Մատչելիության հղումներ

10 ոսկե, 3 արծաթե մեդալով ու ակումբների գավաթով այսօր «Արսենալ» քիք-բոքսինգի ակումբը Վրաստանի Ուռեկի քաղաքից վերադարձավ Հայաստան:

Մրցաշարը տեղի է ունեցել օգոստոսի 27-29-ը: 6 պետությունների 16 ակումբներ մրցել են քիք-բոքսինգի միջազգային ակումբների գավաթի համար: Ակումբի նախագահ Վարդան Աբգարյանը «Մաքս լիբերթի»-ի հետ զրույցում ասաց, որ եզրափակիչ փուլում հայերի հիմնական հակառակորդներն ադրբեջանցիներն էին:

«Ադրբեջանը մտածում էր, որ ինքը պետք է գավաթը տանի, քանի որ անցյալ տարի նորից մենք էին բերել Հայաստան, բայց կրկին պարտվեցին, չնայած որ բավականին ուժեղ մարզիկներ էին: Մասնակցում էինք 13 մարզիկներով: Կարեւորը տղաները ոչ մի պարտություն չտվեցին գավաթի համար: Ունեցանք եզրափակիչում երեք մասնակիցներ, ովքեր զիջեցին մրցակցին, իսկ 10 մարզիկները պարգեւատրվեցին պրոֆեսիոնալ գոտիներով, արժանացան գավաթին եւ ուրախությունը բերեցին Հայաստան», - նշում է Աբգարյանը:

Վարաժ Մանուկյանն արդեն 15 տարի զբաղվում է քիք- բռնցքամարտով: Գրանցած հաջողությունների թվի մասին խոսել դժվարանում է, նշում է, որ շատ են ու մի օր կհաշվի, իսկ մեծերի մրցաշարերում Վարաժը 2005 թվականի Եվրոպայի առաջնությունում դարձել է ոսկե մեդալակիր, 2006 թվականին` ԱՊՀ երկրների առաջնության ոսկե մեդալակիր, աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր: Այսօր նա եւս վերադարձել է հաղթանակով պարտության մատնելով վրացի եւ իրանցի մարզիկներին:

2009 թվականին Վարաժը մեկնել է զինծառայության, վերադարձել այս տարվա հունիսին, մեկ ամսվա ընթացքում վերականգնել մարզական վիճակն ու մեկնել մրցաշարին: Վարաժը եւս կարծում է, որ մրցակիցներն ուժեղ էին, իսկ հաղթանակի համար իրենցից միայն պահանջվում էր քրտնաջան աշխատանք:

«Չեմ ուզում եզրափակվեմ ունեցած հաղթանակներով, նվաճումներով: Ու բոլոր մարզիկներին էլ խորհուրդ կտամ, որ հաղթողները չգոռոզանան իրենց հաղթանակներով, իսկ պարտվողներն էլ չհուահատվեն, որովհետեւ ապագան առջեւում է», - նշում է Վարաժը:

Ակումբի մյուս անդամ Արսեն Աբգարյանն ընդամենը 12 տարեկան է: Այս սպորտաձեւով զբաղվում է 5 տարեկանից: Տանն ունի անկյուն, որտեղ պատին ամրացրել է իր 7 տարիների աշխատանքի արդյունքը` 49 մեդալ: Արսենի խոսքով, հաղթանակները շատ են, իսկ պարտությունները` ընդամենը երեքը: Այս մրցաշարից Արսենը վերադարձել է երկու հաղթանակով:

«Իմ երազանքն է եղել, որ կպնեմ ադրբեջանցու հետ ու երազանքս իրականացավ: Երկու հաղթանակներս էլ տարել եմ ադրբեջանցիների հետ կպնելով: Առաջին տեղ եմ ընգել, գոտի եմ բերել, իսկ թիմային հաշվարկով գավաթը «Արսենալն» ա տարել», - պատմում է Արսենը:

Մարզիկներին դիմավորեց Նոր Նորքի թաղապետն ու հանձնեց խրախուսական նվերներ. - «Սպորտի մեջ ես թշնամի չեմ տեսնում: Սպորտը դրանով ա ուժեղ, որ ընկերներ են դառնում: Բայց շատ լավ ա, որ հաղթանակով վերադառնում ենք, ճակատներս բարձր, պատիվներս տեղը, ես շնորհավորում եմ բոլորին»:

Ակումբի որոշ մարզիկները այս տարի սեպտեմբերին էլ Քիք-բոքսինգի ազգային ֆեդերացիայի հետ միասին կմեկնեն Անապա 21-27-ը մասնակցելու աշխարհի առաջնությանը:

XS
SM
MD
LG