Մատչելիության հղումներ

ԼՂ-ի տարածքում անհայտ կմախքների աճյուններ են հայտնաբերվել


Լեռնային Ղարաբաղի տարածքում գտնվել են մի քանի կմախքի աճյուններ, որոնց ինքնությունն անհայտ է: Այս մասին «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում տեղեկացրեց Լեռնային Ղարաբաղի Անհայտ կորածների հարազատների միության նախագահ Վերա Գրիգորյանը:

«Մեր որոնողական աշխատանքների ժամանակ հանդիպել ենք կմախք-աճյունների: Մենք խնդրում ենք բոլորին, որ դրանք փորձաքննության ենթարկվեն, որոշվի իսկությունը, թե ովքեր են: Չգիտենք` ադրբեջանցի են, թե` հայ», - ասաց Գրիգորյանը:

Վերջերս Լեռնային Ղարաբաղի Ռազմագերիների, անհայտ կորածների եւ պատանդների հարցերով պետական հանձնաժողովը հայտարարել էր, որ Լեռնային Ղարաբաղի տարածքում չկա ո'չ ադրբեջանցի ռազմագերի, եւ ո'չ էլ քաղաքացիական անձ: Մինչդեռ Ադրբեջանի նույն հանձնաժողովի վերջին տվյալների համաձայն` անհայտ կորած է համարվում Ադրբեջանի 4043 քաղաքացի: Նույն աղբյուրը նշում է նաեւ, որ գերությունից ազատվել է 1400 մարդ:

ԼՂ-ի Անհայտ կորածների հարազատների միության նախագահի խոսքով` վերջին 13 տարիներին Ադրբեջանից վերադարձել են ընդամենը 3 հոգի, եւ հետ է վերադարձվել մեկ դիակ, ընդ որում ոչ թե փոխանակման սկզբունքով, այլ` փրկագնով:

ԼՂ-ում, պաշտոնական տվյալների համաձայն, ավելի քան 7000 քաղաքացիներ անհայտ կորած են համարվում, որոնցից մոտ 230-ը զինվորականներ են:

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ղարաբաղյան առաքելության ղեկավար Ռոման Պարամանովը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, թե իրենք «չեն կարող պարծենալ փոխանակման արդյունքներով»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG