Մատչելիության հղումներ

Հայաստանցի Գյուլիստանը` նիդերլանդական սկանդալային շոուի առաջին հաղթող


Նիդերլանդներ - Ամստերդամի փողոցներից մեկը

Նիդերլանդներ - Ամստերդամի փողոցներից մեկը

Նիդերլանդներում հինգշաբթի օրը մեկնարկած սկանդալային հեռուստաշոուն ակտիվորեն քննարկվում է եվրոպական մամուլում:

Հեռուստանախագծին, որն իրենից ինտելեկտուալ մրցույթ է ներկայացնում, կարող են մասնակցել Նիդերլանդներում ապաստան հայցող այն երիտասարդները, որոնց այդ երկիրը որոշել է արտաքսել եւ ովքեր ստիպողաբար իրենց երկրներն են վերադառնալու մինչեւ տարվա վերջ:

Հեռուստաշոուի հաղթողը չի ստանում Նիդերլանդներում ապրելու իրավունք, կարգավիճակ կամ քաղաքացիություն, սակայն ստանում է 4 հազար եվրո կազմող մրցանակ, ինչը, խաղը կազմակերպողների խոսքով, պետք կգա նրան իր հայրենիքում նոր կյանք սկսելու համար: Մրցանակը, սակայն, հաղթողը կարող է ստանալ միայն վերադառնալուց հետո:

Հեռուստաշոուի առաջին հաղթողը 18-ամյա Գյուլիստանն է: Թերթերը գրում են, որ նա Հայաստանի քրդերից է, ընտանիքի հետ Նիդերլանդներ է տեղափոխվել 11 տարի առաջ, երբ բանտում սպանվել է նրա մեծ եղբայրը:

Գյուլիստանը կարողացել է ճիշտ պատասխանել Նիդերլանդների պատմությանը, մշակույթին վերաբերող հարցերին, օրինակ` թե ով է եղել Նիդերլանդների առաջին արքան: Գյուլիստանը նաեւ պանրի կտորներից հավաքել է Նիդերլանդների քարտեզը:

Հեռուստաշոուի հեղինակ Ֆրանկ Վեյրինգը ասել է, որ այս նախագծի ընթացքում լացակումած պատմություններ չեն լինի, որ իրենք ցանկանում են ցույց տալ, թե իրականում ովքեր են արտաքսվողները, եւ որ իշխանությունները մեղք են գործում` թողնելով նրանց հեռանալ:

«Մենք ցանկանում ենք քաղաքական քննարկում սկսել` ապաստան հայցողների ճակատագրի վերաբերյալ, օրինակ, թե ինչպես են նրանք շարունակելու այստեղ սկսած իրենց կրթությունը` դուրս մղվելով այս երկրից», - հավելել է Վեյրինգը:

Շոուն կոչվում է Weg van Nederland, ինչը բառախաղ է եւ կարող է հասկացվել երկու իմաստով` «Հեռու Նիդերլանդներից» , կամ «Պաշտում եմ Նիդերլանդները»:

Նախագծի չհաղթած մասնակիցները խրախուսական նվերներ են ստացել ` Հոլանդիայի խորհրդանիշը համարվող վարդակակաչի սոխուկներով պարկ եւ զրահաբաճկոն:

Հեռուստաշոուին բացի հայաստանցի Գյուլիստանից մասնակցել են նաեւ սլավոնագետ ուսանող Չեչնիայից եւ ավիակոնստրուկտոր ուսանողուհի Կամերունից, ով հեռացել է իր երկրից` խուսափելու համար 15 տարեկանում ամուսնանալու հեռանկարից:

Նիդերլանդների կառավարությունը հայտարարել է, որ 11 հազար 500 ապաստան հայցողների դիմումները մերժվել են, եւ այլ անօրինական միգրանտների հետ նրանք էլ պետք է վտարվեն երկրից:

Միգրացիայի նախարար Գերդ Լեերսը չի մեկնաբանել հեռուստանախագիծը, սակայն հայտարարել է, որ իշխանությունը ապաստան տալու արդար քաղաքականություն է վարում, եւ որ բոլորի դիմումները մանրակրկիտ ուսումնասիրվում են:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG