Մատչելիության հղումներ

logo-print

Չարաշահումների հետեւանքով մի քանի համայնքների դպրոցներ չեն ջեռուցվի


Ազգային ժողովի պատգամավոր Անահիտ Բախշյանը:

Ազգային ժողովի պատգամավոր Անահիտ Բախշյանը:

ԿԳՆ հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանի խոսքով` ջեռուցման հարցը գրեթե բոլոր դպրոցներում լուծված է: Իսկ ԱԺ պատգամավոր Անահիտ Բախշյանը կոնկրետ փաստերով նշում է, որ մի քանի համայնքներում չարաշահումների հետեանքով տուժել է դպրոցի ջեռուցման հարցը:

Կրթության եւ գիտության նախարարության հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանը երեկ ներկայացնելով նոր ուսումնական տարվա նորությունները` «Մաքս լիբերթի»-ի խնդրանքով անդրադարձավ նաեւ դպրոցների ջեռուցման խնդրին` պնդելով, թե այսօր բոլոր դպրոցները ջեռուցում ունեն եւ հիմնականում խնդիրը լուծված է, իսկ եթե անգամ լուծված չէ, ապա գուցե առանձին կաթսայատուն չունեն:

«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Անահիտ Բախշյանը, սակայն, վարչապետին ուղղված իր հերթական նամակում մտահոգություն է հայտնում մարզային մի շարք դպրոցներում չջեռուցվող դպրոցների վերաբերյալ:

Պատգամավորը «Մաքս լիբերթի»-ին փոխանցեց, որ Վերահսկիչ պալատի կողմից իրականացված ստուգումների մասին 2008 թ. հրապարակումներում արձանագրված են Արմավիրի մարզի Երվանդաշատ, Բագարան, Կողբավան, Շենիկ, ինչպես նաեւ Արագածոտնի մարզի Արեգ, Արտենի, Արագածավան, Արտամետ գյուղերի գազատարների շինմոնտաժային աշխատանքների ժամանակ «Մանշին», «Ման-Նախ» կազմակերպությունների կողմից թույլ տրված չարաշահումների եւ «Տեդաս» ՍՊԸ-ի նկատմամբ հարուցված քրեական գործի մասին, որը գտնվում է դատախազության վարույթում:

Բախշյանն ասում է, որ թեպետ Վերահսկիչ պալատի 2008-ի հաշվետվությունում գրված է, որ վերոնշյալ գյուղերի գազաֆիկացման աշխատանքները պետք է ավարտված լինեին 2009-ին, այդուհանդերձ իր այցելած 6 համայնքների 4 դպրոցները, ամենայն հավանականությամբ, այս տարի չեն ջեռուցվի, որովհետեւ մինչեւ այսօր դրա մասին որեւէ լուր չկա: Օգոստոսի 17-ին պատգամավորն այցելել է Արմավիրի եւ Արագածոտնի մարզերի նշված համայնքները` համոզվելու համար որքանով են պատրաստ դպրոցները սեպտեմբերի 1-ին: Դեռ այն ժամանակ նշված համայնքերում իր այցելած դպրոցներից որեւէ մեկը ոչ վերանորոգման, ոչ էլ ջեռուցման առումով պատրաստ չէր սեպտեմբերի 1-ին: Բախշյանի երկրորդ այցեությունը երեկ էր, որի ընթացքում պարզել է, որ նշյալ դպրոցներից մի քանիսում լուծվել է միայն վերանորոգման աշխատանքների հարցը:

Արմավիրի մարզի Երվանդաշատ, Բագարան, Կողբավան, Շենիկ եւ Արագածոտնի մարզի Արեգ, Արտենի, Արագածավան, Արտամետ գյուղերի գազատարների շինմոնտաժային աշխատանքների հետ կապված պատմությունը, պատգամավորի ներկայացմամբ, հետեւյալն է. - «Այստեղ 2 ընկերություններ կան, որոնք գազաֆիկացիայով են զբաղվել` «Ման Շին» եւ «Ման Նախ» ՍՊԸ-ները, սա նույն մարդն է պարզվում է, ով հավաքել է այդ գումարները, տարել գյուղերից ու աշխատանքները չի կատարել»:

Բախշյանը 7 կետից կազմված պահանջով դիմել է վարչապետին եւ պահանջել իր հարցերի պատասխանները:

XS
SM
MD
LG