Մատչելիության հղումներ

Սեպտեմբերի 1-ի մամուլ


«Հրապարակ»-ի խմբագիրը անդրադառնում է օրվա խորհրդին` ուսումնական տարվա սկզբին. - «Այնքան, ինչքան էքսպերիմենտներ արեցին կրթության համակարգում, թերեւս ոչ մի համակարգում չեն արել: Էլ տասներկուամյա կրթություն, էլ գործող տնօրենների արտահերթ ու աննախադեպ հավաստագրում, էլ քննական նոր համակարգ, էլ ավագ ու հիմնական դպրոցների տարանջատում: Եվ դրանք բոլորն ուղեկցվեցին աղմուկով ու բողոքներով՝ գումարած դասագրքերի հետ կապված դժգոհությունները, որին անգամ օմբուդսմենը միջամտեց: Բայց ամենահետաքրքիրն այն է, որ այս «դարակազմիկ» փոփոխություններից ոչ մեկին չնախորդեցին ու չհաջորդեցին պատշաճ հիմնավորումներ ու համապատասխան ուսումնասիրություններ: Անշուշտ, կրթության պատասխանատուներն այս թեմաներով բազում ասուլիսներ ու հարցազրույցներ են տվել, վարկային միջոցների հաշվին հաղորդումներ ու բրոշյուրներ պատրաստել, սակայն թե’ հասարակությունը, թե’ հենց կրթության մասնագետները անորոշության մեջ խարխափում են: Ոչ իրենց արածից են գլուխ հանում, ոչ էլ զարգացման ուղին է երեւում»:

Թեման շարունակում է «Առավոտ»-ի խմբագիրը. - «Մեր կրթության գլխավոր խնդիրը միջոցների սղությունը չէ, ոչ էլ այն, որ դպրոցը դարձրել են 12 տարի եւ երկաստիճան: Գլխավոր խնդիրն այն է, որ մենք չգիտենք, թե ինչ նպատակով, հանուն ինչի ենք մեր երեխաներին կրթություն տալիս: Դրա ծայրահեղացված դրսեւորումն այն է, որ ծնողներից շատերը փող են տալիս, որ իրենց երեխաները չսովորեն: Այսինքն` նրանք չեն ընկալում կրթությունը որպես գործիք, որը կապահովի երեխաների տեղը ապագա կյանքում. այդպիսի ծնողները վատնում են իրենց փողն ու երեխաների ժամանակը ինչ-որ անիմաստ, անհասկանալի զբաղմունքների վրա… Խոսքը, այսպիսով, կրթության հայեցակարգի մասին է… Նախորդ դարաշրջանում այդպիսի հայեցակարգ պետք չէր: Խորհրդային կրթությունը գովաբանողները, հավանաբար, չեն նկատում, որ համեմատությունները անտեղի են: Դա նման է 3.62-անոց օղու մասին երազելուն. չկա համակարգը, չկա նրան բնորոշ գնագոյացումը, չկա այն տարադրամը, որով այդ գինն էր գոյանում` ի՞նչն ենք համեմատում»:

«Հայոց Աշխարհ»-ը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի անկախության 20-րդ տարեդարձի կապակցությամբ Ռոբերտ Քոչարյանի տված հարցազրույցը Արցախի հանրային հեռուստաընկերությանը: Քոչարյանը, մասնավորապես, ասում է. - «Ես չեմ ընդունում այն կարծիքը, թե Ղարաբաղը չի մասնակցում բանակցություններին: Դա այդպես չէ: Ղարաբաղը մասնակցում է բանակցություններին: Ղարաբաղը չի մասնակցում բանակցային գործընթացի մեկ հատվածին` Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումներին: Բանակցային գործընթացը շատ ավելի լայն է, եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ Լեռնային Ղարաբաղը լիարժեքորեն բանակցում է եւ գործընթացի մասնակից է: Իհարկե, պետք է խոսենք Ղարաբաղի լիարժեք մասնակցության մասին: Նախագահների բանակցություններում ԼՂ շահերը ներկայացնում է Հայաստանի նախագահը: Կասկած չունեմ, որ Ղարաբաղը լիարժեք մասնակցելու է բանակցություններին: Թե որքան կտեւի գործընթացը, դժվար է գուշակել: Սակայն, անկասկած, ժամանակը աշխատում է մեր օգտին»:

«Հայկական ժամանակ»-ի հետ զրուցել է Հայ ազգային կոնգրեսի կենտրոնական գրասենյակի անդամ Գագիկ Ջհանգիրյանը: Նա ասում է. - «Իմ կարծիքով, ժողովրդի համար ակնհայտ է, որ երկխոսության բոլոր փուլերը ավարտվում էին Հայ ազգային կոնգրեսի ձեռքբերումներով: Երկխոսության արդյունքում իշխանությունները մեզ հետ միասին քննարկում էին արտահերթ ընտրությունների խնդիրը, եւ իշխանության հատկապես այն շերտերը, որոնք առավել մեծ «ներդրում» են ունեցել նախագահական ընտրությունների կեղծման, մարտի 1-2-ի սպանդի, հետագա բոլոր ապօրինությունների կատարման մեջ, հասկացան, որ քաղաքակիրթ բանակցությունների արդյունքում կարող են առաջինը հենց իրենք զոհաբերվել: Ենթադրում եմ, որ իշխանության ինչ-որ շերտերում, իմ կարծիքով, եթե ոչ գիտակցված, միտումնավոր, համենայնդեպս ենթագիտակցային որոշում կայացվեց, որ հարկավոր է խափանել, խոչընդոտել քաղաքական նորմալ գործընթացը»:

«Երկիր» թերթի մեկնաբանը, անդրադառնալով Ճանապարհային ոստիկանության պետ Մարգար Օհանյանի ձերբակալությանը, գրում է. - «Այս ամենի արդյունքում ոստիկանի մասնագիտությունը, այդ համակարգն առհասարակ դարձել են ամենաանշնորհակալը եւ ամենաանպատվաբերը: Այսօր այն թիրախ է թե' իշխանության կողմից` չնայած նրան մատուցած անգնահատելի ծառայություններին, թե' ընդդիմության, որը, հենց վերոնշյալ արժեքներ դավանող ոստիկաններին պրովոկացիայի ենթարկելով, նրանց օրենքից դուրս գործողությունների մղելով` փորձում է նրանց գործիք դարձնել իշխանության հետ իր հարաբերություններում, թե' հասարակության, որը գրեթե դադարել է այդ համակարգն իր անվտանգության ապահովման երաշխավորը համարել: Նման խեղճ ու անօգնական վիճակում այս համակարգը թերեւս չի եղել երբեք: Ու բնականոն են մերթընդմերթ նշմարվող ներքին դիմադրության պոռթկումները, որոնք արտահայտվում են աշխատակիցների լոկալ բունտերի, աշխատանքից ազատման մասսայական դիմումների տեսքով, եւ որոնք խեղդվում են հենց ոստիկանության ղեկավարության կողմից»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG