Մատչելիության հղումներ

Սեպտեմբերի 2-ի մամուլ


«Հրապարակ»-ի խմբագիրը գրում է. - «Ինչքան կեղծ ու պատիր ճառեր են հնչելու այսօր, ինչ ամպագոռգոռ հայտարարություններ են արվելու: Սեպտեմբերի 2-ին Լեռնային Ղարաբաղի անկախության 20-ամյակն ենք նշում: Անշուշտ, ուրախությունը կեղծ չէ, ոչ էլ անկախությունը, պարզապես մենք անկեղծ խոսելու, տոնելու, սրտի խոսք ասելու ընդունակ ժողովուրդ չենք: Մեր շնորհավորանքները շաբլոն են, ուրախությունը՝ մի տեսակ արհեստական, ելույթները՝ կրկնվող ու կեղծ: Այս ամենի մեջ միակ իրականն այն է, որ մի փոքրիկ ժողովուրդ, ավելի ճիշտ՝ մեր ժողովրդի մի փոքրիկ հատված, հերոսաբար ու աննկուն իր հող ու ջրին տեր դառավ: Իր արժանապատվությունն ու ինքնությունը պահպանեց: Եվ պետք չէ նրանց շփոթել այս տարիներին ունեցվածք դիզած, Հայաստանում տներ ու գույք ձեռք բերած, պաշտոններ զբաղեցնող անձանց հետ: Սրանք ուրիշ «կինոյից» են: Եթե կա անկախություն, ապա դրա տերը հասարակ ղարաբաղցին է: Եթե կա հաղթանակ, դրանում անուրանալի է Արցախում ապրող-արարող մարդկանց կամքը»:

«Իրավունք»-ը զրուցել է ծնունդով ղարաբաղցի Ազգային ժողովի պատգամավոր Համլետ Հարությունյանի հետ (ՀՀԿ): Լրագրողը հարցնում է. - «Ձեր կարծիքով, ինչո՞ւ այդպես էլ Արցախի վերաբնակեցման ծրագիրը չի իրագործվում»: Պատասխան. - «Խորին համոզմամբ կարող եմ ասել, որ մեր ազգակիցները, հատկապես` ղարաբաղցիները, դեռեւս չեն ընկալել ձեր ասածի իմաստը: Ղարաբաղում ապրելը, աշխատելը պետք է ընկալելի լինի մարդկանց համար, որ իրենք հասկանան` ապրում, աշխատում են մի երկրում, որը շատ առավելություններ ունի, հատկապես` նրա բնությունն ու էկոլոգիան: Ես գտնում եմ, որ որոշ ժամանակ անց Ղարաբաղում ապրելը կդառնա ամենալավ տարբերակը: Ես ինքս աշխատում եմ Երեւանում, բայց ապրում եմ Ղարաբաղում, ինչպես նաեւ` իմ ընտանիքի բոլոր անդամները` սկսած իմ թոռնիկներից: Եթերը այդ սերիալներով ու նմանատիպ հիմարություններով լցնելու փոխարեն, ավելի լավ կլինի հաղորդումներ ունենանք, որը կնպաստի մեր հայրենիքի ճշգրիտ բնակեցման խնդրին»:

«Ժամանակ»-ը գրում է. - «Երեկ Գյումրիում միջոցառում էր` Պատվո Բլրում, որը նախորդ տարի Հայաստանում ռուսական ռազմակայանների տեղակայման ժամկետի եւ լիազորությունների ընդլայնման մասին պայմանագիրը ստորագրելուց հետո բացեցին Մեդվեդեւն ու Սարգսյանը: Պատվո Բլրում երեկ տեղի ունեցած միջոցառմանը ելույթ է ունեցել Հայաստանում Ռուսաստանի դեսպան Կովալենկոն եւ հաթաթա տվել, իր խոսքով ասած` հայ ժողովրդի գիտակցությունը կլոնավորողներին, որոնք փորձում են պատմական վերանայումներ կատարել այդ գիտակցության մեջ: Հասկանալի է, որ դեսպանը նկատի ունի հայ ժողովրդի գիտակցության մեջ Ռուսաստանի բացառիկ դերի, այսպես ասած` փրկիչ-մոնոպոլիստի վերանայման գործընթացը, որը տեղի է ունենում Հայաստանի հասարակության քաղաքացիական եւ իրավական հասունացմանը զուգահեռ: Ու Հայաստանի իշխանական եւ քաղաքական գործիչներից, այդ թվում Հայաստանում իշխող, այսպես կոչված, նժդեհականներից ու տարոնականներից որեւէ մեկը չփորձեց, ու համոզված ենք, որ չի էլ փորձելու դեսպանին ուղղակիորեն հասկացնել, որ ինքը եւ իր պետությունը չէ, որ պետք է լինեն հայ ժողովրդի պատմական գիտակցության նավավարը, եւ որ հայ ժողովուրդը միանգամայն ունակ է ինքը լուծել իր գիտակցության հարցը եւ որոշել, թե ինչն է փոխում ու ինչը պահում այդ գիտակցության մեջ»:

«Առավոտ»-ի խմբագիրը գրում է. - «Պնդելով, որ մեր ոստիկանությունը արժանի է մեր հասարակությանը եւ հակառակը` հասարակությունը արժանի է ոստիկանությանը` ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը (հավանաբար, իր կամքից անկախ) փորձել է կրկնել Հեգելի դիալեկտիկայի հիմնական դրույթը, ըստ որի` ամեն բանականը իրական է, եւ ամեն իրականը` բանական: Ոչ թե` պետք է լինի, ինչպես կարելի է կարծել` առանց խորը մտածելու, այլ` է: Ողջ խնդիրը, սակայն, այն է, որ գերմանացի մտածողի մոտ «բանականը» հասկացվում է ոչ թե առօրյա-կենցաղային իմաստով, այլ որպես համաշխարհային բանականության («լոգոսի») մի մաս, որի ուղղությամբ շարժվում է իրականը, եւ, այդպիսով, բանաձեւը ձեռք է բերում ոչ թե լճացած, անշարժ, այլ դինամիկ տեսք: Իսկ ոստիկանապետի ձեւակերպման մեջ ստացվում է` եթե մեկը մյուսին արժանի է, եթե նույն, այսպես ասած աղբն են, ապա ոչ մի խթան չկա, որ մեկնումեկը դառնա ավելի լավը եւ փորձի այդ` ավելի լավ մակարդակի վրա մյուսին ինչ-որ չափով կատարելագործել»:

«Հայ ազգային կոնգրեսը ողջունում է լիբիական ժողովրդի` իր համար դարակազմիկ այս հաղթանակը եւ պահանջում է, որպեսզի Հայաստանը պաշտոնապես ճանաչի Լիբիայում ձեւավորված նոր իշխանությանը». - իր հայտարարությունը նման պահանջով է եզրափակում ՀԱԿ-ը: «Համաձայնեք, որ ահագին մազալու է. ոչ միայն այն պատճառով, որ ՀԱԿ-ի վերջին պահանջը վերաբերում էր իր կալանավորված ակտիվիստի ազատ արձակմանը, ինչից հետո ահա նման պահանջ է ներկայացնում: Տիգրան Առաքելյանից հետո Լիբիայի նոր իշխանության ճանաչում: Ինչ է նշանակում, թե պահանջում ենք, որ Հայաստանը ճանաչի Լիբիայում ձեւավորված նոր իշխանությանը: Իսկ, հետաքրքիր է, ՀԱԿ-ը ճանաչո՞ւմ է այդ իշխանությանը, գիտի՞ ովքեր են եկել իշխանության Լիբիայում, երբ այս երկրում, կարելի է ասել, ամիսներ շարունակվող քաղաքացիական պատերազմը դեռ չի ավարտվել եւ հայտնի էլ չէ, թե երբ եւ ինչպես կավարտվի», - գրում է «Հայոց Աշխարհ»-ը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG