Մատչելիության հղումներ

Դուշանբեում մեկնարկում է ԱՊՀ-ի հոբելյանական գագաթնաժողովը


ԱՊՀ-ի եւ անդամ երկրների դրոշները
ԱՊՀ-ի եւ անդամ երկրների դրոշները
Ուրբաթ օրը Տաջիկստանի մայրաքաղաքում ԱՊՀ-ի երկրների արտգործնախարարների հանդիպմամբ մեկնարկում է կազմակերպության 20-րդ հոբելյանական գագաթնաժողովը, որին մասնակցելու նպատակով Դուշանբե է մեկնում նաեւ Հայաստանի պատվիրակությունը` նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ:

Հանդիպումից շաբաթներ առաջ հոբելյանական այս հավաքն արդեն հայտնվել էր լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում: Պաշտոնական Բաքուն հայտարարել էր, թե Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի փոխարեն Դուշանբե է մեկնելու վարչապետ Արթուր Ռասիզադեն, արտգործնախարար Էլմար Մամեդյարովի փոխարեն` փոխարտգործնախարար Խալաֆ Խալաֆովը:

Ադրբեջանի պաշտոնական աղբյուրները մինչ օրս չեն մեկնաբանել, թե որն է հոբելյանական գագաթնաժողովին մասնակցելուց հրաժարվելու Ալիեւի որոշման պատճառը:

Մամուլը, մինչդեռ, օրեր առաջ արդեն «դեմարշ» էր որակել այդ որոշումը եւ պնդել, թե պաշտոնական Բաքուն դրանով իր դժգոհությունն է հայտնում ղարաբաղյան հակամարտության շուրջ ներկայիս բանակցություններից ու Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւից, որը չի կարողանում Սերժ Սարգսյանից ստանալ Ալիեւի պահանջած զիջումները:

«Իլհամ Ալիեւը անիմաստ է համարում մասնակցել ԱՊՀ-ի գագաթնաժողովին, որտեղ Մեդվեդեւը կարող է հերթական եռակողմ հանդիպումը կազմակերպել», - օրեր առաջ գրել էր ադրբեջանական «Զերկալո» պարբերականի վերլուծաբանը եւ ընդգծել. - «Չմասնակցելով այդ գագաթնաժողովին` Ալիեւը ցույց է տալիս, որ քննարկելու ոչինչ չունի Ռուսաստանի եւ Հայաստանի իր գործընկերների հետ»:

Ադրբեջանցի քաղաքագետ Ռասիմ Մուսաբեկովն էլ օրեր առաջ հայտարարել էր, թե Ալիեւը Դուշանբե չի մեկնում, քանի որ որպես կանոն` ԱՊՀ-ի ղեկավարները գագաթնաժողովի են գնում մեկ նպատակով` Ռուսաստանի նախագահի հետ հանդիպելու համար, իսկ այդպիսի խնդիր այժմ Ադրբեջանի նախագահը չունի:

Ռուսաստանի նախագահի հետ Ադրբեջանի ղեկավարի վերջին դեմ առ դեմ հանդիպումը տեղի է ունեցել օգոստոսի սկզբին Սոչիում:

Իլհամ Ալիեւից բացի, հոբելյանական գագաթնաժողովին չի մասնակցի նաեւ Ուզբեկստանի նախագահ Իսլամ Քարիմովը, ում փոխարեն Դուշանբե կմեկնի վարչապետ Շովքեր Միրզիեւը:

Փորձագետները փաստում են, որ Քարիմովը վերջին տարիներին շատ հազվադեպ է մասնակցում ԱՊՀ-ի երկրների ղեկավարների հավաքներին եւ դրանով իսկ ամեն անգամ փորձում է իր դժգոհությունը հայտնել նախկին Խորհրդային Միության տարածքում ընթացող ինտեգրացիոն ծրագրերից ու այդ ուղղությամբ Ռուսաստանի ձեռնարկած անարդյունավետ քայլերից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG