Մատչելիության հղումներ

«Այսօր մեր նպատակը երեք միավորն է»


Կենտրոնում` Հայաստանի ֆուտբոլի հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը:
Կենտրոնում` Հայաստանի ֆուտբոլի հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը:

Սլովակիայում լույս տեսնող «Շպորտ» օրաթերթն այսօր անդրադարձել է Ժիլինայում կայանալիք ֆուտբոլի Եվրոպայի 2012 թվականի առաջնության ընտրական B խմբի Սլովակիայի եւ Հայաստանի ազգային հավաքականների հանդիպմանը։

«Շպորտին» տված հարցազրույցում Հայաստանի ազգային հավաքականի մարզիչ Վարդան Մինասյանը ասել է, որ իր թիմը պայքարելու է հաղթանակի համար։

«Ինչպե՞ս եք գնահատում այն փաստը, որ ձեր թիմը` առաջին անգամ պատմության ընթացքում ընտրական խմբի այս փուլում դեռ պահպանել է առաջնության մասնակցի տեղ վաստակելու հնարավորությունը։ Սա հոգեբանորեն ծանրացնո՞ւմ է թիմի վիճակը, թե՞ ընդհակառակը, օգնում է համապատասխան տրամադրություն հաստատել հանդիպումից առաջ։ Տեսե՞լ եք Սլովակիայի խաղը Իռլանդիայում»։

Պատասխանելով այս հարցերին, Հայաստանի ազգային հավաքականի մարզիչն ասել է, որ այս փուլում շանսերը դեռ չկորցրած թիմի կարգավիճակը, իհարկե, դրական լիցքեր է հաղորդում, հոգեբանորեն բնավ չի ճնշում ֆուտբոլիստներին։

Թիմը պատրաստվում է այսօրվա խաղին, տղաներին ոչ մի ուրիշ բան չի հետաքրքրում։

«Ինչպիսին էլ լինի Բ խմբում մեր ներկայիս տեղը, ես մտածում եմ միայն առաջիկա խաղի մասին, որն այսօր կանցնի Ժիլինայում։ Միայն դրանից հետո կարող ենք խոսել մնացած հանդիպումների մասին», - նշել է Վարդան Մինասյանը։

Նա ասել է, որ դիտել է Իռլանդիա-Սլովակիա հանդիպման տեսագրությունը, որեւէ նոր բան չի հայնտաբերել, կատարվել է սլովակների վերջին երկու հանդիպումների վերլուծություն, սակայն Հայաստանի թիմի մարտավարությունը հիմնված կլինի երեւանյան խաղի վերլուծության վրա։

«Շպորտի» թղթակից Միրոսլավ Անտոլը հարցրել է, թե արդյո՞ք Հայաստանի թիմը կարող է օգտագործել նույն «դեղատոմսը», որն օգնել է Երեւանում անցյալ տարվա հոկտեմբերին Սլովակիայի թիմին հաղթել 3-1 հաշվով։

Վարդան Մինասյանն ասել է, թե, բնականաբար, դա հնարավոր չէ, մեկ բան է տանը խաղալ, այլ բան է` մրցակցի դաշտում: Մարզչի խոսքերով, մարտավարական որոշակի փոփոխություններ կարվեն, սակայն թիմի կառուցվածքը եւ խաղի սկզբունքը չեն փոխվի։

«Ո՞րն է թիմի նպատակն այսօր»։

«Մենք բոլոր հանդիպումներում նպատակ ունենք հաղթել: Իհարկե, չեմ կարող կանխատեսել վերջնական հաշիվը, սակայն վստահ ասում եմ` մեր նպատակը երեք միավորն է»,- ասել է մարզիչը։

Խոսելով մրցակցի մասին` Վարդան Մինասյանը նշել է, որ հավանում է սլովակների խաղը:

«Ես չեմ կարող ձեր թիմից որեւէ մեկին համարել առանձնահապես վտանգավոր: Ես Սլովակիայի հավաքականի պարագայում նախ եւ առաջ գնահատում եմ թիմային բարձր ոգին, որը ձեր թիմին բազում հաղթանակներ է ապահովել», - ասել է Վարդան Մինասյանը եւ ավելացրել, որ Երեւանում Սլովակիայի նկատմամբ տարած հաղթանակն իր համար առանձնապես մեծ նշանակություն չունի։

«Այդ հանդիպումն այլեւս անցյալում է։ Հիմա կարեւորը նոր խաղն է։ Ամեն ինչ պետք է լուծվի այսօր` խաղադաշտում»,- ասել է Մինասյանը։

Նա ասել է, որ հավաքականի համար մեծ նշանակություն ունի երկու դեղին քարտի պատճառով Անդորրայի հետ հանդիպումը բաց թողած Կրասնոդարի «Կուբանի» հարձակվող Յուրի Մովսիսյանի վերադարձը։

«Անդորրայում նրան շատ լավ փոխարինել է Արտուր Սարկիսովը, սակայն Մովսիսյանը թիմում առանցքային տեղ ունի, նրա վերադարձը լուրջ խթան է»,- ասել է Հայաստանի թիմի մարզիչը։

Սլովակիայում լույս տեսնող «Շպորտը» նշում է, որ Հայաստանի թիմի ամենավստահելի խաղացողներից մեկն էլ 37-ամյա Ռոման Բերեզովսկին է։

Օրաթերթը վկայակոչել է դարպասապահին, ով ասել է. - «Սլովակիայի հետ առաջին հանդիպման ընթացքում մենք ապացուցեցինք, որ կարող ենք ֆուտբոլ խաղալ։ Սլովակիան անցյալ տարի մասնակցել է աշխարհի առաջնությանը, մեզ հետ խաղն անցկացնում է սեփական դաշտում եւ, բնականաբար, ֆավորիտ է համարվում, բայց մենք հավատում ենք մեր ուժերին եւ այսօր երազում ենք հաղթանակի մասին»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG