Մատչելիության հղումներ

Հայաստանի նախգահ Սերժ Սարգսյանը Տաջիկստանի մայրաքաղաք Դուշանբեում այսօր անցկացվող ԱՊՀ գագաթնաժողովում հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղը արյան գնով է նվաճել անկախության իրավունքը։

«Ռեգնում» գործակալության փոխանցմամբ, Հայաստանի նախագահը հիշեցրել է, որ 20 տարի առաջ՝ այս օրերին, Լեռնային Ղարաբաղը անկախություն է հռչակել։

«Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը բոլոր հիմքերն ունենալով՝ օգտվել է ինքնորոշման իր իրավունքից եւ արյան գնով նվաճել է անկախ գոյատեւման իր իրավունքը», - ընդգծել է Հայաստանի նախագահը։

Սերժ Սարգսյանի ելույթը հարուցել է գագաթնաժողովին մասնակցող Ադրբեջանի վարչապետ Արթուր Ռասիզադեի դժգոհությունը։ Վերջինս հանդես է եկել պատասխան ելույթով եւ հայտարարել, որ Հայաստանի նախագահի խոսքերը հարցականի տակ են դնում ղարաբաղյան հակամարտության կարգավորման միջնորդական առաքելություն իրականցնող ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի գործունեությունը եւ նմանատիպ խաղաղարար նախաձեռնությունները։

Հիշեցնենք, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը չի մասնակցել Դուշանբեի գագաթնաժողովին։ Ադրբեջանի նախագահի գրասենյակը գագաթնաժողովին չմասնակցելու՝ Ալիեւի որոշման վերաբերյալ պաշտոնական պարզաբանումներ չի ներկայացրել, սակայն ադրբեջանական եւ ռուսական մամուլի հրապարակումներում նշվում է, որ Ալիեւն այսպիսով իր դժգոհությունն է արտահայտում ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացից եւ Ռուսաստանի միջնորդական ջանքերից:

Դուշանբեում անցկացվող գագաթնաժողովը հոբելյանական է՝ այն նվիրված է Անկախ պետությունների համագործակցության (ԱՊՀ) ձեւավորման 20-ամյակին։ Գագաթնաժողովին ներկա են ԱՊՀ 11 անդամ երկրներից 8-ի՝ Հայաստանի, Ռուսաստանի, Ուկրաինայի, Ղազախստանի, Ղրղըզստանի, Թուրքմենստանի, Մոլդովայի եւ Տաջիկստանի նախագահները:

Ուղիղ հեռարձակում

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG