Մատչելիության հղումներ

Ինչպես այսօր «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց Հայաստանի պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Դավիթ Կարապետյանը, անցած ուրբաթ բանակում մահացած 18-ամյա զինծառայող Աղասի Աբրահամյանի գործի կապակցությամբ այսօր ժամը 13:00-ի սահմաններում ձերբակալվել են երկու հոգի` մեկ սպա եւ մեկ զինվոր:

Կարապետյանը, սակայն, հրաժարվեց անուններ նշել` ելնելով գործի շահերից:

Պաշտպանության նախարարի մամուլի քարտուղարը հավելեց, թե գործը առայժմ քննվում է Քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետի հատկանիշներով` դիտավորությամբ առողջությանը ծանր վնասվածք պատճառելը, որն անզգուշությամբ առաջացրել է տուժողի մահը: Միեւնույն ժամանակ, Դավիթ Կարապետյանը ընդգծեց, թե չի բացառվում, որ նշված երկու հոգու ձերբակալությունից 72 ժամ անց նրանց մեղադրանք առաջադրվի Քրեական օրենսգրքի այլ հոդվածի հատկանիշներով:

Կարապետյանը նաեւ տեղեկացրեց, որ շաբաթ օրը «Եղնիկներ» զորամաս են մեկնել եւ այժմ դեպքի վայրում աշխատում են Հայաստանի զինդատախազ Գեւորգ Կոստանյանը եւ պաշտպանության նախարարության քննչական ծառայության ղեկավար Արմեն Հարությունյանը` 18-ամյա զինվորի գործի հետ կապված նախաքննությունն իրենց անմիջական վերահսկողության ներքո պահելու համար: Բացի այդ վաղը «Եղնիկներ» է մեկնելու նաեւ պաշտպանության նախարարի տեղակալ, գեներալ-մայոր Վլադիմիր Գասպարյանը:

Երեկ այս միջադեպին անդրադարձել էր նաեւ Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:

«Զինվորի մարմնի տարբեր մասերում կան հետքեր: Հարուցված է քրեական գործ: Դատաբժշկական փորձաքննության արդյունքում հաստատվել է, որ ինչ-որ ներգործություն է եղել արտաքին նրա վրա, եւ ոչ մեկս դա չենք թաքցնում: Բացահայտված է այն մարդկանց շրջանակը, որոնք կարող են այս կամ այն ձեւով ազդած, ծեծած լինեն այդ մեր զինվորին, եւ քրեական գործի շրջանակներում լուրջ աշխատանք է հիմա տարվում` ե'ւ իրավապահ մեր կառույցների, եւ նաեւ զորամասերի հրամանատարության ողջ ուժերն են ուղղված», - ասաց Սեյրան Օհանյանը` մանրամասնելով. - «Այսօր այդ զորամասում աշխատում է ե'ւ Պաշտպանության բանակի ղեկավարությունը, ե'ւ Զինված ուժերի անձնակազմի հետ տարվող աշխատանքների, զինծառայողների, զորքերի ծառայության վարչության աշխատակիցները, որոնք փորձելու են ամեն ինչ անեն` բացահայտեն: Եվ այդ բացահայտման շրջանակներում մեղավորները, ես ուզեմ թե չուզեմ, պատժվելու են, քրեական պատասխանատվության են ենթարկվելու»:

Անցած ուրբաթ օրը Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակից ստացված տեղեկության համաձայն` նույն օրը ժամը 20:30-ի սահմաններում անգիտակից վիճակում զինվորական հոսպիտալ էր տեղափոխվել Պաշտպանության բանակի ժամկետային զինծառայող 1992թ. ծնված Աղասի Գեղամի Աբրահամյանը։ Մեկ ժամ անց՝ զինծառայողը մահացել էր:

Զինվորի` Երեւանում բնակվող ընտանիքի անդամները պնդում են, որ իրենց 18-ամյա զավակին ոչ թե անզգուշությամբ են մահ պատճառել, այլ սպանել են՝ ծեծելով: Դիահերձմանը մասնակցած ազգականները նկարագրում են իրենց տեսած բազմաթիվ վնասվածքները:

Ուղիղ հեռարձակում

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG