Մատչելիության հղումներ

Պրոֆեսոր Շահեն Շահինյանը դարձավ Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի 14-րդ ռեկտորը:

Ընտրությանը ներկա էին կոնսերվատորիայի կառավարման խորհրդի 24 անդամներից 19։ Ռեկտորի պաշտոնի համար առաջադրվել էր միայն Շահեն Շահինյանը: Նա ընտրվեց միաձայն՝ իր օգտին ստանալով 18 քվե, 1 քվեաթերթիկ անվավեր ճանաչվեց:

Ըստ ԿԳՆ հաստատած կարգի՝ ռեկտորի թեկնածուն պետք է ներկայացնի բուհի զարգացման իր ռազմավարությունը:

Կոնսերվատորիայի զարգացման իր հայեցակարգերը ներկայացնելիս Շահինյանը կարեւորեց ուսանողներին եւ դասախոսներին եվրոպական ուսումնական համակարգին ինտեգրելու գործընթացը, ինչպես նաեւ խոսեց բուհում առկա խնդիրներից, մասնավորապես՝ դասախոսների ցածր աշխատավարձերից:

Նշենք, որ Երեւանի պետական կոնսերվատորիայում վարձը կազմում է 600.000 դրամ բոլոր մասնագիտությունների գծով: Բուհի 1250 ուսանողների մոտ 65 տոկոսը սովորում է վճարովի համակարգում:

Այդուհանդերձ, կոնսերվատորիայի պրոֆեսորը ստանում է ընդամենը 50.000 դրամ աշխատավարձ: Ըստ Շահինյանի սա պայմանավորված է բուհի առանձնահատկություններով․

«Մեր բուհում աշխատանքները հիմնականում կառուցվում են անհատական հիմունքներով: Եթե ուրիշ բուհերում մեկ դասախոսին 5-6 ուսանող է հասնում, մեր բուհում ամեն դասախոսին հասնում է 1.5 ուսանող: Այսինքն, դասախոսական կազմը մոտավորապես այնքան է, որքան ուսանողները», - նշեց նորընտիր ռեկտորը։

Դասախոսների աշխատավարձը բարձրացնելու համար Շահինյանն առաջարկեց սահմանափակել ծախսերը. - «Սկսել ենք խոսել այն բանից, որ ցերեկը միջանցքում լույսեր չվառենք, որ էլեկտրաէներգիայի համար հենց այնպես գումար չվճարենք: Մյուս խնդիրն էլ այն է, որ անձնակազմը ուռճացած է. ավելի շատ մարդ է աշխատում, քան պետք է»։

Հարցին, թե անձնակազմը կրճատելու դեպքում ինչպե՞ս են պատրաստվում լուծել դասախոս-ուսանող հարաբերակցությունը, եթե դասերը մեծ մասամբ անհատական են անցկացվում, նորանշանակ ռեկտորը պատասխանեց. - «Ամեն դեպքում կարծում եմ, որ կգտնենք մարդիկ, որոնք ֆունկցիա չունեն՝ ե՛ւ դասախոսական, ե՛ւ օժանդակ կազմում»:

Նա իր խոսքում նաեւ կարեւորեց կոռուպցիայի դեմ պայքարը եւ նշեց, որ կոռուպցիան «մեծ ուժով չի մտել Կոնսերվատորիայի ուսումնական համակարգ»:

Կոնսերվատորիայի Երաժշտության տեսության ամբիոնի վարիչ, կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանը հակադարձեց. - «Շատ կոռուպցիայի դեպքեր կան: «Կոնսերվատորիական» հոգեբանություն չկա մեզ մոտ: Գոյություն ունի մի պայմանական հիմնարկ, որը պայմանական ընթացքի մեջ է, որտեղ գործում են մարդիկ, որոնք միշտ չէ, որ գիտակցում են կոնսերվատորիայի ակադեմիական դերը, եւ այսօր կոնսերվատորիան պետք է ինքնամաքրմամբ զբաղվի»:

XS
SM
MD
LG