Մատչելիության հղումներ

Օմբուդսմենը ամփոփեց իր պաշտոնավարման վեց ամիսները


Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյան
Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյան
Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանի համոզմամբ` օմբուդսմենի ինստիտուտն օր օրի ուժեղանում է եւ, օրինակ, այս տարվա առաջին կիսամյակում անցած տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատած երեք անգամ աճել են Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի կողմից բարձրացված հարցերի դրական լուծումները:

Նման հայտարարություն Անդրեասյանն արեց ուրբաթ օրը լրագրողների հետ հանդիպմանը` ամփոփելով իր պաշտոնավարման առաջին վեց ամիսները:

Կարեն Անդրեասյանը Հայաստանի Մարդու իրավունքների երրորդ պաշտպանն է` Լարիսա Ալավերդյանից եւ Արմեն Հարությունյանից հետո, իսկ օմբուդսմենի ինստիտուտը Հայաստանում սկսեց գործել 2004 թվականի մարտի 1-ից:

«Մենք ոչ թե օր օրի թուլանում, այլ` օր օրի ուժեղանում ենք` մարդկանց խնդիրները լուծելու իմաստով: Բայց համակարգային խնդիրների լուծման, հասարակական ազդեցության իմաստով մենք պահպանում ենք թուլությունը», - ասաց Անդրեասյանը:

Հարց հնչեց, թե արդյո՞ք այդ թուլությունը պայմանավորված չէ նրանով, որ օմբուդսմենը Հայաստանում նախեւառաջ ընկալվում է որպես «իշխանության մարդ»:

«Եթե օրենսդրությունը նախատեսում է [Ազգային ժողովի] 2/3-ով ընտրված օմբուդսմեն, եւ եթե դա այդպես է, արդյո՞ք կարող է առանց օրենքի փոփոխության լինել որեւէ օմբուդսմեն, որը չասոցացվի իշխանության հետ: Մյուս կողմից` եթե Մարդու իրավունքների պաշտպանը ընդհանրապես չգործակցի իշխանությունների հետ որեւէ ձեւով, արդյո՞ք կկարողանա լուծել այն համակարգային եւ անհատական խնդիրները, որոնցով իրեն դիմում են: Ցանկացած երկրի Մարդու իրավունքների պաշտպան մասամբ ներկայացնում է իշխանություններին», - պատասխանեց Անդրեասյանը:

Լրագրողներից մեկի հարցին, թե օմբուդսմենը երբեւիցե հանդիպե՞լ է երկրի նախագահի հետ եւ վերջինիս ներկայացրել Հայաստանում մարդու իրավունքների վիճակի հետ կապված խնդիրները, օմբուդսմենը արձագանքեց. - «Ես կարծում եմ, որ շատ ճիշտ կլինի Ձեր խորհուրդը ընդունել եւ հանդիպումներ ունենալ տարբեր սահմանադրական մարմինների հետ: Այսինքն ես դեռ չեմ հանդիպել Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանի հետ, որի հետ մենք կարող ենք լուրջ համակարգային համագործակցություն ունենալ: Վարչապետի հետ իմ հանդիպումը եղել է մեկ փոքր խնդրի հետ կապված, նախագահի հետ հանդիպում չի եղել, եւ հետեւաբար մեր հանդիպումների բացակայությունը միգուցե վնասում է մարդու իրավունքների պաշտպանության ընդհանուր վիճակին»:

Անդրեասյանը, սակայն, չի կարծում, որ ինքը պետք է լինի նման հանդիպումների նախաձեռնողը` շեշտելով, որ այդքանով հանդերձ վերջին շրջանի իր հրապարակային ակտիվությունը սկսել է արդյունքներ տալ:

Օմբուդսմենը անդրադարձավ բանակում հաճախ մահվան ելքով ավարտվող միջադեպերին` դրանք որակելով «մտահոգիչ՚»:

«Մենք մի շարք հասարակական, իրավապաշտպան կազմակերպությունների հետ, որոնցից մեծ մասը երեկ կանգնած էր կառավարության մոտ, պայմանավորվածություն ունենք վերաբացելու այն արագ արձագանքման ծառայությունը, որը ես փակել էի, եւ որով մենք պատրաստվում ենք բռնություններին արձագանքել: Մենք հիմա իրենց համակարգելով, իրենց հետ համագործակցելով` աշխատանք ենք տանում, որ կարողանանք այդ սպանությունների, բռնությունների եւ այլի ժամանակ արագ տեղում հայտնվել եւ կարողանանք իրական մասնակցություն ունենալ դեպքի քննությանը իրավական գործընթացներին` չխախտելով օրենքը», - ասաց Անդրեասյանը:

Այսօր «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում օմբուդսմենի վեցամսյա գործունեության վերաբերյալ իրենց գնահատականը տվեցին նաեւ իրավապաշտպանները: Նրանց կարծիքով` անցած կես տարում մարդու իրավունքների պաշտպանության վիճակը Հայաստանում չի բարելավվել:

«Ես օմբուդսմենին աշխատանքը զրոյական եմ գնահատում, որովհետեւ նա ոչ մի բան չի արել, միակ գործը, որ արել է` փակել է արագ արձագանքման խումբը: Նա թափ չունի, նրա խոսքը չի անցում», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց «Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան կազմակերպության նախագահ Միքայել Դանիելյանը:

Օմբուդսմենի հասցեին գովասանքի խոսքեր չասաց նաեւ «Իրավունքի եւ ազատության կենտրոն» իրավապաշտպան կազմակերպության նախագահ Վարդան Հարությունյանը:

«Օմբուդսմենը իր գործունեության ընթացքում երբեք չի անդրադարձել քաղաքական հալածանքներին, բռնություններին եւ քաղբանտարկյալների հարցին: Դա պետք է լիներ նրա գլխավոր խնդիրներից մեկը, եթե ոչ` ամենագլխավոր խնդիրը: Քանի որ նա չի անդրադարձել ներքաղաքական այս զարգացումներին եւ ընթացքին, ես, բնականաբար, նրա գործունեությունը կարող եմ գնահատել վատ», - ասաց Հարությունյանը:
please wait

No media source currently available

0:00 0:05:02 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG