Մատչելիության հղումներ

logo-print
Այս ամսվա վերջին ավարտվում է ԱՄՆ-ի «Հազարամյակի մարտահրավեր» կորպորացիայի (ՀՄԿ) հայաստանյան ծրագիրը, ինչի կապակցությամբ «Հազարամյակի մարտահրավեր հիմնադրամ-Հայաստան» ՊՈԱԿ-ի գործադիր տնօրեն Արա Հովսեփյանը երկուշաբթի օրը լրագրողներին ներկայացրեց հիմնադրամի կատարած աշխատանքները:

Հիշեցնենք, որ 2006 թվականին «Հազարամյակի մարտահրավեր» կորպորացիան ծրագրել էր Հայաստանին հատկացնել մոտ 235 միլիոն դոլարի գումար` նախատեսված ոռոգման համակարգերի եւ գյուղական ճանապարհների շինարարության համար: 2009-ին, սակայն, կորպորացիայի տնօրենների խորհուրդը որոշեց դադարեցնել մոտ 60 միլիոն դոլար արժողությամբ ճանապարհաշինության ծրագրի ֆինանսավորումը` պայմանավորված մի շարք քաղաքական ցուցանիշների գծով Հայաստանի կատարողականի վատթարացմամբ: Շարունակվեց եւ ավարտին հասցվեց միայն ոռոգման համակարգերի կառուցման ծրագիրը:

«Օգոստոսի 31-ի դրությամբ մեր ծրագրով ընդամենը ծախսվել է մոտ 146 միլիոն դոլար: Մինչեւ ծրագրի ավարտը նախատեսվում է եւս մոտ 30 միլիոն դոլար ծախսել», - տեղեկացրեց Արա Հովսեփյանը:

Նա նշեց, որ փաստացի կատարվել է ծրագրով նախատեսված աշխատանքների 90 տոկոսից ավելին, այդ թվում` վերականգնվել են վեց մայր ջրանցքներ եւ 5 ինքնահոս համակարգեր, վերականգնվել է Արարատյան դաշտավայրի դրենաժային համակարգը, ինչպես նաեւ 17 պոպմակայաններ:

2008 թվականի մարտին հետընտրական իրադարձություններից անմիջապես հետո ՀՄԿ-ի գլխավոր տնօրեն Ջոն Դանիլովիչը նամակ էր հղել Հայաստանի այն ժամանակվա նախագահ Ռոբերտ Քոչարյանին` նախազգուշացնելով, որ մարտյան իրադարձությունները կարող են իրենց ազդեցությունն ունենալ ՀՄԿ-ի հայաստանյան ծրագրերի վրա: Քոչարյանը պատասխան նամակ էր գրել, որի բովանդակությունը սակայն այդպես էլ չհրապարակվեց, չնայած լրագրողների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լեւոն Բարսեղյանը Հայաստանի դատական բոլոր ատյաններում ապարդյուն կերպով բողոքարկեց այդ նամակը չհրապարակելու իրողությունը: Ներկայումս Բարսեղյանի հայցը ընդունված կարգի համաձայն տեղափոխվել է Ստրասբուրգի Մարդու իրավունքների դատարան:

Բարսեղյանը, ում ղեկավարած լրագրողների «Ասպարեզ» ակումբը ՀՄԿ-ի ծրագրի առաջին երկու տարիներին ընդգրկված է եղել հիմնադրամի խորհրդում, «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում խիստ ցածր գնահատեց կատարված աշխատանքների արդյունավետությունը: «Ասպարեզ» ակումբը եւ շահառուների խորհրդում ընդգրկված եւս 46 այլ ՀԿ-ներ ծրագրի մեկնարկից երկու տարի անց դուրս են եկել խորհրդից` այդպիսով բողոքելով, իրենց ձեւակերպմամբ, հասարական հսկողություն իրականացնող խորհրդի ձեւական գործունեության դեմ:

«Ծրագրից կրճատվել է ճանապարհաշինական բաղադրիչը, ջրաշինարարական բաղադրիչը կրճատվել է գրեթե կիսով չափ նույնպես, ինչի մասին հանրությունը չգիտես ինչու, շատ քիչ է տեղյակ: 7 ջրամբարները, որոնք պիտի լինեին, չկան, 64 պոմպակայանների փոխարեն վերականգնվել է ընդամենը 17 պոմպակայան: 2008 թվականին ծրագրի կառավարման խորհուրդը որոշել է դոլարի արժեզրկման եւ շինարարության թանկացման պատճառաբանությամբ կրճատել ծրագրի ջրաշինարարական ծավալների մի զգալի մասը, եւ եթե հիշենք, որ ծրագրի մեկնարկին նախատեսվում էր ամբողջ ծրագրի շնորհիվ ունենալ գյուղական աղքատության շրջանում 6 տոկոս լրացուցիչ նվազեցում, հասկանալի է, որ այս բաղադրիչների կրճատման արդյունքում այդ 6 տոկոսը օբյեկտիվորեն անհասանելի է, հազիվ 3 տոկոս կարողանան ցույց տալ», - ասաց Բարսեղյանը:

Հարցին, թե որքանո՞վ է հավանական համարում, որ ՀՄԿ-ն Հայաստանում նոր ծրագիր ֆինանսավորի, Բարսեղյանը պատասխանեց, թե իր կարծիքով` Հայաստանը դեռ երկար ժամանակ «չի ունենա երկրորդ ծրագրի հայտունակության որակ»:

«Այս 5-6 տարիներին Հայաստանը մշտապես կաղացել արդար կառավարման ցուցիչով, որը ունի վեց ենթացուցիչ, որոնցից 5-ը կամ 4-ը եղել են առնվազն անթույլատրելի սահմաններում», - արձանագրեց Բարսեղյանը:

Արա Հովսեփյանը դժվարացավ պատասխանել նույն հարցին: Ըստ նրա` այդ հարցը քաղաքական է, ինչին ինքը պատասխանելու իրավասություն չունի: Նա բավարարվեց միայն հետեւյալն արձանագրումով. - «Մոտավորապես նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին դուրս կգա Հայաստանի տարեկան ինդիկատորների կատարողականը, որով բոլոր երկրները չափվում են, եւ մենք էլ կհասկանանք, թե արդյո՞ք կարող ենք այս պահին այս տարի հավակնել դիմելու երկրորդ ծրագրին»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG