Մատչելիության հղումներ

logo-print

Ամառային դպրոցի ընթացքում պատանիները ստեղծել են 8 վավերագրական ֆիլմ


1995 թվականից գործող «Մանանա» կրթամշակութային կենտրոնում երեխաները սովորում են լուսանկարել, տեսագրել, գրել սցենարներ, պատրաստել մուլտֆիլմեր ու ստեղծել ֆիլմեր:

Այնուամենայնիվ, կենտրոնի նպատակը մեդիա ոլորտի ապագա մասնագետներ պատրաստելը չէ, այլ երեխաների սեփական կարծիքի ձևավորումն ու ստեղծագործական ունակությունների զարգացումը:

Ամռան ընթացքում, երբ կենտրոն հաճախող երեխաների մեծ մասը արձակուրդում էին, «Մանանա»-ն Դիլիջանում անցկացրել է մեդիա կրթության ամառային դպրոց մայրաքաղաքից ու մարզերից ընտրված 16-18 տարեկան 15 պատանիների համար: Այս ծրագիրն իրականացնելու գաղափարը Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպանատանն է պատկանում:

«Մենք որոշեցինք ամերիկյան դեսպանատան առաջարկած ծրագրի առիթը օգտագործել եւ երեխաներին տալ կոմպլեքս մեդիա գիտելիքներ. թե՛ գրել, թե՛ ֆոտոռեպորտաժներ պատրաստել, թե՛ ծանոթացնել անիմացիային, իսկ դասընթացի հիմնական առանցքը վավերագրական ֆիլմեր ստեղծելն էր», - ասում է կենտրոնի նախագահ Ռուզան Բաղդասարյանը:

Ռուզան Բաղադասարյանը հայտնեց, որ իրենք մարզերում գործող տարբեր կազմակերպությունների միջոցով իրականացրել են մրցույթ ու Հայաստանի գյուղերում ու քաղաքներում գտել մեդիայով հետաքրքվող պատանիների: Դպրոցի մասնակից երեխաներից միայն 3-ն են մայրաքաղաքից:

«Մանանա» կենտրոնը ընտրված երեխաներին հավաքել է Դիլիջանում ու սկսել խիտ գրաֆիկով դասընթացները: Ծրագրի ավարտին մասնակից 15 երեխաները իրենց ուժերով ստեղծել են կարճամետրաժ 8 վավերագրական ֆիլմ եւ 2 մուլտֆիլմ:

«Մանանա» կենտրոնի ու ՀՀ-ում ԱՄՆ-ի դեսպանատան համատեղ իրականացրած ծրագրի ավարտին դեսպանատունը մասնակից երեխաներին նվիրել Flip տեսագրող սարքեր, որոնց միջոցով ծրագրի մասնակիցները պիտի շարունակեն ռեպորտաժներ ու ֆիլմեր նկարել ու տեղադրել հատուկ իրենց համար ստեղծված պատանի թղթակիցների կայքում:

«Ես կարծում, որ երբ կա խնդիր, այն լուծում ունի, որին չպետք է սպասել պետական մարմիններից: Պիտի մենք մտածենք, ամեն մեկը իր տեղում պիտի մտածի, թե ինքը ինչ կարող է անել, որպեսզի մարզերի երեխաների մանկությունը մի քիչ գունավոր անցնի», - ասոում է Ռուզան Բաղդասարյանը:

«Մանանա»-ն կամ այլ ստեղծագործական կենտրոններն ու խմբակները հիմնականում գործում են Երեւանում, եւ այլընտրանքային կրթության հնարավորություն մարզերի երեխաները հազվադեպ են ունենում: Եթե մարզկենտրոններում գործում են պարի կամ ասմունքի խմբակներ, ապա գյուղերի երեխաներին զբաղեցնում են միայն հանրակրթական դպրոցի դասերը, որ ավարտվում են ժամը 1-ին կամ 2-ին:
XS
SM
MD
LG