Մատչելիության հղումներ

Ճանապարհապարեկային ծառայության պետը չի հարցաքննվել վառելիքի յուրացման առնչությամբ


Ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության բաժնի պետ Նորիկ Սարգսյան
Ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության բաժնի պետ Նորիկ Սարգսյան
Ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության բաժնի պետ, գնդապետ Նորիկ Սարգսյանը հայտարարեց, որ Հատուկ քննչական ծառայությունը իրեն չի հարցաքննել ճանապարհային ոստիկանության առանձին պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու եւ ճանապարհային ոստիկանության համար նախատեսված վառելիքի մեծ մասը յուրացնելու փաստի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակում:

Ըստ քրեական գործի նյութերի` յուրացվել է պետական բյուջեով մարզերին հատկացված բենզինի 60 տոկոսը` 277 հազար լիտրից 156 հազար լիտրը: Երեքշաբթի օրը այս գործի շրջանակներում ձերբակալվեց Ճանպարհային ոստիկանության պետ Մարգար Օհանյանը:

Չորեքշաբթի կայացած ասուլիսին Նորիկ Սարգսյանը հրաժարվեց պատասխանել «Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե արդյո՞ք ճանապարհային ոստիկանությունում դժգոհություններ չեն առաջացել բենզինի պակասուրդից:

«Եկեք հարցադրումները անենք կոնկրետ թեմայի վերաբերյալ, մենք հավաքվել են [նոր ուսումնական տարվա առաջին] 10-օրյակի աշխատանքները ամփոփելու, եկեք չծավալվենք, ես իրավասու չեմ այդ խոսակցություններին, այդ հարցերին պատասխանելու», - ասաց Նորիկ Սարգսյանը:

Մեկնաբանելով շրջանառվող լուրերը, թե հենց ինքն է ճանապարհային ոստիկանության պետի պաշտոնում փոխարինելու ձերբակալված Մարգար Օհանյանին, Նորիկ Սարգսյանը ասաց. - «Ո՞վ կարող է նման բանը հաստատել, ասել` ճիշտ է, թե՞ ճիշտ չէ: Ես դրա մասին կարծիք չեմ կարող հայտնել, մենք զինվորական ծառայողներ ենք, թե ով որտեղ պետք է ծառայի, որոշում է Հայաստանի Հանրապետության ոստիկանության ղեկավարությունը: Եթե կորոշեն, որ ես պետք է ծառայեմ Ամասիայում, պատրաստ եմ գնալ ծառայելու, եթե կորոշեն, որ պետք է ծառայեմ` որպես մեկ այլ բաժնի պետ, ես պարտավոր եմ կատարել հրամանները»:

Ինչ վերաբերում է իր ցանկությանը, ապա Սարգսյանը ասաց. - «Ամեն մարդ ինչ-որ ցանկություններ ունի: Ես չեմ կարող մեկնաբանել այս հարցը, նման խոսակցություն ընդհանրապես չի եղել, ես կխնդրեի նման խոսակցություններ չտարածել, նման բան չկա»:

Ոստիկանության հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչությունից «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեցին, որ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի հրամանով Ճանապարհային ոստիկանության պետ Մարգար Օհանյանը այսօր ազատվել է իր զբաղեցրած պաշտոնից եւ անցել կադրերի ռեզերվ: Միեւնույն ժամանակ ոստիկանության լրատվության վարչությունը հերքում է մամուլում հրապարակված տեղեկությունը, թե աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրել Մարգար Օհանյանի եղբայրը` Նոր Նորքի ոստիկանության պետ Մուշեղ Օհանյանը:

Հիշեցնենք, որ բենզինի յուրացման գործով առաջինը հիշատակվեց Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի նախկին հրամանատար Ստեփան Կարախանյանի անունը, ով եւս ազատվել է աշխատանքից: Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: Հատուկ քննչական ծառայությունը նոր մանրամասներ չի հաղորդում այս գործի վերաբերյալ:

Այսօր կայացած ասուլիսում անդրադառնալով անցած 7 ամիսների վիճակագրությանը` Նորիկ Սարգսյանը ամենամտահոգիչը հետիոտներին վրաերթի ենթարկելու դեպքերի աճը համարեց: Այս տարվա 7 ամիսների ընթացքում 1100-ի ավելի ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել, զոհվել է 150 մարդ` 14 ով ավելի անցած տարվա նույն ժամանակահատվածից, աճել է նաեւ պատահարների թիվը:

«Մի կողմից ԱՊՊԱ համակարգի ներդրումն է որոշակի չափով նպաստել բոլոր պատահարների գրանցմանը, եւ արհեստականորեն աճ է արձանագրվել: Մյուս կողմից` ներմուծվող տրանսպորտային միջոցների քանակը շատ ինտեսիվ աճում է: Միայն 2011 թվականի յոթ ամիսների ընթացքում Հայաստան է ներմուծվել 15 428 տրանսպորտային միջոց», - տեղեկացրեց Սարգսյանը:

Հանրապետությունում օրական միջինում 2000 վարորդ է տուգանվում` ամեն 25-րդը:

Մինչեւ տարեվերջ ճանապարհային ոստիկանները նոր համազգեստ կունենան, իսկ Երեւանի 10 խաչմերուկներում կտեղադրվեն արագաչափ սարքեր եւ խախտումները որսացող տեսախցիկներ: Նոր ուսումնական տարվա մեկնարկի առթիվ վաղվանից կսկսվի անվտանգ երթեւեկության տասնօրյակը, ճանապարհային ոստիկանությունը աշխատելու է հատուկ գրաֆիկով: Չնայած ամեն տարի իրականացվող այս միջոցառմանը` անցած տարի հենց տասնօրյակի ընթացքում երեխաների մասնակցությամբ 6 պատահար էր տեղի ունեցել, 1 երեխա զոհվել էր, 6-ը` վիրավորվել:

Առավոտյան ժամերին ծանրաբեռնվածությունը եւ խցանումները նվազեցնելու նպատակով բուհերում դասերը կսկսվեն 1 ժամ ուշ` 9:30-ին: Վաղվանից կվերականգվի երթեւեկությունը Լենինգրադյան փողոցը Հրազդան մարզադաշտին միացնող Աթենքի փողոցով, որտեղ շինարարական աշխատանքներ էին իրականացնում:
please wait

No media source currently available

0:00 0:04:28 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG