Մատչելիության հղումներ

Սեպտեմբերի 3-ի մամուլ


«Հայոց աշխարհը» զրուցել է հանրապետական պատգամավոր Արտակ Դավթյանի հետ։ Նա ասում է. - «Երկխոսության գործընթացն ինքնին արդեն արդյունք է, անգամ եթե դա իր տրամաբանական շարունակությունը չունենա, կամ պրոցեսը որոշակիորեն ձգձգվի։ Իհարկե, ցանկալի կլիներ, եւ երկխոսության նպատակն էլ հենց դրանում էր, որ իրական պայմանավորվածություններ ձեռք բերվեն։ Ուղղակի չի՛ կարելի ոչ վերջնագրերով խոսել, ոչ էլ կամակորություն անել, քմահաճ երեխայի պես ոտքը խփել գետնին եւ ասել` իմ ուզած խաղալիքը տվեք, թե չէ կփոշմանեք, կամ կլացեմ այնքան, մինչեւ հասնեմ իմ ուզածին։ Կարծում եմ, կոալիցիան ճիշտ է վարվում` ավելի շատ ծնողի հոգատարությամբ, որպես ծնող վերաբերվելով ՀԱԿ-ի քմահաճույքներին, աշխատելով անհարկի լարվածություն չստեղծել, հնարավորինս ընդառաջել ՀԱԿ-ի ակնկալիքներին, իհարկե, ողջամտության սահմաններում»։

«Հրապարակը» գրում է․ - «Հայաստանի իշխանությունը, փաստորեն, գաղտնի է պահում իր մշակած 135 էջանոց փաստաթուղթը, որով նա պատասխանել է արտահերթ ընտրությունների անհրաժեշտության մասին ՀԱԿ 85 էջանոց հիմնավորումներին: Երեկ մեր թղթակիցը իշխանական պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանին հարցրել է, թե ինչու փաստաթուղթը չեն հրապարակում: Նա հայտարարել է, թե գաղտնի չէ, սակայն քանի որ այն մասամբ են ներկայացրել ընդդիմության հետ երկխոսության վերջին ռաունդում ու չեն փոխանցել ընդդիմությանը, չեն հրապարակում: Փաստորեն, եթե իշխանություն - ընդդիմություն երկխոսությունը դադարեցվի, հայ հանրությունն այդպես էլ չի իմանա իշխանության տեսակետը, թե ինչու Հայաստանում չպետք է լինեն արտահերթ ընտրություններ»։

«Առավոտը» գրում է․ - «Երկխոսության համար կոալիցիան առաջարկել էր օրակարգային հարց․ «Ընտրությունների պատշաճ անցկացման նպատակով քաղաքակիրթ մրցակցությունն ապահովող կանոնների ձեւավորում»։ Արդյոք Դաշնակցությունը մտադի՞ր է ներգրավվել այդ գործընթացում, որ ընտրություններից առաջ մշակվեն քաղաքակիրթ մրցակցության կանոններ»։ «Առավոտի» այս հարցին ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը պատասխանել է․ - «Մենք նման մի փուլ չհաջողեցինք ԱԺ-ում։ Մենք ներկայացրել էինք հենց այդ պայմանները, որոնք հնարավորություն կտային ավելի մեծ վստահություն ունենալ ընտրությունների նկատմամբ, բայց մեր 4 պահանջները մասնակի բավարարվեցին, եւ մերժվեցին մեր հիմնական պահանջները՝ կապված հենց այդ խնդրի լուծման հետ։ Ուստի մենք շա՜տ դժվարությամբ ենք հավատում իշխանությունների այդ կամքին, քանի որ եթե դրա դրսեւորման խնդիր կար՝ դա պետք է արվեր մինչեւ «Ընտրական օրենսգրքի» ընդունումը։ Ինչեւիցե՝ կողմ ենք ցանկացած համագործակցության, որը կնպաստի ընտրությունների նկատմամբ քաղաքական ուժերի եւ քաղաքացիական վերահսկողությունը մեծացնելուն»։

Wikileaks-ի բացահայտումների հերթական փաթեթի վերաբերյալ «168 ժամի» թղթակիցը դիմել է քաղաքական ուժերի ներկայացուցիչներին։ Հանրապետական կուսակցության փոխնախագահ Գալուստ Սահակյանը հայտարարել է, թե ինքը անգամ ուշադրությամբ չի հետեւում այդ հրապարակումներին, որովհետեւ դա հասարակությունը մոլորեցնելու հերթական մի կենտրոն է։ - «Աշխարհը անմիջապես մի 10 օրում ձերբազատվեց, բայց Հայաստանը դեռեւս քննարկում է։ Կարծում եմ, որ բոլոր դեպքերում դա չի կարելի վերլուծության նյութ դարձնել այս կամ այն իրադարձության առումով։ Չեմ կարծում, որ ամբողջ Ամերիկայի պետությունը առաջացել է, որպեսզի խորը ուսումնասիրի Հայաստանի իրադարձությունները», - ասել է Հանրապետականի փոխնախագահը։ Գրեթե նույն անտարբերությունն է դրսեւորել նաեւ Դաշնակցության Հայ դատի եւ արտաքին հարցերով գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը։ - «Ես չեմ կարծում, որ Wikileaks-ը հատուկ նկատառումներով է հրապարակում տեղեկությունները, ժամանակը եւ բովանդակությունը ճշտում է։ Պիտի հիշենք, որ ի վերջո Wikileaks-ն է ամերիկյան կառավարության փաստաթղթերը կամ ենթադրյալ փաստաթղթերը հրապարակում, բայց ամերիկյան կառավարությունը չէ հրապարակում։ Եվ այնպես չէ, որ միայն Հայաստանի մասին է հրապարակում։ Wikileaks-ը բոլոր երկրների մասին էլ զեկույցներ է հրապարակում», - ասել է Կիրո Մանոյանը։


«Ժամանակի» խմբագիրը գրում է․ - «Օգոստոսն արդեն ավարտվում է, եւ ավարտվում է այն հերթական ժամկետը, կամ հետաձգված ժամկետը, որ գնաճի նվազման առումով սահմանեցին կառավարությունն ու Կենտրոնական բանկը՝ ի պատասխան գները նվազեցնելուն ուղղված քայլերի մասին Սերժ Սարգսյանի հանձնարարականի։ Ինչպես հիշում են, երեւի թե, շատերը, այդ հանձնարարականը տրվեց տնտեսական թեմայով մարտյան հայտնի խորհրդակցության ընթացքում։ Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ արդեն մայիս-հունիս ամիսներին քաղաքացիները պետք է զգան գների նվազման արդյունքը։ Մայիս-հունիսը եկան ու անցան, սակայն գնաճի նվազում տեղի չունեցավ, իսկ Սերժ Սարգսյանի դեմքը փրկելու համար Կենտրոնական բանկը ու կառավարության պաշտոնյաները սկսեցին հայտարարել, որ գնաճը կնվազի հուլիս-օգոստոսին։ Սակայն հուլիսին եւ օգոստոսին եղան միայն ամենամյա սեզոնային նվազումներ, իսկ էական նվազման փոխարեն տեղի ունեցան թանկացումներ՝ մսի, շաքարավազի ու առաջին անհրաժեշտության այլ ապրանքների։ Այսինքն՝ օլիգոպոլիստները ու մոնոպոլիստները տնտեսությունն առաջ են տանում ըստ իրենց պլանների եւ այդ համատեքստում չեն խորշում դառնալ Սերժ Սարգսյանի տապալումների կամա թե ակամա նախաձեռնող»։
please wait

No media source currently available

0:00 0:05:09 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG