Մատչելիության հղումներ

Վերսկսվել է ընդդիմադիր ակտիվիստների գործով նախաքննությունը


Ոստիկանների եւ Հայ ազգային կոնգրեսի 7 երիտասարդ ակտիվիստների միջեւ օգոստոսի 9-ին տեղի ունեցած քաշքշուկի առնչությամբ հարուցված քրեական գործի նախաքննությունը վերսկսվել է։ Այս մասին «Ազատություն» ռադիոկայանին հայտնեց ընդդիմադիր ակտիվիստների փաստաբան Վարդուհի Էլբակյանը։

Նրա խոսքով, միջադեպին մասնակցած ընդդիմադիր երիտասարդներից մեկը՝ Արտակ Կարապետյանը, չորեքշաբթի առավոտյան հրավիրվել է Քննչական գլխավոր վարչություն՝ հարցաքննության։

Վարդուհի Էլբակյանը երեկ էր միջնորդել վերսկսել քրեական գործի նախաքննությունը, քանի որ Արտակ Կարապետյանը, ծանոթանալով գործի նյութերին, որոնք տրամադրվել են պաշտպանվող կողմին, պատրաստակամություն էր հայտնել ցուցմունքներ տալ, քանի որ, ինչպես նա նշեց «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում՝ «քրեական գործի նյութերը չեն համապատասխանում իրականում տեղի ունեցածին»։

«Մեր միջնորդությունը վերաբերում էր Արտակ Կարապետյանի հարցաքննությանը։ Մենք միջնորդել ենք նաեւ, որպեսզի կատարվեն առերեսումներ, կատարվեն ճանաչումներ, եւ անհրաժեշտության դեպքում կատարվի նաեւ դեպքի վայրի զննություն», - նշեց Էլբակյանը։

Փաստաբանի գնահատմամբ, աննախադեպ երեւույթ է, երբ նախաքննությունը վերսկսելու մասին որոշում է կայացվում։ Այս գործը ուշագրավ է նաեւ այն առումով, որ միջադեպի առնչությամբ ոստիկանությունում անցկացվում է ծառայողական քննություն, որպեսզի պարզվեն՝ որքանով են օրենքին համապատասխան եղել միջադեպին մասնակցած ոստիկանների գործողությունները։ Գլխավոր դատախազի մամուլի խոսնակը «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց, որ ոստիկանությունը դեռ դատախազին չի փոխանցել ծառայողական քննության արդյունքները։

Ընդդիմադիր ակտիվիստների փաստաբանի գնահատմամբ, նախքան ոստիկանների գործողությունների օրինականության վերաբերյալ վերջնական եզրակացություն ստանալը քրեական գործի նախաքննությունն ավարտելը իրավական առումով անընդունելի է։

«Կարող է ծառայողական քննության արդյունքում պարզվի, որ ոստիկանների գործողությունները եղել են ոչ համաչափ, ոչ իրավաչափ։ Այդ դեպքում պետք է նաեւ գնահատական տրվի ոստիկանության աշխատակիցների գործողություններին», - նշեց Վարդուհի Էլբակյանը։ -«Հետեւաբար, սա պետք է մեկ ամբողջ գործի շրջանակներում քննվեր, որովհետեւ այդ դեպքում միայն հնարավոր կլիներ օբյեկտիվ ճշմարտությունը բացահայտել»։

Հիշեցնենք՝ ընդդիմադիր ակտիվիստներին ձերբակալելուց հետո Հայ ազգային կոնգրեսը նախ զգուշացրեց, որ իշխանության հետ երկխոսության շարունակման հարցը կախված է այդ ակտիվիստների կարգավիճակից, իսկ երբ արդեն Վերաքննիչ դատարանը որոշեց կալանքի տակ պահել ընդդիմադիրներից մեկին՝ խուլիգանության ու ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ մեղադրվող Տիգրան Առաքելյանին, ընդդիմությունը որոշեց առկախել իշխանության հետ երկխոսությունը։
please wait

No media source currently available

0:00 0:05:02 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG