Մատչելիության հղումներ

«Եթե ընտանիք կա, բռնություն չկա»


Երեկ Շառլ Ազնավուրի հրապարակում Կանանց իրավունքների կենտրոնը «Միհր» թատրոնի հետ համատեղ կազմակերպել էր ակցիա «Ոչ ընտանեկան բռնությանը» խորագրով:

«Ի՞նչ է նշանակում ընտանեկան բռնություն։ Եթե ընտանիք կա, բռնություն չկա, որովհետեւ այնտեղ պետք է լինի սեր, համերաշխություն»,- նշում է «Միհր» թատրոնի գեղարվեստական ղեկավար Ցոլակ Մլքե-Գալստյանը:

Դերասանները ներկայացրեցին ընտանեկան բռնության 4 պատմություններ՝ 20 րոպե տեւողությամբ։

«Մենք ունենք երկու զույգ, որոնցից յուրաքանչյուրն իր ընտանիքում ուներ նույն խնդիրը` տղամարդը բռնանում էր, կինը հակադրրվում էր, բայց միեւնույն ժամանակ գտնվում էր բռնության տակ: Վերջում մեզ մոտ happy end էր, որովհետեւ զույգը գտավ սերը, զույգը հասկացավ, որ ոչ ընտանեկան բռնությանը եւ միասին համատեղ ուժերով գրեցին, ստորագրեցին, որ մենք համաձայն ենք՝ մենք երբեք չենք բռնանա», նշում է Ցոլակը:

Նրա խոսքով ներկայացումն անխոս է, բայց շատ ասելիքով: Պարային յուրաքանչյուր շարժման մեջ դրել են փիլիսոփայական խոր միտք:

Կազմակերպիչները բեմահարթակի երկայնքով կանգնեցրել էին փայտից պատրաստված կանացի ֆիգուրներ, որոնցից յուրաքանչյուրի կրծքին փակցված էին կանանց պատմությունները:

Կանանց իրավունքների կենտրոնի տնօրեն Սուսաննա Վարդանյանի խոսքով, ակցիան անցորդների ուշադրությունը հիմնախնդրի վրա կենտրոնացնելու լավագույն տարբերակն է:

Արդեն 14 տարի է կանանց իրավունքների կենտրոնը զբաղվում է այս հարցով․ բռնության ենթարկված կանանց տրամադրում է բժշկական, իրավաբանական, հոգեբանական աջակցություն ինչպես Երեւանում, այնպես էլ մարզերում: Վարդանյանի խոսքով բռնությունը շատ է եւ ուրախալի է, որ կանայք սկսել են այս մասին խոսել, բարձրաձայնել:

Սա կանանց իրավունքների կենտրոնի թվով երկրորդ ակցիան էր: Վարդանյանի խոսքով ակցաները լինելու են շարունակական: Հաջորդը նախատեսվում է հոկտեմբերին «Ռոքն ընդդեմ ընտանեկան բռնության» խորագրով:
XS
SM
MD
LG