Մատչելիության հղումներ

«Յուրօրինակ եւ շատ բարենպաստ»` ամերիկացի դիվանագետների հետ զրույցում այսպես են 2008 թվականի մարտին բնութագրել Հայաստանից ստացած տպավորություները դրանից մի քանի շաբաթ առաջ Երեւան այցելած թուրքական պատվիրակության անդամները:

Wikileaks-ի կողմից գաղտնազերծված փաստաթղթերից մեկը Անկարայում Միացյալ Նահանգների դեսպանության աշխատակիցների հաշվետվությունն է մի խումբ թուրք երիտասարդների հետ 2008-ի մարտին ունեցած զրույցի մասին: Այս փաստաթղթում անդրադարձ կա ինչպես հայ - թուրքական հարաբերություններին, այնպես էլ Հայաստանի ներքաղաքական իրողություններին, մասնավորապես` 2008-ի նախագահական ընտրություններին:

«Բրիտանական համալսարանների ութ թուրք շրջանավարտները Հայաստան էին այցելել հունվարի 20-25-ը` հանդիպելով քաղաքական գործիչների, գործարարների եւ ոչ կառավարական կազմակերպությունների ներկայացուցիչների բավական լայն շրջանակի հետ», - նշում են ամերիկացի դիվանագետները` հատուկ շեշտելով, որ ամենամեծ տպավորությունը, որ ստացել են Երեւան այցելած թուրք երիտասարդ մասնագետները, երկու երկրների եւ ժողովուրդների միջեւ առկա նմանություններն են:

«Մշակութային ընդհանրությունները բավական խորն էին եւ անսպասելի», - նշել են թուրք երիտասարդները` նկատելով, որ հայերի հետ այդ նմանությունները որոշակիորեն հիշեցնում են թուրքերի եւ հույների միջեւ առկա կապերը:

«Ինչպես եւ հույների դեպքում` հայերի պարագայում եւս գլխավոր տարբերությունը կրոնն է: Բայց անգամ այս պարագայում բրիտանական համալսարանների թուրք շրջանավարտները խիստ զարմացել են` հայտնաբերելով, որ Հայ եկեղեցու ավանդույթներից շատերը Անատոլիայի իսլամական ծեսերն են հիշեցնում», - նշված է հաղորդագրության մեջ:

Ինչ վերաբերում է հայ - թուրքական հարաբերություններին, ապա այցի մասնակիցները հանգել են մի եզրակացության, ըստ որի` «Դաշնակցության եւ Սփյուռքում գործող մի շարք խմբերի կողմից Թուրքիայի ուղղված տարածքային պահանջները հայաստանցիների մեծ մասի կողմից լուրջ չեն ընկալվում»:

Խոսելով Հայաստանի քաղաքական իրավիճակից` թուրք երիտասարդներն ամերիկացի դիվանագետներին ասել են, թե քաղաքական եւ տնտեսական լարվածությունը Երեւանում իրենց այցի ընթացքում զգալի էր, ուստի հետընտրական հակամարտությունը թուրքերի համար անկնկալ չի եղել:

Թուրք երիտասարդները նաեւ նշել են, որ Հայաստանում իրենց հետ հանդիպած մարդկանց մեծ մասը համոզմունք էր հայտնել, թե Սերժ Սարգսյանն ի վիճակի չի լինի ընտրությունների առաջին փուլում հաղթահարել 50 տոկոսի շեմը, եւ որ երկրորդ փուլում ընդդիմությունը միավորվելու է Լեւոն Տեր-Պետրոսյանի շուրջ:

«Թուրք երիտասարդներն իրենց այցի ընթացքում հանդիպել են նաեւ Սարգսյանի կողմնակիցներին, որոնք Տեր-Պետրոսյանին քննադատել են հատկապես Թուրքիայի հանդեպ ունեցած չափավորական կեցվածքի համար», - նշված է հաղորդագրության մեջ:

Ընդհանուր առմամբ, ամերիկացի դիվանագետներն արձանագրում են, որ բրիտանական համալսարանների թուրք շրջանավարտները հիմնական մի եզրակացության են հանգել Երեւան կատարած այցից հետո. - «Թուրքիան կարող է շատ լուրջ դերակատարություն ունենալ Հայաստանի տնտեսական անկախության եւ եվրոպական կողմնորոշման ապահովման հարցում»:

«Այնուհանդերձ, հայերից շատերը թուրք երիտասարդների հետ զրույցներում հենց Թուրքիայի պահվածքն են մատնանշել որպես Հայաստանի` Մոսկվայից կախվածության պատճառ», - նշում են դիվանագետները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG