Մատչելիության հղումներ

Նվագում էր նվագախումբը, հեքիաթային կերպարները շրջում էին այգում եւ լուսանկարվում երեխաների հետ, իսկ պաղպաղակը վաճառվում էր 50 դրամով: Կենդանաբանական այգում պաղպաղակի օր էր:

Կազմակերպիչները նշում էին, որ վաճառքից ստացված ամբողջ հասույթը տրամադրվելու է այգու կենդանիներին՝ նրանց սննդի եւ խնամքի համար:

«Ամեն վաճառքի կետում դրված է մեկ հանգանակության տուփ, որտեղ գնորդները իրենց գումարն են գցում եւ ամեն տուփի վրա կա մի կենդանու նկար եւ գրված է, թե գումարը այդ կենդանու ինչ կարիքի համար է», - նշեց միջոցառման պատասխանատու Սաթենիկը:

Պաղպաղակ ուտելու էին եկել նաեւ երեխաներ հատուկ դպրոցներից ու մանկատներից, ում մուտքը օրվա ընթացքում անվճար էր:

Սաթենիկը նշեց, որ բացի կենդանիների խնամքին ուղղված գումար հավաքելուց, եւս մի նպատակ են հետապնդում. - «Շեշտադրումը դրեցինք էկոպաղպաղակի վրա՝ պաղպաղակն առանց պոլիէթիլենի, առանց փաթեթավորման: Ուզում ենք մարդկանց քաջալերենք, որ օգտագործեն առանց պոլիէթիլենի պաղպաղակ, որովհետեւ այն վնասակար է բոլորիս համար»:

Միջոցառման ժամանակ այգում շրջող հեքիաթային հերոսները բացի երեխաների հետ խաղալուց եւ նրանց հետ լուսանկարվելուց, նաեւ բացատրում էին, որ աղբը չի կարելի նետել գետնին, այն պետք է տարբերակել՝ պոլիեթիլենը պետք է նետել առանձին աղբարկղի մեջ:

«Այգում տարբեր աղբարկղեր են դրված ու վրան գրված է՝ սննդի կամ պոլիէթիլենի համար: Այդպիսով ուզում ենք սովորեցնել մեր այցելուներին, թե աղբը ինչպես պետք է տարբերակել», - հավելեց նա:

«Էկոլուր» տեղեկատվական հասարակական կազմակերպության նախագահ Ինգա Զարաֆյանը պնդում է, որ պոլիէթիլենը վտանգավոր է ե՛ւ մարդկանց, ե՛ւ կենդանիների, ե՛ւ ամբողջ բնության համար: Նրա խոսքերով, մեր թափոնների 40 տոկոսը կազմում է հենց պոլիէթիլենը: Այն վտանգավոր է, քանի որ չի քայքայվում բնության մեջ, այրելիս էլ մինչեւ 70 տոկոսը քայքայվում է, բայց դրա այրումից առաջացած բոլոր վտանգավոր նյութերը արտանետվում են մթնոլորտ:

Նա եւս համաձայն է, որ անհրաժեշտ է աղբի տարբերակված տարաներ ունենալ: Իրենց կազմակերպությունը այդպիսի տարաներ գտել է դեռեւս միայն Հրազդան քաղաքում: Այսինքն, ըստ նրա, Հայաստանում դա հնարավոր է անել, ուղղակի ցանկություն է պետք:

XS
SM
MD
LG