Մատչելիության հղումներ

«Եվրատեսիլ» մրցույթի ղեկավարությունը պահանջներ է ներկայացնում պաշտոնական Բաքվին


Ադրբեջան -- «Եվրատեսիլի» մարզահամերգային համալիրի շինարարությունը Բաքվում, հուլիս, 2011թ․

Ադրբեջան -- «Եվրատեսիլի» մարզահամերգային համալիրի շինարարությունը Բաքվում, հուլիս, 2011թ․

Դյուրացնել վիզային ռեժիմը՝ այսպիսի պահանջ է ներկայացնում Ադրբեջանի իշխանություններին Եվրատեսիլ մրցույթի կազմակերպիչը հանդիսացող Եվրոպական հեռարձակողների միությունը:

Օգոստոսի 31-ին տարածած հայտարարության մեջ Միության ներկայացուցիչները նշել են, որ Ադրբեջանը պետք է հստակ երաշխիքներ տրամադրի առ այն, որ բոլոր օտարերկրյա հյուրերին մուտքի վիզաներ կտրամադրվեն, կապահովվի այն բոլոր մարդկանց խոսքի ազատությունը, ովքեր այցելելու են Բաքու՝ լինեն դրանք երգի մրցույթի մասնակիցները, լուսաբանող լրագրողները, թե՝ պարզապես հյուրեր:

«Այս սկզբունքների ապահովումը «Եվրատեսիլի» անցկացման հիմնաքարն է եղել 1956 թվականից ի վեր եւ կարող եմ հաստատ պնդել, որ 2012-ը բացառություն լինել չի կարող»,- նշել է մրցույթի կազմակերպմամբ զբաղվող Խորհրդատվական խմբի ղեկավար Ֆրանկ-Դիտեր Ֆրեյլինգը:

Մի քանի օր առաջ Բաքու է ժամանել նաեւ «Եվրատեսիլի» գործադիր տնօրեն, նորվեգացի Յոն Օլա Սանդը:

«Մեզ համար առաջնահերթ նշանակություն ունի, որպեսզի մարդիկ կարողանան գալ Ադրբեջան, մասնակցեն մրցույթին, լուսաբանեն այն: Ուստի մենք խնդրեցինք Ադրբեջանի կառավարությանը ձեռնամուխ լինել վիզային ռեժիմի դյուրացմանն ուղղված գործողությունների: Մրցույթի ընթացքում մարդիկ պետք է կարողանան գալ եւ ազատորեն այստեղ աշխատել»,- ասել է Սանդը:

Հիշեցնենք, որ անցած տարվա աշնանը Ադրբեջանի իշխանությունները խստացրեցին վիզային ռեժիմը: Մինչ այդ ադրբեջանական վիզա հնարավոր էր ստանալ հենց օդանավակայանում, սակայն այժմ արդեն մուտքի արտոնագիր ստանալու համար հարկ է դիմել Ադրբեջանի՝ արտերկրում գործող դիվանագիտական ներկայացուցչություններին:

«Եվրատեսիլի» գործադիր տնօրեն Յոն Օլա Սանդ
Վիզային խնդրից բացի «Եվրատեսիլի» ղեկավարությունը լրջորեն մտահոգված է Բաքվի կենտրոնում ընթացող լայնածավալ շինարության փաստով: Բանն այն է, որ Բաքվում լուրեր են շրջանառվում, որոնց համաձայն քաղաքի կենտրոնական մի շարք թաղամասերի բնակիչների տեղահանման իրական պատճառը նոր համերգային համալիրի շինարարությունն է, որում էլ անց է կացվելու «Եվարտեսիլ-2012»-ը:

«Որեւէ շինարարական աշխատանքներում «Եվրատեսիլի» ղեկավարությունը ներգրավված չէ: Այդ մարզադաշտը կառուցում է Ադրբեջանի կառավարությունը։ Մենք այդ աշխատանքներին ոչ հավանություն ենք տվել, ոչ էլ խնդրել ենք, որ նման բան արվի», - «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայությանը տված հարցազրույցում նշել է Յոն Օլա Սանդը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG