Մատչելիության հղումներ

Wikileaks-ը` Սերժ Սարգսյան - Ռոբերտ Քոչարյան հարաբերությունների մասին


Հայաստանի ներկայիս եւ նախկին նախագահներ Սերժ Սարգսյանը եւ Ռոբերտ Քոչարյանը Ղարաբաղի կողմից անկախության հռչակման 18-ամյակին նվիրված տոնակատարության ժամանակ, 2-ը սեպտեմբերի, 2009թ.

Հայաստանի ներկայիս եւ նախկին նախագահներ Սերժ Սարգսյանը եւ Ռոբերտ Քոչարյանը Ղարաբաղի կողմից անկախության հռչակման 18-ամյակին նվիրված տոնակատարության ժամանակ, 2-ը սեպտեմբերի, 2009թ.

Wikileaks-ի համաձայն, երկու տարի առաջ՝ 2009 թվականի փետրվարին, իշխող Հանրապետական կուսակացության ներկայացուցիչ, ներկայումս Ազգային ժողովի փոխխոսնակ Սամվել Նիկոյանը ԱՄՆ-ի դեսպանատան ներկայացուցիչների հետ հանդիպմանը բացահայտ խոսել է Սերժ Սարգսյան - Ռոբերտ Քոչարյան հակասության մասին:

Նիկոյանի խոսքով, նախագահ Սարգսյանը անձամբ է հանդիպել Ռոբերտ Քոչարյանին այն բանից հետո, երբ Ազգային ժողովում կոալիցիոն դաշնակիցներ «Բարգավաճ Հայաստան»-ը եւ Դաշնակցությունը վճռականորեն քննադատել ու հրապարակավ դեմ են արտահայտվել կառավարության առաջարկած օրենսդրական նախաձեռնությանը: Ըստ Նիկոյանի, Սերժ Սարգսյանը Ռոբերտ Քոչարյանին ասել է. - «Դուք կարող եք վարչապետ լինել, սակայն այդ դեպքում պետք է նաեւ Ձեզ հետ նախագահ բերեք»:

«Տպավորությունն այնպիսին է, կարծես Սերժ Սարգսյանը չի հանդուրժելու Քոչարյանի շարունակական քաղաքական մանեւրները՝ Սարգսյանի կառավարության դեմ, եւ եթե այս հեռակա քաղաքական պատերազմները շարունակվեն, դա կարող է վերածվել լայնածավալ առճակատման», - Վաշինգտոն ուղարկված հեռագրում գրել է Հայաստանում ԱՄՆ-ի գործերի հավատարմատար Ջոզեֆ Փենինգթոնը:

Վերջինիս հետ զրույցում Հանրապետական խմբակցության քարտուղար Սամվել Նիկոյանը ներկայացրել է իր գնահատականը եւ պնդել, թե չնայած Սերժ Սարգսյանի ընդդիմությանը, նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը կարող է խորհրդարանում բավարար չափով ձայներ հավաքել՝ կառավարությանը անվստահություն հայտնելու համար, եթե իրապես նման մտադրություն ունենա: Իր կողմից ամերիկացի դիվանագետը մանրամասնել է. - «Կոալիցիայի ներսում «Բարգավաճ Հայաստան»-ը լիովին ընկալվում է որպես Քոչարյանի գործիք, Դաշնակցությունը չնայած ավելի անկախ է, սակայն նաեւ ավելի սերտ կապեր ունի Քոչարյանի, քան Սերժ Սարգսյանի հետ: «Օրինաց երկիր»-ը թվում է, թե հիմա Սարգսյանի ճամբարում է, սակայն այս կուսակցության առաջնորդն արդեն ապացուցել է, որ միշտ պատրաստ է համաձայնել, եթե որեւէ մեկն ավելի ձեռնտու առաջարկ անի: Իշխող Հանրապետականը լիովին նախագահի եւ վարչապետի թիկունքում է, այդուամենայնիվ, Հանրապետականի էլիտայում էլ կարող են ի հայտ գալ խորքային ճաքեր, հենց որ խաղաքարտերը բացվեն», - գրել է Փենինգթոնը:

Զրույցում հանրապետական Նիկոյանը վստահեցրել է, թե կառավարությունը մաքսային եւ հարկային դաշտում վերահսկում է օլիգարխներին, որոնց պատկանում են ամենաշահութաբեր բիզնեսները ներմուծման ոլորտում: Պատգամավորի խոսքով, իշխանությունները չեն կարող ուղիղ պայքար մղել նրանց դեմ, այդ իսկ պատճառով օգտագործում են հսկիչ դրամարկղային մեքենաների խաղարկության կտրոնները՝ որպես նրանց ստվերային բիզնեսը բացահայտելու գործիք:

Ասվածն ապացուցելու համար Նիկոյանը բերել է իր հարազատներից մեկի օրինակը, որը դեղատան սեփականատեր է: Նախկինում, նշել է Նիկոյանը, դեղատները հարկային մարմիններին ներկայացնում էին վաճառքի ընդհանուր ծավալների կեսը միայն, մյուս կեսը պահում էին ստվերում: Հսկիչ դրամարկղային կտրոնների եւ խաղարկությունների ներդրումից հետո դա անհնարին է դարձել, որովհետեւ գնորդները պահանջում են իրենց կտրոնները: Մյուս կողմից, ըստ Նիկոյանի, այս մեխանիզմը հնարավորություն է տվել իշխանություններին համադրել տեղեկությունները եւ որոշ ժամանակ անց պատկերացում կազմել, օրինակ, դեղերի բիզնեսով զբաղվող Սամվել Ալեքսանյանի կողմից ներկրվող ապրանքների իրական ծավալի մասին ու ըստ այդմ էլ նրանից հարկեր գանձել:

Հեռագրի ավարտին Փենինգթոնը նշում է, որ կուլիսների ետեւում Սերժ Սարգսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի միջեւ շարունակվող պայքարը արդեն դուրս է եկել հազիվ նշմարվող ակնարկների ու շշուկների մակարդակից եւ դարձել քաղաքի՝ ամենավատ պահվող գաղտնիքներից մեկը: «Այդուամենայնիվ, նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը՝ «Բարգավաճ Հայաստան»-ի համագումարում, ցույց է տվել, որ նա կարողացել է գոնե առայժմ իր կողմում պահել այդ կուսակցությունը», - գրել է ամերիկացի բարձրաստիճան դիվանագետն ու հավելել. - «Եթե Նիկոյանի ներկայացրած տեղեկություններ ճիշտ են, շատ հետաքրքիր է, որ Սերժ Սարգսյանը ուղղակիորեն հակադրության մեջ է մտել Քոչարյան հետ, եւ վերջինս նահանջել է: Սա նաեւ մտահոգիչ է, քանի որ ցույց է տալիս, թե որքան դժվարին կարող են դառնալ այս երկուսի հարաբերությունները»:

«Մենք կարծում ենք, որ Քոչարյանը դեռեւս կսպասի իր համար բարենպաստ ժամանակների, թերեւս, երբ առաջիկա տնտեսական-ֆինանսական ճգնաժամը վերջնականապես կհարվածի վարչապետ ու նախագահ Սարգսյանների վարկանիշներին, եւ հետո արդեն առավել վճռական քայլեր կձեռնարկի` որոշ չափով իշխանության վերադառնալու համար», - Վաշինգտոն ուղարկված փաստաթղթում գրել է Հայաստանում ԱՄՆ-ի գործերի հավատարմատարը:

Ուղիղ հեռարձակում

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG