Մատչելիության հղումներ

Փարաջանովի տուն-թանգարանը նշում է իր 20-ամյա հոբելյանը


Փարաջանովի թանգարանի կայքէջը

Փարաջանովի թանգարանի կայքէջը

Այս տարի լրանում է Երեւանի մշակութային լավագույն կենտրոններից մեկի` Սերգեյ Փարաջանովի տուն-թանգարանի հիմնադրման 20-ամյա հոբելյանը, որը հանդիսությամբ կնշվի սեպտեմբերի վերջին օրերին:

«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում թանգարանի հիմնադիր տնօրեն Զավեն Սարգսյանը ասաց, որ հոբելյանը լրացել էր հուլիսին, բայց ամառային տապի պատճառով որոշեցին այն նշել սեպտեմբերի վերջին, եւ այդ կապակցությամբ արդեն իսկ բազմաթիվ հյուրեր են հրավիրվել` արվեստագետներ, Փարաջանովի մտերիմներն ու այլք:

Հենց հուլիսին թանգարանը նվեր է ստացել Փարաջանովի ընկերներից մեկից: Զավեն Սարգսյանի խոսքերով, ԱՄՆ-ում բնակվող նկարիչ Հովիկ Դիլաքյանը` դերասան Թաթուլ Դիլաքյանի որդին, ուղարկել է 1980 թվականին Փարաջանովի` իրեն նվիրած սպիտակ շապիկը, որը աշխարհահռչակ կինոռեժիսորը ամբողջովին նկարազարդել էր գրչով:

«Եվ սա բացառիկ մի նմուշ է», - ընդգծեց Զավեն Սարգսյանը` հայտնելով, որ նման մի շապիկ էլ Փարաջանովը ժամանակին իր ձեռքով նվիրել էր Ֆեդերիկո Ֆելինիին, իսկ մեկ ուրիշն էլ Փարիզում նվիրել էր Ֆրանսուազ Սագանին:

Իր գոյության եւ աշխույժ գործունեության 20 տարիների ընթացքում թանգարանը ոչ միայն Երեւանում է ներկայացրել Փարաջանովի արվեստը, այլեւ բազմաթիվ ցուցադրություններով եղել է աշխարհի տարբեր երկրներում:

Ինչպես հայտնեց Զավեն Սարգսյանը, հոբելյանական այս օրերից հետո կրկին մի քանի ցուցադրություններ ունեն արտերկրում` հոկտեմբեր եւ նոյեմբեր ամիսներին:

Մասնավորապես, հրավեր է ստացվել Բրազիլիայի Սան Պաուլո քաղաքի Ժամանակակից արվեստի թանգարանից, որը Հարավային Ամերիկայի ամենամեծ թանգարանն է, եւ Սան Պաուլոյի միջազգային կինոփառատոնից` Փարաջանովի մեծ ցուցահանդես եւ նրա ֆիլմերի հետահայաց ցուցադրություն ներկայացնելու:

Մեկ այլ ցուցահանդես նախատեսված է Կանադայի Մոնքթըն քաղաքում, որը նախաձեռնել են թե' տեղի հայերը, թե' կանադացի արվեստասերները` Փարաջանովի արվեստի երկրպագուները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG