Մատչելիության հղումներ

Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչը Բաքվում է


Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Ֆիլիպ Լեֆոր

Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Ֆիլիպ Լեֆոր

Հարավային Կովկասում եւ Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության նորանշանակ հատուկ ներկայացուցիչ Ֆիլիպ Լեֆորը կիրակի օրը ժամանել է Բաքու։ Պաշտոնյայի հիմնական հանդիպումներն այսօր են նախատեսված:

Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների` եվրոպացի պաշտոնյան հանդիպումներ կունենա ադրբեջանցի մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների հետ։ Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայության հաղորդմամբ` արդեն իսկ կայացել է Ֆիլիպ Լեֆորի հանդիպումը նախագահ Իլհամ Ալիեւի հետ։

Ըստ հաղորդման` Ալիեւի եւ Լեֆորի զրույցի ընթացքում քննարկվել է նաեւ ղարաբաղյան հակամարտության կարգավորումը: Հարավային Կովկասում ԵՄ-ի հատուկ ներկայացուցիչը Ադրբեջանի նախագահին է փոխանցել ԵՄ արտգործնախարար Քեթրին Էշթոնի ողջույնները, նաեւ նրա խոսքը, թե նա շահագրգռված է էլ ավելի մեծացնել տարածաշրջանի երկրների հետ համագործակցությունը:

Մինչ պաշտոնական հանդիպումները, Լեֆորը նաեւ ադրբեջանցի լրագրողների հետ է շփվել։ Հաշվի առնելով, որ նոր պաշտոնում սա Լեֆորի առաջին հանդիպումն էր լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ, նա առավելապես արձանագրային հայտարարություններով է հանդես եկել։ Լեֆորը ասել է, որ իր այցը պայմանավորված է այն հանգամանքով, որ Հարավային Կովկասը ԵՄ-ի համար մեծ հետաքրքրություն է ներկայացնում, ուստի նշանակումից հետո նա ցանկություն է հայտնել այցելել Հարավային Կովկասի երեք մայրաքաղաքներ։

Եվրոպացի պաշտոնյան Երեւանում կլինի սեպտեմբերի 7-ին: Նա հանդիպումներ կունենա Հայաստանի նախագահի, արտգործնախարարի, Պաշտպանության նախարարի, Անվտանգության խորհրդի քարտուղարի եւ խորհրդարանի խոսնակի հետ:

Ֆիլիպ Լեֆորը Հարավային Կովկասում եւ Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ-ի հատուկ ներկայացուցչի պաշտոնը ստանձնել է սեպտեմբերի 1-ից` փոխարինելով Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Փիթեր Սեմնեբիին եւ Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Պիեռ Մորելին։

Լեֆորը ֆրանսիացի դիվանագետ է, ավելի քան 20-ամյա աշխատանքային փորձ ունի։ Նա 2004-2007 թվականներին զբաղեցրել է Վրաստանում Ֆրանսիայի դեսպանի պաշտոնը: Նրա աշխատանքային ուղու մեծ մասը անցել է Հարավային Կովկասում եւ Ռուսաստանում:

Դեսպան Լեֆորը Երեւան կայցելի Թբիլիսիից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG