Մատչելիության հղումներ

Փորձագետ. «20 տարիների ընթացքում ԱՊՀ-ն լիովին կատարել է իր դերը»


Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն Սերգեյ Մինասյանը:
Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն Սերգեյ Մինասյանը:

Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն, քաղաքագետ Սերգեյ Մինասյանի գնահատմամբ, իբրեւ Խորհրդային Միության անցնցում լուծարումն ապահովող կառույց եւ քաղաքական ոչ պաշտոնական շփումների հնարավորություն ապահովող հարթակ, Անկախ պետությունների համագործակցությունը (ԱՊՀ) վերջին 20 տարիների ընթացքում լիովին կատարել է իր դերը:

Այսօր Դուշանբեում մեկնարկում է ԱՊՀ 20-րդ գագաթնաժողովը, որի օրակարգում, ըստ Հայաստանի արտգործնախարարության լրատվական ծառայության, ներառված է «ԱՊՀ 20-ամյա գործունեության արդյունքները եւ հեռանկարային խնդիրները» խորագրով վերլուծական զեկույցի քննարկումը: Անդրադարձ է լինելու նաեւ 2007 թվականին ընդունված ԱՊՀ-ի հետագա զարգացման հայեցակարգի իրականացման ընթացքին:

Ի՞նչ հեռանկարների կամ, առավել եւս, զարգացման հայեցակարգի մասին կարող է խոսք լինել մի կառույցի պարագայում, որը, ինչպես տեղական, այնպես էլ միջազգային շատ դիտորդների գնահատմամբ, վաղուց սպառել է իր կենսունակությունը. «Ազատություն» ռադիոկայանի այս հարցին ի պատասխան, Մինասյանը նշեց. - «Մարդկային լեզվով ասած` դա նշանակում է ռեանիմացիայի այս գործընթացը շարունակել: Այսինքն` փորձեր են անում արհեստական շնչառության այդ ապարատից չանջատել ԱՊՀ-ն, որովհետեւ որոշ չափով միակ կամ ամենակարեւոր նպատակը, որ ներկայումս իրագործում է ԱՊՀ-ն` այն ֆորմատ է անմիջական կոնտակտների հետխորհրդային քաղաքական էլիտայի մակարդակով: Դրա համար արվում են նմանատիպ միջոցառումներ, ծրագրեր, որոնց նպատակը հենց միայն այդ գործընթացն է` փորձել վերջնականապես չտապալել ԱՊՀ-ն»:

Քաղաքական եւ միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը եւս այն կարծիքին է, որ անցած 20 տարիներին ԱՊՀ-ն հաջողությամբ կատարեց իր հիմնական առաքելությունը` 15 հանրապետությունների «խաղաղ ապահարզանը». - «Եվ դա, ի տարբերություն Հարավսլավիայի, տեղի ունեցավ հիմնականում խաղաղ ճանապարհով: Եվ այդ իմաստով, իհարկե, ԱՊՀ-ն լիովին կատարեց իր խնդիրները»:

«Այժմ ԱՊՀ-ի դրական դերակատարությունը կարելի է սպառված համարել, այն վերածվել է կառավարման բազմամյա փորձ ունեցող ղեկավարների մի ակումբի, որտեղ կարող են քննարկվել կամ ընդունվել ինչ-ինչ փաստաթղթեր, սակայն դրանք վաղուց արդեն միջազգային հարաբերությունների վրա որեւէ ազդեցություն չունեն», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում գնահատեց Մեհրաբյանը` շարունակելով. - «Թղթերի մեծ մասը ինչպես չի աշխատել, այնպես էլ շարունակելու է չաշխատել: ԱՊՀ-ն այլեւս կենսունակ չէ»:

Նրա պատկերավորմամբ` եթե խոսում ենք ԱՊՀ-ի հետագա զարգացման մասին, ապա դրա տակ պետք է հասկանալ ԱՊՀ անդամ երկրների զարգացումը, այդ երկրներում ժողովրդավարական ինստիտուտների կայացումը: Մի բան, որ ԱՊՀ տարածքում, սակայն, չկա: Այսինքն` ԱՊՀ-ն մի տեսակ դարձել է «ժողովրդավարական զարգացումների արգելավայր»:

Քաղաքագետները գնահատեցին նաեւ Ադրբեջանի նախագահի` ԱՊՀ հոբելյանական գագաթնաժողովին չմասնակցելու որոշումը, ինչն արդեն որոշ շրջանակների կողմից «դեմարշ» է որակվել:

«Հասկանալի է, որ այն, ինչ սպասում էր Ալիեւը վերջին մի քանի ամսվա ընթացքում ղարաբաղյան հարցում, լիովին տապալվել է: Եվ ես կարծում եմ, Ռուսաստանի նախագահ Մեդվեդեւի հետ շատ անկեղծ խոսակցությունը այնքան էլ դուր չի եկել Ալիեւին, հատկապես` անվտանգության եւ ռազմական սպառնալիքներին վերաբերող հարցում», - նշեց Սերգեյ Մինասյանը:

«Ես կարծում եմ ուղղակի, որ Ալիեւը իմաստ չի տեսնում այլեւս Ռուսաստանի հետ համատեղ եռակողմ ձեւաչափով ղարաբաղյան բանակցությունները առաջ տանելը, եւ, իմ կարծիքով, դրանով է պայմանավորված, որ Ալիեւը չի գնում Դուշանբե», - նշեց Ռուբեն Մեհրաբյանը:

Նշենք, որ ռուսաստանյան լրատվամիջոցների փոխանցմամբ, Դուշանբեի գագաթնաժողովին չեն մասնակցելու նաեւ Ուզբեկստանի նախագահ Իսլամ Քարիմովը եւ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն:
please wait

No media source currently available

0:00 0:03:59 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG