Մատչելիության հղումներ

Վահագն Հարությունյան. «Սերժ Սարգսյանը կորոշի` համոզի՞չ են փաստարկները»


2008 թվականի մարտի 1-ի գործով քննչական խմբի ղեկավար Վահագն Հարությունյանը:

2008 թվականի մարտի 1-ի գործով քննչական խմբի ղեկավար Վահագն Հարությունյանը:

«Մարտի 1-ի գործը չբացահայտելը չի նշանակում, թե չկա բացահայտելու ցանկություն եւ ոչինչ չի արվում բացահայտելու համար»,- չորեքշաբթի օրը հայտարարեց Մարտի 1-ի գործով քննչական խմբի ղեկավար Վահագն Հարությունյանը:

Հարությունյանը այս հայտարարությունն արեց լրագրողների հետ հանդիպմանը` ի պատասխան «Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե արդյո՞ք ժամանակը չէ, որ նախաքննական մարմինը հայտարարի, որ անկարող է բացահայտել Մարտի 1-ի սպանությունները:

Քննչական խմբի ղեկավարը հավելեց, թե նախաքննական մարմինը չունի գործը չբացահայտելու խնդիր. - «Քրեական գործով նախաքննությունը նույնիսկ կասեցվելուց հետո hանցագործության բացահայտմանն ուղղված ինչպես քննչական, այնպես էլ օպերատիվ-հետախուզական գործողությունները չեն դադարում»:

Հարությունյանը տեղեկացրեց, որ երկու օր առաջ Գլխավոր դատախազի ստորագրությամբ գրություններ են ուղարկվել ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավարին, Եվրախորհրդի գլխավոր քարտուղարի Հայաստանում հատուկ ներկայացուցչին, Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի մոնիթորինգի հանձնաժողովի համազեկուցող Պրեսկոտին, Եվրախորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համմարբերգին, Հայաստանում ՄԱԿ-ի մշտական ներկայացուցչին` youtube կայքում տեղադրված մի տեսանյութի փորձաքննությունն արտերկրում կատարելու համար մասնագետներ առաջարկելու խնդրանքով:

Խոսքն այն տեսանյութի մասին է, որտեղ երեւում է, որ ոստիկանները հորիզոնական կրակում են ցուցարարների ուղղությամբ, եւ անհրաժեշտ է պարզել, թե ովքեր են այդ ոստիկանները եւ ինչ զենքերից են կրակում:

Հարցին, թե նախաքննական մարմինը ջանքեր չի՞ գործադրում, որպեսզի փորձաքննության ենթարկվեն այն կադրերը, որոնք փաստում են, որ մարտի 1-ին, նախքան արտակարգ դրություն հայտարարելը, Երեւանի կենտրոնում եղել են բանակայիններ, քննչական խմբի ղեկավարն արձագանքեց, թե դեռ չի տեսել այդ կադրերը:

Այդ կադրերը, հիշեցնենք, բազմիցս հրապարակվել են մամուլում, զետեղվել համացանցում:

Մարտի 1-ի գործով խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողովը ղեկավարած Սամվել Նիկոյանը վերջերս ասել էր` եթե Վահագն Հարությունյանը դիմի, արխիվից կարող է ստանալ այդ կադրերը: Հարությունյանն այսօր ասաց, որ այդ հարցով կդիմի Նիկոյանին:

Իսկ առայժմ մարտի 1-ին բանակի ներգրավվածության հանգամանքն իսպառ բացառելով` քննչական խմբի ղեկավարը տեսական դատողություն հնչեցրեց. - «Տեսականորեն ընդունենք, որ եղել են ասենք թե զինվորներ: Ինչքանո՞վ է դա ներգրավվել, ինչքանո՞վ է որեւէ քաղաքական գործընթացի կամ ներքաղաքական իրավիճակի վրա դա ազդել»:

Այս հարցադրման կապակցությամբ նախկինում Մարտի 1-ի գործով Հանրային հանձնախմբի ղեկավար, ներքին գործերի նախկին նախարար Սուրեն Աբրահամյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, որ 2008 թվականի մարտի 1-ին բանակի միջոցով «տեղի ունեցավ պետական հեղաշրջում` իշխանությունը նորից իրեն վերարտադրեց բանակի միջոցով»:

Աբրահամյանի խոսքով, իշխանությունը բանակի թեմայից հետեւողականորեն խուսափում է, քանի որ խախտել է Սահմանադրությունը. - «Առաջինը, դա Սահմանադրություն կոպիտ խախտում էր արդեն իսկ իշխանության կողմից` եթե ընդունեն այդ հանգամանքը: Եվ երկրորդը, ամբողջ հասարակությունը ոտքի վրա էր, եւ ոստիկանական ուժերը` նույնիսկ ներքին զորքերի ամբողջական մասնակցությամբ, քարտուղարուհիներին էլ հետը հաշվառված, ի զորու չէին կասեցնելու ժողովրդական այդ հուզումը... Միայն բանակով կարող էին այդ իրավիճակը կառավարելի դարձնել»:

Նախաքննական մարմնի կատարած աշխատանքից դժգոհ են նաեւ Մարտի 1-ի զոհերի ընտանիքները, ընդդիմությունը: Հարցին, թե իրեն բավարարում է արդյոք Մարտի 1-ի նախաքննության ներկայիս ընթացքը, քննչական խմբի ղեկավարը պատասխանեց. - «Չի կարող բավարարել, քանի դեռ 10 անձանց մահվան բացահայտումը եւ այլ հանցագործությունների դեպքերի բացահայտումը վերջնական չէ: Բայց դա չի նշանակում, թե քրեական գործի նախաքննությունը կատարվում է թերի, ոչ լիարժեք կամ միակողմանի: Մինչեւ օրս նախաքննության ընթացքում կատարվել են բոլոր հնարավոր դատավարական, օպերատիվ-հետախուզական գործողությունները, որոնք ուղղված են հանգացործության դեպքերի բացահայտմանը»:

Ավելի քան 4 ամիս է անցել այն օրվանից, երբ նախագահի նստավայրում Սերժ Սարգսյանը Հատուկ քննչական ծառայությանը ցուցում տվեց նոր թափ հաղորդել Մարտի 1-ի բացահայտմանը: Ապրիլի 20-ից մինչեւ օրս քննչական խմբի ղեկավարը արդյո՞ք չի հանդիպել Սերժ Սարգսյանին, եւ արդյո՞ք նրա փաստարկները բավարարել են Սերժ Սարգսյանին. «Ազատություն» ռադիոկայանի այս հարցին Վահագն Հարությունյանը պատասխանեց, թե Սերժ Սարգսյանին չի հանդիպել եւ հավելեց. - «Կարծում եմ, Սերժ Սարգսյանը ինքը կորոշի` համոզիչ կամ չհամոզիչ [են փաստարկները]: Առավել եւս` ես մտադրություն չունեմ համոզելու եւ իմ գործողություններին ինքս գնահատական տալու»:

Ուղիղ հեռարձակում

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG