Մատչելիության հղումներ

Առաջին Հայկական վիրտուալ համալսարանը 2 տարեկան է


Առաջին հայկական օնլայն համալսարանը ստեղծվել է 2 տարի առաջ: Այս ընթացքում վիրտուալ համալսարանը ունեցել է 9 ուսումնական շրջան, որոնց մասնակցել են 1300 ուսանողներ աշխարհի 50 երկրներից` ԱՄՆ-ից, Վրաստանից, Ռուսաստանից, Ֆրանսիային, Վենեսուելայից, Հարավային Աֆրիկայից, Արգենտինայից եւ այլն:

«Ժանամակակից տեխնոլոգիաների միջոցով կրթություն ապահովող բուհն ունի 3 ֆակուլտետ` լեզվի, պատմության եւ մշակույթի: Ուսուցումն իրականացվում է 6 լեզուներով` արեւելահայերեն, արեւմտահայերեն, ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն եւ իսպաներեն: Շուտով ուսուցում կիրականացվի նաեւ թուրքերենով», - ասաց Հայկական վիրտուալ համալսարանի հիմնադիր նախագահ Երվանդ Զորյանը:

Արսեն Պետրոսյանը եկել է Մոսկվայից, նա մասնակցում է համալսարանի լեզվի դասընթացներին` սովորում է հայերեն խոսել, կարդալ եւ գրել. - «Օնլայն կրթության առավելությունն այն է, որ սպասված արդյունքի հասնում ես առանց մեծ ժամանակ ծախսելու»:

Համալսարանի ուսանողները հիմնականում սփյուռքահայերն են: Դիմորդները շատ են այն երկրներից, որտեղ հայկական դպրոցներ չկան կամ հեռու են գտնվում բնակավայրից կամ էլ բավական թանկ են եւ ոչ բոլորն են կարողանում հաճախել:

Համալսարանում ուսանելու մեկ կուրսն արժե մոտ 200 դոլար, որը ըստ հիմնադիրների, բավական փոքր գումար է եւ չի փոխհատուցում ծախսերի անգամ 10 տոկոսը:

Դասընթացներին մասնակցում են երիտասարդներ նաեւ Հայաստանից: Քրիստինե Հարությունյանն ուսումնասիրել է հայկական ճարտարապետությունը. - «Ինձ հետաքրքիր էր ներկա քաղաքաշինական զարգացումները զուտ որպես մարդ, որպես ՀՀ քաղաքացի: Արդեն ավարտել եմ երկրորդ կուրսը եւ արդյունքներից գոհ եմ»:

Հայկական բարեգործական ընդհանուր միությունը կիրառում է նաեւ, այսպես ասած, հիբրիդ կրթության մեթոդը, որի նպատակն է միաժամանակ ավանդական եւ օնլայն դասընթացներ իրականացնել սփյուռքի դպրոցներում:

Երվանդ Զորյանի խոսքով` իրենց ուսանողները տարբեր տարիքային խմբերից են. կան ե'ւ դպրոցահասակ, ե'ւ 70-նն անց մարդիկ:

Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի կարծիքով` կարելի է ծրագրի մեջ ներառել ինտերակտիվ ճանապարհորդություն, որը հնարավորություն կտա ծանոթանալ Հայաստանի պատմամշակութային հուշարձաններին, տեսարժան վայրերին:

«1300 ուսանողը հսկայական սփյուռքի համար դեռեւս փոքր ցուցանիշ է եւ պետք է միջոցներ ձեռնարկել, որպեսզի ուսանողների թիվն ապագայում ավելանա», - ասաց նախարարը:

Բուհի հիմնադիրները նշեցին, որ շուտով իրականացնելու են նաեւ տեսական արվեստի դասընթացներ:

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG