաթ: Շատ ուրախ եմ, որ այդքան բարձր ֆուտբոլ կարողացան ցուցադրել տղաները»:

«Ստեղծվել էր իրավիճակ, երբ Ռուսաստան - Իռլանդիա հանդիպման ոչ-ոքիից հետո Սլովակիան ստացել էր լուրջ հնարավորություն` դուրս գալու առաջին հորիզոնական, եւ հաղթանակի դեպքում այդպես էլ կլիներ: [Սլովակիայի հավաքականի գլխավոր մարզիչ] Միխայիլ Վայսի սաները դուրս եկան շատ վճռական տրամադրված, բայց բախվեցին մեր ամուր պատնեշին, մեր տղաները դիմացան այդ հզոր ճնշմանը, երկրորդ խաղակեսում էլ ուղղակի հիացրին բոլորիս», - նշեց մարզական մեկնաբանը:

«Հիմա մնում է մեզ ամենավճռական խաղը Իռլանդիայի հետ, հուսով եմ` Մակեդոնիայի արգելքը կհաղթահարենք Երեւանում, եւ հետո` Իռլանդիայի հետ խաղը: Չգիտեմ, առաջ չանցնենք, բայց ես հավատում եմ այս գեղեցիկ հեքիաթի հաղթական ավարտին», - հայտարարեց Կարեն Գիլոյանը` ամփոփելով. - «Երեկվա խաղից հետո միանգամայն իրատեսական եմ համարում Հայաստանի հավաքականի մասնակցությունը Եվրո-2012-ի եզրափակիչ փուլին»:


Ուղիղ հեռարձակում

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG