Մատչելիության հղումներ

Հիշատակի տուրք՝ Սառը պատերազմի տարիներին Սասնաշենում ընկած ամերիկյան ինքնաթիռի զոհերին


ԱՄՆ -- Ինքնաթիռի կործանումից 40 տարի անց ամերիկացի օդաչուների մասունքները թաղվում են Արլինգթոնի ռազմական գերեզմանատանը, Վիրջինիա, 2-ը սեպտեմբերի, 1998թ․

ԱՄՆ -- Ինքնաթիռի կործանումից 40 տարի անց ամերիկացի օդաչուների մասունքները թաղվում են Արլինգթոնի ռազմական գերեզմանատանը, Վիրջինիա, 2-ը սեպտեմբերի, 1998թ․

Հայաստանում ԱՄՆ դեսպանության, ԱՄՆ-ի զինված ուժերի եւ Հայաստանի պաշտպանության նախարարության ներկայացուցիչները սեպտեմբերի 2-ին մասնակցել են 1958թ. հայկական հողում ընկած C-130 ինքնաթիռի օդաչուների հիշատակին նվիրված միջոցառմանը:

Հայաստանում ԱՄՆ դեպանատան տարածած հաղորդագրության համաձայն, զոհվածների հիշատակին կառուցված հուշարձանի մոտ անցկացվող միջոցառմանը մասնակցել են ԱՄՆ 3-րդ օդուժի (Ռամշտեյնի oդային բազա) փոխհրամանատար գեներալ-լեյտենանտ Մարկ Զամզոուն, ԱՄՆ դեսպանության ռազմական համագործակցության գրասենյակի ներկայացուցիչները Հայաստանի պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանի, Սասնաշենի համայնքապետ Անդրանիկ Շամոյանի եւ Սասնաշենի բնակիչների հետ միասին։

Միջոցառմանը ԱՄՆ պաշտպանության դեպարտամենտի անունից ելույթով հանդես է եկել գեներալ-լեյտենանտ Զամզոուն` շնորհակալություն հայտնելով Սասնաշենի բնակիչներին զոհված օդաչուների հիշատակը հարգելու եւ վառ պահելու համար:

«Ես անչափ զգացված էի` իմանալով, որ Սասնաշենի բնակիչները դեռ հիշում են այդ դեպքը եւ ամեն տարի հիշատակի տուրք են մատուցում այդ օրը զոհված օդաչուներին… Այն, թե դուք ինչպես եք կազմակերպում այս հիշատակի միջոցառումը, ինչպես եք պահպանում այս հուշարձանը, փաստում է, թե ինչքան ամուր է ձեր համայնքը», - ասել գեներալ-լեյտենանտ Զամզոուն:

Միջոցառման ընթացքում ամերիկյան կողմին հանձնվեցին վթարի վայրում հայտնաբերված անձնական իրեր:

Այսօր նաեւ տեղի ունեցավ ԱՄՆ-ի ցամաքային զորքերի ինժեներական կորպուսի կողմից վերանորոգված Թալինի պոլիկլինիկայի եւ Սասնաշենի մանկապարտեզի բացումը։

1958 թվականի սեպտեմբերի 2-ին ամերիկյան C-130 Hercules ինքնաթիռը, որը հետախուզական առաքելություն էր իրականացնում ԽՍՀՄ-ի սահմանի մոտակայքում, շեղվելով ուղղուց, մուտք է գործել Խորհրդային Հայաստանի օդային տարածք եւ խփվել խորհրդային ՄԻԳ կործանիչների կողմից։ Ինքնաթիռի ողջ անձնակազմը՝ ամերիկյան ռազմաօդային ուժերի 17 ծառայողները, զոհվել են։

1958 թվականին Խորհրդային Միությունը ամերիկյան կողմին էր հանձնել զոհերից 6-ի դիակների մնացորդները։ Մյուս օդաչուների մասունքները ամերիյան կողմին են հանձնվել միայն ԽՍՀՄ-ի փլուզումից հետո եւ 1998 թվականի սեպտեմբերի 2-ին թաղվել են ԱՄՆ-ի Վիրջինիա նահանգի Արլինգթոնյան ռազմական գերեզմանատանը։

Ըստ տեղացիների պատմածի` օդաչուները վերջին պահին հասցրել են փոխել ինքնաթիռի ընթացքի ուղղությունը, որպեսզի ընկնելիս այն վնաս չտա համայնքի քաղաքացիական բնակչությանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG