Մատչելիության հղումներ

Հայ ազգային կոնգրեսին «այլ ելք չի թողնված» քան վերսկսել զանգվածային բողոքի ակցիաները


ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյան

ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյան

Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանի կարծիքով, ՀԱԿ ակտիվիստին անազատության մեջ պահելով, իշխանությունները փորձում են խուսափել արտահերթ ընտրությունների հարցի քննարկումից։

Լեւոն Զուրաբյանը, ով նաեւ իշխող կոալիցիայի աշխատանքային խմբի հետ երկխոսող ընդդիմադիր պատվիրակության ղեկավարն է, այսօր «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նշեց, որ ՀԱԿ-ը պատրաստակամություն է հայտնել երաշխավոր լինել ՀԱԿ – իշխանություն երկխոսության առկախման պատճառ հանդիսացած՝ ընդդիմադիր ակտիվիստ Տիգրան Առաքելյանի խափանման միջոցը փոխելու հարցում , սակայն իշխանությունները պաշտոնապես մերժել են առաջարկը։

«Հայ ազգային կոնգրեսի պատվիրակությունը՝ ի դեմս հինգ ներկայացուցչի, պատրաստ է եղել ներկայացնել նման երաշխիքներ։ Ընդ որում հասկանալի է, որ խոսքը իրականում հինգ ֆիզիկական անձանց մասին չէ, դա նաեւ նշնակում է քաղաքական երաշխիքներ ՀԱԿ -ի կողմից, մի ամբողջ շարժման կողմից: Սա կլիներ փայլուն լուծում, որովհետեւ մի կողմից իշխանությունները հնարավորություն կունենային օբյեկտիվորեն քննել տեղի ունեցածը, եթե նման ցանկություն ունեին, մյուս կողմից՝ Հայ ազգային կոնգրեսը կստանձներ պատասխանատվություն երիտասարդների վարքագծի համար», - նշեց Լեւոն Զուրաբյանը՝ եզրակացնելով․ - «Այսինքն՝ եթե նման առաջարկը իշխանությունները չեն ընդունում, իսկ նրանք պաշտոնապես մերժեցին այդ առաջարկը, դա նշանակում է, որ նրանք ունեն քաղաքական դրդապատճառներ խափանման միջոցը չփոխելու, Տիգրան Առաքելյանին պահելու բանտարկված վիճակում»։

ՀԱԿ համակարգողի մեկնաբանմամբ, սրանով փորձ է արվում ՀԱԿ-ի նկատմամբ քաղաքական ճնշման լծակ ձեռք բերել։

«Նրանք տեսան, որ այս երկխոսությունը զարգանում է մի ուղղությամբ, որը բերում է Հայ ազգային կոնգրեսի հեղինակության աճին, ամբողջ հասարակությունը սկսում է քննարկել արտահերթ նախագահական եւ խորհրդարանական ընտրությունների անցկացման հիմնավորումները եւ այդ գաղափարները գնալով հիմնավորվում են հասարակության մեջ։ Ահա, դեպքերի նման ընթացքը խափանելու համար իշխանությունները գնացին այս միջադեպի քաղաքականացմանը», - կարծիք հայտնեց Լեւոն Զուրաբյանը։

ՀԱԿ համակարգողը հավելեց, որ եթե Տիգրան Առաքելյանը ազատ չարձակվի, ընդդիմադիր Կոնգրեսը հարկադրված է լինելու ինչ-որ պահից սպառված համարել երկխոսության հնարավորությունը։

«Իսկ դա նշանակում է, որ նրանք մարտահրավեր են նետում մեզ՝ ըստ էության առաջարկելով նորից տասնյակ հազարավոր մարդկանց դուրս բերել փողոց եւ պահանջել արտահերթ ընտրություններ», - նշեց Լեւոն Զուրաբյանը՝ հավելելով, որ սեպտեմբերի 9-ին նախատեսվող ՀԱԿ-ի հանրահավաքում ժողովրդի հետ միասին կորոշեն իրենց գործողությունների ծրագիրը․ - «Ես վստահ եմ՝ դա հիմնականում վերաբերելու է մեր զանգվածային բողոքի ցույցերի մի ամբողջ արշավի կազմակերպմանը։ Այո, իսկապես կարծում եմ այլ ելք մեզ չի թողնված, քան վերսկսել այն, ինչ մենք արեցինք մարտին-ապրիլին՝ ժողովրդին հանելով փողոց եւ փորձելով փոխել իրավիճակը երկրում։ Կարծում եմ՝ ահագին նվաճումներ ունեցանք, իշխանությունները կատարեցին զիջումներ բավականին շատ հարցերում։ Հիմա եկել է ժամանակը՝ իշխանություններին պարտադրելու նոր զիջումներ»։

Հանրապետական կուսակցության փոխնախագահ Գալուստ Սահակյան
Մինչդեռ, իշխանությունների հետ բանակցություններում իր մասնակցությունը առկախելու` ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի քայլը իշխող Հանրապետական կուսակցության փոխնախագահ Գալուստ Սահակյանը առավելապես պայմանավորում է, արտահերթ ընտրությունների ընդդիմության պահանջին ի պատասխան կոալիցիայի ներկայացրած փաստաթղթով: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նա հայտարարեց, որ այդ փաստաթղթում ներկայացված փաստերի դեմ ՀԱԿ-ը որեւէ հակափաստարկ չուներ հետեւաբար պետք է ինչ-որ այլ պատճառաբանություն գտներ բանակցություններն առկախելու համար: Սահակյանը նաեւ կարծիք հայտնեց, որ եթե ՀԱԿ-ը չվերադառնա իշխանությունների հետ բանակցությունների, ապա լուսանցքից դուրս կմղվի, «իսկ քաղաքական ուժերը իրենց երթը կշարունակեն դեպի խորհրդարանական ընտրություններ»:

«Իսկ եթե իրավիճակը չփոխվի, եւ բանակցությունները չվերսկսվեն, ապա Կոնգրեսը քանի՞ մանդատ կարող է ունենալ ապագա խորհրդարանում» հարցին Հանրապետականի փոխնախագահը պատասխանեց․ - «Նայած՝ ինքը հասարակությանը ինչ անձեր կներկայացնի: Եթե այսպես՝ կիսատ-պռատ քաղբանտարկյալներ սարքած մարդիկ պիտի գան, շատ քիչ կլինի: Կարծում եմ՝ 8-10 այս պահին»:

ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը, մինչդեռ, «անլուրջ եւ ավելորդ զբաղմունք» որակեց Գալուստ Սահակյանի պնդումներին հակադարձելը:

Ուղիղ հեռարձակում

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG