Մատչելիության հղումներ

Մարիամ Վարդանյանը սովորում է Երեւանի պետական համալսարանի կեսաբանության ֆակուլտետի 4-րդ կուրսում: Մարիամն անկեղծ խոստովանում է, որ այսօր դասացուցակով ու դասերով հետաքրքրվելու համար չէ, որ կուրսով բուհում են:

Կարոտել են միմյանց ու փորձելու են օրն անցկացնել երեւանյան սրճարաններից մեկում` ավելի ուրախ ու ավելի հետաքրքիր: Բայց իրենց պարտքն են համարել օրը սկսել հենց բուհից:

«Առաջինը հանդիպեցի ընկերներիս, դասախոսներիս, հետո անպայման դեկանատի կողքով անցանք, եթե նույնիսկ չէինք էլ մտնելու: Ծանոթացանք դասացուցակին ու տխրեցինք, որովհետեւ առարկաները նորից վատ էին դասավորված», - պատմեց Մարիամը։

Իսկ ԵՊՀ ռոմանագերմանական-բանասիրության ֆակուլտետի 2-րդ կուրսի ուսանողները սեպտեմբերի 1-ին եկել էին բուհ մեծ սպասումներով, բայց հիասթափված էին։

«ճիշտն ասած եկել էինք տեսնելու, թե մեր ֆակուլտետը ոնց ա վերանորոգվել ու հիմա հուսահատված ենք, որ էլի չտեսանք,որովհետեւ ամեն տարի խոստանում են ու էլի չեն վերանորոգում», - ասաց ուսանողներից մեկը։

Մինչ ռոմանագերմանական ֆակուլտետի ուսանողները ներկայացնում էին ֆակուլտետի խնդիրները, միջազգային հարաբերությունների բաժնի 3-րդ կուրսի ուսանող Նարեն էլ պատմում էր, որ գոհ է իր ստացած տպավորություններից: Ուսումնական տարին իր համար հետաքրքիր է սկսվել ու վստահ է, որ այդպես էլ շարունակվելու է․ - «Մեր լսարաններն ավելի գեղեցկացել էին, պայմաններն ավելի լավացել: Հուսամ որ այդ պայմաններում մեր ուսումնական տարին ավելի հաջող ու բուռն կլինի»:

Նարեն պատմում է, որ անցյալ տարի այս օրը կուրսով օրը սկսեցին սրճարանում ու ավարտեցին սրճարանում: Արդյունքում պատժվեցին ու այս տարի, հիշելով անցյալ տարվա ստացած դասը, մեկ մարդու նման, ողջ կուրսը որոշել է մինչեւ վերջին ժամը լինել լսարանում:

Տնտեսագիտական համալսարանի ուսանողուհի Անահիտն էլ սիրում է այս օրն իր պոզիտիվությամբ: Բոլորը բարի են, ժպտում են, բայց իր խոսքով օրվա միակ փչացնողները դասախոսներն են․ - «Առաջին օրվանից սկսում են լեկցիաները: Ինձ թվում ա՝ մարդիկ պետք է մեր դրության մեջ մտնեն: Մեզ հետ ծանոթանլու նպատակով գան դասի, ոչ թե դաս անելու»:

Իսկ Անահիտը պատմում է, որ անցյալ տարի դիմել է դեղագործական բաժին ու դուրս մնացել: Այս տարի ընդունվել է բուժական ֆակուլտետ ու մեծ պատասխանատվություն է զգում։

«Դժվար ա այն առումով, որ քո վրա մեծ պարտավորություն ունես, չէ որ դու պետք է լավ բժիշկ դառնաս ու պիտի մարդկանց կյանքի հետ գործ ունենաս: Առաջին տպավորություններս շատ լավն էին, երեխեքը լավն էին», - պատմեց նա։

Անահիտի խոսքով բուժական ֆակուլտետ ընդունվողների թիվն այս տարի 167 է, խմբում՝ 6 ուսանող, բայց օրը համակուրսեցիների հետ չի նշի, քանի որ դեռ չեն ընկերացել, բայց անպայման նշելու է, որովհետեւ իր երազած ֆակուլտետն է ընդունվել:

XS
SM
MD
LG