Մատչելիության հղումներ

Թուրքիայում անօրինական գտնվող հայերի երեխաներին թույլ տրվեց դպրոց հաճախել


Ստամբուլում գործող ընդհատակյա հայկական դպրոց, արխիվային լուսանկար

Ստամբուլում գործող ընդհատակյա հայկական դպրոց, արխիվային լուսանկար

Թուրքիայում անօրինական բնակվող հայաստանցի ընտանիքների երեխաներին թույլ է տրվել հաճախել հայկական դպրոցներ: Այդ փոփոխության մասին հայտնեց «Ազատություն» ռադիոկայան զանգահարած Ստամբուլի «Ժամանակ» թերթի խմբագիր Արա Գոչունյանը:

Թուրքիայում անօրինական ապրող Հայաստանի քաղաքացիների երեխաները նախկինում չէին կարող, իրավունք չունեին դպրոց հաճախել:

«Թուրքիայի Հայոց պատրիարքարանի աղբյուրները այս [օգոստոսի 31-ի] առավոտյան «Ժամանակ» օրաթերթի խմբագրությանը տեղեկացրեցին, որ 2011-2012 ուսումնական շրջանի վերամուտին ընդառաջ` Թուրքիայի պաշտոնական պատկան իշխանությունները արդեն թույլ են տալիս, որպեսզի Հայաստանից արտագաղթած այն ընտանիքները, որոնք գտնվում են Թուրքիայում, նրանց երեխաները կարողանան ընդունվել Ստամբուլի հայկական դպրոցներ», - «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց Արա Գոչունյանը:

«Ինչպես կբնորոշենք եւ ինչպես կորակենք այդ ընտանիքները` ոմանք նախընտրում են ասել «ապօրինի», ոմանք` ուրիշ բաներ, բայց երեւի հարմարագույն արտահայտությունը պիտի լինի, որ առանց կարգավիճակի են գտնվում այստեղ, եւ երկար ժամանակ ի վեր այդ ընտանիքների երեխաների ուսումնական-դաստիարակչական գործի վերաբերյալ շփոթություններ կային, դժվարություններ կային, անկարելիություններ կային», - նշեց ստամբուլահայ լրագրողը` շարունակելով. - «Պատրիարքարանը, փաստորեն, հենց առաջին իսկ օրվանից այս խնդիրը օրակարգի վրա էր բերել, պետական ավագանու մոտ հետեւողականորեն հետամուտ էր այս խնդրի լուծման տեսակետից, եւ այս վերջին օրերին համայնքի համար կատարված դրական ժեստերի մթնոլորտում Պատրիարքարանը այս առավոտ հաղորդեց, որ Թուրքիայի պատկան իշխանությունները բանավոր թույլտվություն են տվել, որպեսզի Հայաստանից արտագաղթած երեխաները կարողանան ընդունվել Ստամբուլի հայկական վարժարաններ»:

Այդ վարժարանները, Գոչունյանի խոսքերով, շուրջ 15-ն են, եւ «արդեն իսկ որոշ աշակերտների, որոշ սաների գրանցումները, արձանագրությունները կատարված են դպրոցներում»:

Հարցին, թե խոսքը մոտավորապես քանի՞ երեխաների է վերաբերում, ստամբուլահայ խմբագիրը արձագանքեց. - «Դժվար է թվերի մասին խոսելը, բայց մենք ունենք մի հենակետ այդ հաշվարկը անելու համար, որ մինչեւ հիմա այս անկարելիությունների մթնոլորտում Ստամբուլի Գեդիկփաշա թաղամասում գտնվող Հայ ավետարանական եկեղեցու նկուղային հարկում, դարձյալ չասելու համար` «ապօրինի», այսպես` թույլատրված, հանդուրժված վարժարանային մթնոլորտում երեխաներ կրթություն ստանում էին, նրանց թիվը մի քանի տասնյակ էր, բայց, իհարկե, այդ պայմաններում, այդ հնարավորություններով, այդ սահմանափակ կարելիություններով: Հիմա, իհարկե, այս թույլտվության պայմաններում կարող է նաեւ բարձրանալ այդ թիվը, որովհետեւ մենք ընթացքում հատուկենտ, առանձնակի դեպքեր էլ նկատում էինք, որ Հայաստանից եկած ընտանիքների երեխաները այստեղ արդեն գնում էին, ասենք, տեղական, թուրքական վարժարաններ, հանրակրթական դպրոցներ Ստամբուլի»:

«Միանշանակ է, որ այստեղ արտագաղթած ընտանիքների երեխաների նորմալ կրթությունը կազմակերպելու տեսակետից սա շատ կարեւոր իրադարձություն է», - ամփոփեց Արա Գոչունյանը:

Անցած շաբաթավերջին Թուրքիայի կառավարությունը որոշեց երկրի ազգային փոքրամասնություններին վերադարձնել 1936 թվականին նրանցից բռնագրավված ունեցվածքը: Թուրքիայի հայ համայնքը մեծ ոգեւորությամբ ընդունեց այս լուրը, մինչդեռ հայաստանցի քաղաքագետները որոշակի թերահավատությամբ են մեկնաբանում որոշումը, ընդգծելով, թե պաշտոնական Անկարան փորձում է շահելով տեղի հայ համայնքի համակրանքը` առանձնացնել այն հայկական ընդհանուր Սփյուռքից:

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը անցած տարի սպառնացել էր երկրից առհասարակ արտաքսել այնտեղ անօրինական բնակվող հայերին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG