Մատչելիության հղումներ

«Հոգեորսության սահմանումը կարող է որոշակի խնդիրներ հարուցել»


Միքայել եպիսկոպոս Աջապահյան (ձ) եւ «Համագործակցություն հանուն ժողովրդավարության» կենտրոնի նախագահ Ստեփան Դանիելյան

Միքայել եպիսկոպոս Աջապահյան (ձ) եւ «Համագործակցություն հանուն ժողովրդավարության» կենտրոնի նախագահ Ստեփան Դանիելյան

«Համագործակցություն հանուն ժողովրդավարության» կենտրոնի նախագահ Ստեփան Դանիելյանի խոսքով, 1991 թվականին ընդունված «Խղճի եւ կրոնի, կրոնական կազմակերպությունների մասին» օրենքը այն ժամանակվա համար «բավականին առաջավոր օրենք էր»:

Սակայն տարիներ անց անհրաժեշտություն ծագեց օրենքում փոփոխություններ կատարելու` կապված միջազգային ասպարեզում Հայաստանի ստանձնած պարտավորությունների, նաեւ` այդ օրենքը Սահմանադրությանը համապատասխանեցնելու հետ:

Ներկայումս այդ օրենքի փոփոխության արդեն երեք նախագիծ կա, ինչն, ըստ Ստեփան Դանիելյանի, «աննախադեպ իրավիճակ է ստեղծել», քանի որ այդ փոփոխությունների առաջին երկու նախագծերը քննարկվել են Վենետիկի հանձնաժողովում եւ սուր քննադատության են արժանացել: Օրենքի փոփոխությունների երրորդ տարբերակը, որ վերջերս է ուղարկվել Վենետիկի հանձնաժողով, ի տարբերություն նախորդների, որոշակի առաջընթաց է գրանցել:

Ստեփան Դանիելյանը, այդուհանդերձ, կարծում է, որ այս նախագիծը եւս կարող է որոշակի խնդիրներ հարուցել Վենետիկի հանձնաժողովում քննարկման ժամանակ` կապված հոգեորսության սահմանման կամ ձեւակերպման հետ, կրոնական կազմակերպությունների պարտադիր գրանցման, նաեւ դրանց գործունեության ազդեցության ձեւակերպումների հետ եւ այլն:

«Առաջինը հոգեորսության սահմանումն է, որի համար պատիժներ են սահմանված: Օրենքում նշված է, որ հոգեորսության (կամ ավելի ճիշտ կլիներ ոչ պատշաճ կամ ստիպողական դավանափոխություն տերմինը) դեպքում, որպեսզի մարդը կրոնափոխ լինի, բացի ֆիզիկական ներգործությունից, կիրառվում է նաեւ հոգեբանական բռնության գործադրումը: Ի՞նչ է նշանակոմ հոգեբանական ներգործություն, սա ինձ համար անհասկանալի է, եւ հիշեցնում է 2008 թվականի հայտնի հոգեբանի ասածը, որ ընդդիմության միտինգների մասին ասում էր, թե Լեւոն Տեր-Պետրոսյանը նեւրոլինգվիստիկական ազդեցություն է գործում: Դա ինչպե՞ս կարող ես ապացուցել, միգուցե գործում է, միգուցե չի գործում: Հաշվի առնելով մեր դատարանների որակը, շատ դժվար է մեծ հայեցողական մոտեցումների հնարավորություն տալ», - կարծիք հայտնեց Դանիելյանը:

Ի պատասխան` Միքայել եպիսկոպոս Աջապահյանը ասաց. - «Մեզ համար հոգեորսությունը շատ հստակ է, ուղղակի նրանք, ովքեր ուզում են ջուր պղտորած լինել, նրանք են շահարկում հոգեորսությունը իբրեւ անորոշ ձեւակերպված: Երբ ես որեւէ մեկին փորձում եմ համոզել իմ կրոնի մեջ, առանց դիմացինի համաձայնության եւ զանազան հոգեբանական, վարչական, նյութական, բարոյական միջոցներով ճնշում եմ գործադրում, սա հոգեորսություն է: Ովքե՞ր են խոսում հոգեորսության դեմ. նրանք ովքեր, հենց հոգեորսությամբ են զբաղվում: Երբ խոսում են զանազան խմբավորումների ներկայացուցիչները եւ ասում են, որ այս հոգեորսության հոդվածը պետք է դուրս գա, ես ասում եմ, եթե դուք դրանով չեք զբաղվում, ինչո՞ւ եք անհանգստացած»:

Ստեփան Դանիելյանը նաեւ համոզված է, որ խնդիրներ կառաջացնեն օրենքի նախագծի այն կետերը, որոնք վերաբերում են կրոնական կազմակերպությունների գրանցմանը, կասեցմանը եւ վերահսկմանը:

«Մենք գիտենք, որ Վրաստանում Հայ առաքելական եկեղեցին պայքարում էր գրանցման համար, եւ արդյունքում 5 եկեղեցիների թույլ տվեցին կիսատ-պռատ գրանցվել, մյուսներին թույլ չեն տալիս: Հայաստանում այս օրենքով իրավիճակը լրիվ հակառակն է, այսինքն բոլորը պարտավոր են գրանցվել: Եթե չեն գրանցվում, պետք է պատժվեն: Այստեղ միանշանակ հակասություն կա [Սահմանադրության] առաջին գլխի հետ, որտեղ ասվում է, որ յուրաքանչուր ոք կարող է միայնակ կամ իր համախոհների հետ անարգել աղոթել … այստեղ չի գրված` գրանցված կազմակերպությունը», - ասաց Դանիելյանը:

Միքայել Եպիսկոպոսը ասում է` կրոնական կազմակերպությունը ինչո՞ւ չպիտի գրանցվի, երբ Հայ առաքելական եկեղեցին էլ գրանցված:

«1700 տարուց 1600-ը գրանցված չենք եղել, գործել ենք: Բայց եթե պետության պահանջն է` կրոնական կազմակերպությունը պարտավոր է առաջնորդվել կայսերին` կայսեր, աստծունը` աստծուն սկզբունքով», - ասաց եպիսկոպոսը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG