Մատչելիության հղումներ

Սեպտեմբերի 6-ի մամուլ


«Առավոտ»-ի խմբագիրը գրում է. - «Հայաստանում wikileaks բառը ձեռք է բերել ինչ-որ սարսափազդու, միստիկական նշանակություն, ընկալվում է որպես վերին ատյանի ճշմարտություն եւ գրեթե դատավճիռներ հրապարակող: Մինչդեռ դա պարզապես կայք է, լրատվամիջոց, իսկ վերջիններիս շարքում կան, իմ կարծիքով, ավելի հեղինակավորները, ասենք` BBC-ն կամ Guardian-ը: Եթե որեւէ երկրի դիվանագետ իր «գլխամասային» գերատեսչությանը ինչ-որ բան է զեկուցում, դա դեռ չի նշանակում, որ այդ զեկույցները ամբողջությամբ արտացոլում են բուն ճշմարտությունը: Նախ` որեւէ քաղաքական, պետական կամ հասարակական գործիչ զրուցելով արտասահմանցի դիվանագետի հետ` պարտադիր չէ, որ կատարելապես անկեղծ լինի: Նա ներկայացնում է այն «փաստերը», որոնք ինքն է շահագրգռված մատուցել: Երկրորդ` երբ դիվանագետը զեկույց է գրում, նա իր զրուցակցի ասածներից հասկանում է կամ ուզում է հասկանալ այն, ինչ իրեն է հետաքրքրում եւ համապատասխանում է իր նախօրոք ձեւավորված պատկերացումներին: Երրորդ` ինքը wikileaks-ը, իր կայքում տեղադրում է այն զեկույցները, որոնք նպատակահարմար է գտնում հրապարակել: Այս փչացած հեռախոսից կամ իրականության այս եռակի «բեկումից» սրտի թրթիռ ունենալը, իմ կարծիքով, միամտություն է»:

«Ժամանակ»-ը գրում է. - «Հայաստանի օլիգարխիան ներկայացվում է որպես Սերժ Սարգսյանին մնացած Ռոբերտ Քոչարյանի ժառանգություն, որից Սարգսյանը փորձում է ազատվել, սակայն չի կարողանում ներհամակարգային լուրջ դիմադրության պատճառով: Սակայն բնական է, որ Սերժ Սարգսյանի համար էլ իշխանության խնդիր է Քոչարյանի յուրային օլիգարխիկ համակարգն ապամոնտաժելն ու սեփականը ձեւավորելը: Այլ կերպ ասած՝ օլիգոպոլ եւ մոնոպոլ համակարգը քանդելու եւ մրցակցային միջավայր ձեւավորելու մասին իշխանության հրապարակային հայտարարությունները իրականում ոչ այլ ինչ են, քան միջանկյալ քարոզչական ֆոն, որ անհրաժեշտ է տնտեսան-քաղաքական համակարգը քոչարյանական օլիգարխիայի ռելսերից հանելու եւ Սերժ Սարգսյանի յուրային օլիգարխիայի «երկաթե տրամաբանությանը» ենթարկելու գործընթացը սպասարկելու համար»:

Կառավարման փորձագետ Հարություն Մեսրոպյանը «Երկիր» թերթին տված հարցազրույցում նույնպես անդրադարձել է օլիգարխիայի խնդիրներին: Նա ասում է. - «Քանի դեռ մեզ մոտ իշխում է օլիգարխիկ տնտեսությունը, տնտեսական ոչ մի օրենք աշխատել չի կարող: Համար մեկ պատճառը դա է, մնացած պատճառները` մաքսային, հարկային քաղաքականություն եւ այլն, երկրորդ, երրորդ եւ չորրորդ տեղում են: Այսինքն` մեզ մոտ բուն պրոբլեմն օլիգարխիկ տնտեսությունն է, սա նշանակում է, որ գները որոշվում են այնպես, ինչպես հարմար է օլիգարխին: Ընդ որում, մեզ մոտ օլիգարխիկ տնտեսության վատագույն տարբերակն է, եւ ոչ այնքան արտադրության մասով է օլիգարխիա, որքան ներկրման մասով, այսինքն` ներկրողները օլիգարխ են»: Լրագրողը հարցնում է. - «Այսինքն` գների զսպման լավագույն միջոցն օլիգարխիկ տնտեսության տապալո՞ւմն է»: Պատասխան. - «Այո, պետք է ջարդել օլիգարխիկ համակարգը, կոշտ քաղաքական կամք պետք է դրսեւորել: Դեմոկրատիա, լիբերալիզմ... նման մեխանիզմներով, օրենքներով հարցը չի կարգավորվի: Եթե կա օլիգարխիկ համակարգը, որը ե՛ւ երաժշտությունն է գրում, ե՛ւ խոսքերը, ե՛ւ երգում է, ե՛ւ պարում, ոչ մի համակարգ չի աշխատի: Օլիգարխիկ համակարգը պետք է կոշտ քաղաքական կամքով ջարդի երկրի առաջին դեմքը»:

«Չորրորդ ինքիշխանություն»-ը գրում է. - «Հայաստանի քաղաքական դաշտում իսկապես տարօրինակ իրավիճակ է ստեղծվել. իշխանություններն ու ընդդիմությունը տարբեր ֆորմատներով բանավիճում են, ու ամեն անգամ, երբ ընդդիմությունը սրանց մեղադրում է համատարած թալանի ու կոռուպցիայի մեջ, սրանք հակադարձում են, թե «ժամանակին դուք էլ եք թալանել»: Սկսենք նրանից, որ Հայաստանի պետական կառավարման համակարգը երբեք էլ բացառապես հրեշտակներից կազմված չի եղել, բայց դժվար է ասել, թե կոնկրետ ով որքան է թալանել, որովհետեւ թվերը հստակ չեն: Եվ այնուամենայնիվ մի երկու փաստ հիշենք: 90-ականներին վարչապետ Հրանտ Բագրատյանի հասցեին մի ահավոր ծանր մեղադրանք հնչեց` նա, պատկերացրեք, «Մալբորո» էր ծխում, որի տուփն արժեր մեկ դոլար: Ընդամենը 10 տարի անց միջազգային լրատվամիջոցներում տեղեկություններ հրապարակվեցին այն մասին, որ Ռոբերտ Քոչարյանի ունեցվածքը կազմում է մի քանի միլիարդ դոլար: Զգացի՞ք առաջընթացը»:

«168 ժամ»-ին տված հարցազրույցում Ազգային ժողովի փոխնախագահ Սամվել Նիկոյանը ասում է - «Ինձ թվում է, որ Տիգրան Առաքելյանի միջադեպն անհարկի քաղաքականացվեց եւ մտավ քաղաքական նախապայմանների դաշտ: Եվ, ցավոք սրտի, դա խանգարեց իրավական հարթության մեջ լուծումներ գտնելուն: Իմ կարծիքով` ոչ բոլորն են ուզում, որ երկխոսությունը շարունակվի եւ ունենա իր տրամաբանական ավարտը»: Հարց - «Ո՞ւմ նկատի ունեք, իշխանությա՞նը, թե՞ ընդդիմությանը»: Պատասխան. - «Երկու դաշտից էլ: Դա կախված է քաղաքական գործիչների տրամադրվածությունից, նախասիրությունից, թե ինչպես են տեսնում քաղաքական պայքարը, եւ իրենք պայքարի որ ձեւի կրողն են»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG