Մատչելիության հղումներ

logo-print

«Լինսի» հիմնադրամը ավարտեց իր «Դպրոցաշինություն» ծրագիրը Շիրակի մարզում


Սարակապ գյուղի միջնակարգ դպրոցի շահագործմամբ «Լինսի» հիմնադրամը Շիրակի մարզում ավարտեց իր վերջին ծրագիրը։ Եվրոպական չափանիշներին համապատասխանող դպրոցի կառուցման ու կահավորման համար 537 միլիոն դրամ է հատկացվել։

Այս առիթով Սարակապ այցելած վարչապետ Տիգրան Սարգսյանը, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանի ու կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանի ուղեկցությամբ շրջեց դպրոցում, ծանոթացավ վերակառուցումից հետո ստեղծված պայմաններին։ Իր խոսքում կառավարության ղեկավարը, շնորհավորելով աշակերտներին կրթական հաստատության բացման եւ նոր ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ, ընդգծեց․ - «Դպրոցաշինությունը լինելու է կառավարության առաջնահերթ խնդիրներից մեկը, որովհետեւ նմանատիպ հիասքանչ դպրոցները նոր շունչ են հաղորդում նաեւ գյուղական կյանքին եւ ժողովրդի մոտ ապագայի նկատմամբ ձեւավորում վստահություն, ինչն այսօր ամենակարեւորն է Հայաստանի Հանրապետությունում»։

Սարակապի դպրոց հաճախող աշակերտների թիվը ներկայումս հասնում է 117-ի, սակայն նորակառույց դպրոցը այժմ հնարավորություն ունի ընդունելու 216 աշակերտ: Դպրոցն ամբողջովին կահավորվել է, համալրվել կրթական եւ մարզական գույքով, ինչպես նաեւ համակարգիչներով:

Դպրոցի մասնաշենքում գործելու է նաեւ նախադպրոցական ուսումնական հաստատություն՝ 24 երեխայի համար: Մանկապարտեզում շրջելուց հետո վարչապետ Տիգրան Սարգսյանը կատակով դիմեց Սարակապի գյուղապետին, ասելով․ - «Ծնողներին որ բերես, ցույց տաս այս պայմանները, ծնելիությունը կտրուկ կաճի»։

«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում գյուղացիները, գոհունակություն հայտնելով դպրոցի նոր շենքի կառուցման առթիվ, այդուհանդերձ նշում էին, որ իրենց համար գլխավոր խնդիրը մնում է արտագաղթը։

Ի դեպ, սարակապցիների համար միակ ուրախությունը դպրոցի շենքի շահագործումը չէր՝ գյուղ բերող ճանապարհը եւս շուտափույթ կերպով բարեկարգվել էր։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG