Մատչելիության հղումներ

logo-print
Քաղաքապետարանի ներկայացուցիչները՝ փոխքաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորությամբ, այսօր Ազգային ժողովում կայացած փակ քննարկմանը կրպակների ապամոնտաժման հետ կապված պարզաբանումներ են ներկայացրել պատգամավորներին։

Ընդդիմադիր «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանը հանդիպումից հետո «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց, որ քաղաքապետարանին առաջարկվել է հնարավորինս կարճ ժամկետներում ներկայացնել հայեցակարգ՝ ի՞նչ հիմնավորումներով եւ որտե՞ղ են ապամոնտաժվում կրպակները, ինչպես նաեւ ներկայացնել գույքագրման արդյունքները՝ կրպակների կոնկրետ թվով։

«Հայտարարվեց, որ խոսքը վերաբերում է միայն Կենտրոն վարչական շրջանի մի շարք կենտրոնական փողոցներին։ Բոլոր վարչական շրջաններում ապամոնտաժում չի լինի, եւ նաեւ պիտի սպասենք այդ ցուցակներին, որոնք կուղարկի Երեւանի քաղաքապետարանը այսօր կամ վաղը, եւ մենք կկարողանանք կոնկրետ դեպքերով քննարկել՝ որքանո՞վ են հիմնավորված քաղաքապետարանի գործողությունները», - նշեց պատգամավորը։

Ստյոպա Սաֆարյանի խոսքով, քաղաքապետարանի ներկայացուցիչները հայտարարել են, որ ապամոնտաժման ենթակա 266 կրպակների թիվը քաղաքապետարանը նվազեցրել է՝ հասցնելով շուրջ 190-ի։

«Կա՞ արդյոք քաղաքապետարանի դիրքորոշման մեջ մեղմացում» հարցին Ստյոպա Սաֆարյանը արձագանքեց․ - «Ես կդժվարանամ որեւէ գնահատական տալ։ Համենայնդեպս, քաղաքային իշխանությունները հայտարարել են, որ, օրինակ, Փափազյան փողոցում մի փոքր ուժ են կիրառել, այսինքն՝ ընդունել են իրենց մեղավորությունը՝ գոնե հայտարարության մակարդակով։ Եվ նաեւ հաշվի առնելով, որ ապամոնտաժման ենթակա կրպակների թիվը կրճատվել է, ինչ-որ փոփոխություններ, կարելի է ասել, որ կան»։

Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, թե դեռ քննարկումները շարունակվում են, բայց այսօրվա հանդիպումը հույս է ներշնչում, որ հարցի փոխզիջումային լուծում կգտնվի։

«Փոխքաղաքապետը ներկայացրեց, որ այնպիսի պատկեր չէ, ինչպես որ ձեւավորվել է, երեւի թե, մեզանից յուրաքանչյուրի մոտ եւ ես կարծում եմ, որ կկարողանանք այնպիսի լուծում գտնել, որ, իհարկե, պահպանելով քաղաքի արտաքին տեսքը, որը մեզ համար շատ կարեւոր է, այդուհանդերձ շատ ավելի կարեւոր եմ ես այս պահին համարում, որպեսզի չվնասվեն այն փոքր եւ միջին ձեռներեցների իրավունքները, որոնք այս փոքր կրպակներով կարողանում են իրենց սոցիալական խնդիրները լուծել», - ասաց Նաիրա Զոհրաբյանը։

Ազգային ժողովի մոտ հավաքված կրպակատերերը, սակայն, գոհ չմնացին հանդիպման արդյունքներից։ Նրանք պնդում էին, որ քաղաքային իշխանությունները ընդամենը ժամանակավոր դադար են տալիս՝ կրքերը հանգստացնելու համար։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG