Մատչելիության հղումներ

Հայաստանյան իրավապաշտպանների գնահատմամբ` 1994 թվականի զինդադարից ի վեր հայկական զինված ուժերում զոհվել է ավելի քան 1500 երիտասարդ:

Ընդ որում, ինչպես երեքշաբթի օրը հրավիրած ասուլիսում հայտարարեցին Արթուր Սաքունցը, Ժաննա Ալեքսանյանը, Ավետիք Իշխանյանը, Լեւոն Բարսեղյանն ու այլ իրավապաշտպաններ, մինչեւ օրս Հայաստանի իշխանությունները հրաժարվում են հրապարակել խաղաղ պայմաններում բանակում մահացած, սպանված զինծառայողների կոնկրետ թիվը:

Համեմատության համար նշվեց, որ ղարաբաղյան պատերազմի ողջ ընթացքում հայկական կողմից զոհվել է մոտ 6 000 մարդ:

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը խոսեց նաեւ վերջին տարիներին բանակում սպանված զինծառայողների թվի մասին: Ըստ նրա, 2005-ից մինչեւ 2011-ի սեպտեմբերի 1-ը իրենք արձանագրել են 306 սպանության դեպք, իսկ 2007-ից մինչեւ 2011-ի սեպտեմբերի 1-ը գրանցված 228 մահացության դեպքերից միայն 32-ն է, որ զինադադարի ռեժիմի խախտման հետեւանքով է տեղի ունեցել:

«Մահացության դեպքերի 10 տոկոսն է ընդամենը, որ կապված է այն պարտքի կատարման հետ, որի համար մեր երիտասարդները զորակոչվում են բանակ: Եթե հաշվի առնենք Պաշտպանության նախարարության հաղորդագրությունները զինադադարի ռեժիմի խախտումների հետ կապված` կրակահերթեր եւ այլն, եւ այլն, ապա կարելի է ենթադրել, որ ավելի վտանգավոր է մարդու կյանքի համար հենց բաժանարար գծի երկայնքով գտնվելը, չէ՞: Բայց տեսնում ենք, որ իրապես ավելի վտանգավոր է խաղաղ պայմաններում ծառայելը, քան հենց պոստերում կամ դիրքերում գտնվելը», - հավելեց Սաքունցը:

Ըստ իրավապաշտպանի, ոչ բոլոր դեպքերի վերաբերյալ է, որ Պաշտպանության նախարարությունը հաղորդում է տեղի ունեցածի մասին, եւ առանձին դեպքեր մնում են անհայտ: Արթուր Սաքունցն օրինակ բերեց. ԱՄՆ պետքարտուղարության 2010 թվականի զեկույցում նշված է, թե հայկական բանակում գրանցվել է մահվան ելքով 54 դեպք, եւ այդ թիվը Միացյալ Նահանգների պետքարտուղարությանն է փոխանցել Հայաստանի պաշտպանության նախարարությունը: Մինչդեռ, արձանագրվել եւ բացահայտվել է նմանատիպ ընդամենը 44 դեպք:

«Այն, ինչ կատարվում է Զինված ուժերում, մարդու իրավունքների կոպիտ խախտում է, մարդու կյանքի իրավունքի կոպիտ խախտում է: Մենք գտնում ենք, որ Պաշտպանության նախարարությունը չի տիրապետում իրավիճակին: Գերագույն գլխավոր հրամանատարը ուղղակի պատասխանատվություն ունի Զինված ուժերի վիճակի առումով, եւ հարցերը ուղղում ենք նրան, որովհետեւ զարմանալի է մեզ համար նրա լռությունը», - ասաց Սաքունցը:

«Կան Հայաստանի բանակում մահացած զինծառայողներ, որոնց գործերը տարիներով չեն բացահայտվում եւ մեղավորները չեն պատժվում», - հայտարարեց Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը` հավելելով, թե բանակում շարունակվող մահվան դեպքերի, սպանությունների վերաբերյալ պետական մարմինները հստակ վիճակագրություն չեն տալիս, տալու դեպքում էլ` «իրարամերժ տվյալներ են տրամադրում»:

Երեկ Պաշտպանության նախարարության քննչական ծառայության պետ Արմեն Հարությունյանը հայտարարեց, թե ավելի քան երկու ամիս առաջ բանակում մահացած 19-ամյա ժամկետային զինծառայող Տիգրան Համբարձումյանի գործի կապակցությամբ մինչեւ օրս ոչ միայն կալանավորված որեւէ անձ չկա, այլեւ` որեւէ կասկածյալ:

Հիշեցնենք, որ այս գործը քննվում է «ինքնասպանության հասցնելու» հատկանիշներով, մինչդեռ Համբարձումյանի հարազատները, ովքեր տեսել են 19-ամյա զինծառայողի հոշոտված մարմինը համոզված են` իրենց որդուն սպանել են:

Այս գործի կապակցությամբ «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» հասարակական կազմակերպության ներկայացուցիչ Ժաննա Ալեքսանյանը ասաց. - «Դեպքի վայրում հայտնաբերվել էր նաեւ ածելի, որով իբր նա կտրել է իր երակը: Եվ ածելին, կարծես թե, մի ապացույց է քննչական մարմնի համար, որ սա ինքնասպանություն է: Սակայն պետք է ասեմ, որ ածելիի վրա մատնահետքեր չեն հայտնաբերվել` ո'չ Տիգրան Համբարձումյանի եւ ո'չ էլ որեւէ մեկի»:

Այսօր առավոտյան youtube-ում հայտնվել է «Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնության երեկ նկարահանած մի տեսանյութ: Տարածվեց նաեւ հաղորդագրություն, թե տեսանյութը պատկերում է Երեւանի Նորքի հոգեբուժարանում գտնվող, Արարատ քաղաքից բանակ զորակոչված 20-ամյա զինվոր Հովհաննես Վարդանյանին, ով պատմում է բանակում իր նկատմամբ կատարված սարսափելի դեպքի մասին: Հաղորդագրությունում նշվում է, որ զինվորն ավելի քան մեկ ամիս է, ինչ գտնվում է հոգեբուժարանում:

Իրավապաշտպանները հարց բարձրացրեցին, թե ինչու է այսքան ժամանակ դեպքը թաքցվել:

«Երկու ամիս է, թե ինչքան է` տղան հոգեբուժական հիվանդանոցում է, եւ Պաշտպանության նախարարության կողմից ոչ մի արձագանք… Եվ կասկած կար, այդ տղան էր ասում, որ ոչ միայն իրեն ծեծել են, այլեւ նույնիսկ սպաները ուզել են իրեն բռնաբարել: Եվ պատկերացրեդ, որ այսքան ժամանակ ծածկադմբոց է եղել այս դեպքը», - ասաց Իշխանյանը:

Օրվա ընթացքում «Ազատություն» ռադիոկայանը դիմեց Պաշտպանության նախարարության քննչական ծառայություն եւ Զինդատախազություն` մեկնաբանություններ ստանալու ակնկալիքով:

Զինդատախազությունից մեկնաբանություններ ստանալ չհաջողվեց, իսկ երեկոյան Պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրության համաձայն` youtube-ում հայտնված տեսանյութի կապակցությամբ զինվորական դատախազ Գեւորգ Կոստանյանի ցուցումով գործ է հարուցվել Քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի առաջին մասով` «պետի կամ պաշտոնատար անձի կողմից իշխանությունը կամ պաշտոնեական դիրքը չարաշահելը, իշխանազանցությունը կամ պաշտոնեական լիազորությունների սահմանն անցնելը, ինչպես նաեւ իշխանության անգործությունը, եթե այդ արարքները կատարվել են շահադիտական, անձնական այլ շահագրգռվածությունից կամ խմբային շահերից ելնելով, եւ եթե դրանք էական վնաս են պատճառել»:

Ինչ վերաբերում է քննչական ծառայությանը` այնտեղից «Ազատություն» ռադիոկայանին պատասխանեցին միայն Տիգրան Համբարձումյանի գործի վերաբերյալ, թե գործի շահերից ելնելով` նախաքննական մարմինը նպատակահարմար չի գտնում հրապարակում կատարել:


Ուղիղ հեռարձակում

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG