Մատչելիության հղումներ

Անդորրա - Հայաստան՝ 0:3


Ֆուտբոլի Եվրոպայի 2012 թվականի առաջնության ընտրական B խմբի մրցաշարի 7-րդ փուլում Հայաստանի հավաքականը ուրբաթ օրը արտագնա խաղում 3:0 հաշվով հաղթանակ տարավ Անդորրայի հավաքականի նկատմամբ։

Խաղը անցավ հայաստանցի ֆուտբոլիստների բացահայտ առավելությամբ։

Գոլերի հեղինակներ դարձան Մարկոս Պիզելին՝ 35-րդ, Գեւորգ Ղազարյանը՝ 75-րդ րոպեներին, եւ Հենրիխ Մխիթարյանը՝ խաղի հիմնական ժամանակից հետո ավելացված րոպեին։ Վերջին գնդակը Հայաստանի հավաքականը խփեց 11-մետրանոցից, ընդ որում՝ մրցավարը դաշտից հեռացրեց սեփական տուգանայինում կոպիտ խաղացած անդորրացի ֆուտբոլիստին։

Այս հանդիպումից հետո Հայաստանի հավաքականը 11 միավորով շարունակում է զբաղեցնել B խմբի մրցաշարային աղյուսակի 4-րդ հորիզոնականը եւ տեսականորեն պահպանում է Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլ դուրս գալու հնարավորությունը։

Աղյուսակը 7-րդ փուլից հետո 16 միավորով գլխավորում է Ռուսաստանը, որին 14-ական միավորով հաջորդում են մեկական խաղ պակաս անցկացրած Իռլանդիան եւ Սլովակիան։

Ընտրական մրցաշարում հայաստանցի ֆուտբոլիստները կանցկացնեն եւս երեք հանդիպում՝ սեպտեմբերի 6-ին կհյուրընկալվեն Սլովակիայի հավաքականին, հոկտեմբերի 7-ին կընդունեն Մակեդոնիայի թիմին եւ հոկտեմբերի 11-ին Իռլանդիայում կխաղան այդ երկրի հավաքականի հետ։

Հատկանշական է, որ B խմբում Հայաստանը խփել է ամենաշատ գոլերը՝ 13, ընդ որում դրանցից 7-ը՝ Անդորրային։

Հայաստանի Հանրային հեռուստաընկերության սպորտային մեկնաբան Կարեն Գիլոյանը շաբաթ օրը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում գնահատելով Հայաստանի ֆուտբոլի հավաքականի հնարավորությունները՝ համոզմունք հայտնեց, որ միանգամայն իրատեսական է ակնկալել, որ Հայաստանը կկարողանա Եվրո 2012-ի եզրափակիչի ուղեգիր նվաճել:

Կարեն Գիլոյանի խոսքով, պետք չէ բացառել այն, ինչ տեսականորեն հնարավոր է: Մարզական մեկնաբանի կանխատեսած սցենարով` ամենայն հավանականությամբ Հայաստանի համար վճռորոշը կլինի ընտրական փուլի վերջին հանդիպումը Իռլանդիայի հավաքականի հետ` հոկտեմբերի 11-ին։

«Այսօր Հայաստանի հավաքականը իսկապես դարձել է զորեղ թիմ, լավ ընտրանի, որը կարող է լուրջ անակնկալ մատուցել, թիմ, որը կարող է հաղթել Սլովակիային, եւ ինչու չէ՝ նաեւ Իռլանդիային», - նշեց սպորտային մեկնաբանը։

Սակայն մինչեւ այդ խաղը, Կարեն Գիլոյանի ձեւակերպմամբ, Հայաստանի հավաքականին դեռ լուրջ փորձություններ են սպասում: Հաջորդ հանդիպումը նախատեսվում է սեպտեմբերի 6-ին՝ Հայաստանի հավաքականի մրցակիցը կլինի Սլովակիայի թիմը, որին Հայաստանի հավաքականը Երեւանում հաղթել է 3:1 հաշվով։

«Նախ՝ Սլովակիա, հետո Մակեդոնիա... Մակեդոնիան էլ նվեր չի լինելու, ռուսները նրանց մի կերպ՝ 1։0 հաշվով հաղթեցին։ Մակեդոնիան էլ չի գա հենց այնպես միավորներ բաշխելու մեզ։ Այնպես որ՝ պիտի հասնել դեռ այդ վերջին խաղին», - ասաց Կարեն Գիլոյանը։

Հայաստանցի ֆուտբոլասերներին թեեւ ուրախացրել է 3:0 արդյունքը, այդուհանդերձ քչերն են հավատում եզրափակիչում հայտնվելու հեռանկարին։
please wait

No media source currently available

0:00 0:04:39 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG